Ապրիլի 12-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության տոնական պատարագը։ Պատարագիչն էր Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր Սուրբը չեխահայությանն ու համայն հայությանը շնորհավորեց Սուրբ Զատիկի տոնի առիթով, մաղթեց առողջություն, խաղաղություն եւ միասնություն։
Պատարագին հնչեց Պոլսո մայր եղանակը, սարկավագի եւ դպրաց դասերը կատարեց Հայկ սրկ.Ութիջյանը, իսկ Սուրբ խորանին ծառայեցին Նարեկ եւ Գարիկ Չարչյանները։
Առաջին անգամ պատարագն անցկացվում էր արտակարգ դրության պայմաններում եւ դռնփակ, բայց առցանց հեռարձակմամբ, որին հետեւեցին բազմաթիվ հայորդիներ։ Պատարագի ձայնագրությունը կարող եք դիտել հետեւյալ հասցեով. https://www.youtube.com/watch?v=U0ZBZnH4U30
Նրանք ովքեր հաղորդություն ստանալու ցանկություն ունեն, կարող են զանգահարել Հայր Բարսեղին եւ պայմանավորվել անհատական հաղորդություն ստանալու օրը եւ ժամը։
Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,
Օրհնյալ է Յարութիւնը Քրիստոսի։
Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս։
ՕՐԵՐ
Լուսանկարները՝ Վ.Բ.