Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Գերագույն դատարանը հաստատեց հայերի նկատմամբ բռնություն հրահրելու դատապարտումը և մերժեց հոլանդաբնակ թուրքի բողոքը վերաքննիչ դատարանի որոշման դեմ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան գոհ է այս դատավճռից

Հաագա, 14 ապրիլի 2020 թ. –  Նիդերլանդների Գերագույն դատարանի 2020 թ. ապրիլի 14-ի որոշմամբ (տես ECLI:NL:HR:2020:638) Առհնեմ/Լեուվարդեն շրջանի վերաքննիչ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 14-ի վճիռը Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ պարոն Աշկինի գործով մնում է անփոփոխ: Ի պատասխան նրա բողոքի, վերաքննիչ դատարանը դատապարտել էր նրան հայերի նկատմամբ բռնություն հրահրելու մեղադրանքով, որը համապատասխանում էր արդեն իսկ Ալմելոյի առաջին ատյանի դատարանի 1917 թ. մարտի 17-ին կայացրած որոշմանը։

Սա նշանակում է, որ տվյալ անձը այժմ վճռականորեն դատապարտվել 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք, որպես այլընտրանքային խափանման միջոց 60 օր կալանք և մեկ ամիս պայմանական բանտ` երկու տարի փորձնական ժամկետով։

Գործի նախապատմություն
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի էր ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Դատապարտյալը ցույցի կազմակերպիչներից մեկն էր և շեղվելով ցույցի նպատակներից սկսում է բեմահարթակից խոսել ղարաբաղյան հակամարտության մասին և վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», որին արձագանքում է մի քանի հազարանոց ամբոխը բազում անգամ կրկնելով այդ լոզունգը։

Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը 2014 թվականին գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Գերագույն դատարան
Վճռաբեկ դատարանում պաշտպանական կողմը փաստարկել է, որ պաշտպանյալն իր հայտարարություններում նկատի չի ունեցել հայերին, որպես ցեղ, այլ ակնարկել է միայն նրանց, ովքեր «գրավել են Լեռնային Ղարաբաղը»: Վերաքննիչ դատարանն այն կարծիքի էր, որ արտահայտություններն ուղղված են եղել բոլոր հայերի դեմ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ ցույցի համատեքստում սա նշանակում է հայերի նկատմամբ բռնություն հրահրել իրենց ցեղային պատկանելիության պատճառով: Գերագույն դատարանը ճիշտ է համարում վերաքննիչ դատարանի այս տեսակետը և հետևաբար նույնպես մերժել է ներկայացված բողոքը:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Գերագույն դատարանի վճիռը, որը, գրեթե 6 տարի անց, կասեցնում է հայերի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հուսով է, որ այսուհետև դատախազությունը զգոն կլինի և սեփական նախաձեռնությամբ ադեկվատ կարձագանքի հայերի նկատմամբ ատելության դրսևորումներին, մասնավորապես Հոլանդիայում բնակվող թուրքերի և ադրբեջանցիների կողմից: