Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այս տարի լրանում է  գեղանկարիչ, գրաֆիկ, գրքային նկարազարդող, քանդակագործ, ճարտարապետ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցի ծննդյան 160 ամյակը: Կապված այս հիշարժան տարելիցի հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս անցկացվելու են մի շարք միջոցառումներ:Այդ հիշարժան առիթով Հայաստանի ազգային պատկերասրահը լույս է ընծայել գիտական ուսումնասիրություն (ռուսերեն լեզվով), որն անդրադառնում է նրա գործունեության բոլոր բնագավառներին:Գիրքը հրատարակվել է Հրանտ Աղասյան հիմնադրամի (Սանկտ Պետերբուրգ) մեկենասությամբ: Այսպիսով՝ Վարդգես Սուրենյանցը հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիրն է, զգալիորեն նպաստել է գրաֆիկայի և գրքարվեստի զարգացմանը:

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։  Մի օր քահանա Սուրենյանցը Այվազովսկու հետ Բախչիսարայ է մեկնում՝ իր հետ վերցնելով փոքրիկ Վարդգեսին: Ճանապարհին փոքրիկը խանական պալատի էսքիզներ էր անում, որոնցում հանրաճանաչ ծովանկարիչ Հովհաննես Այվազովկսին նկատել է մեծ տաղանդի սաղմերը: Հետագայում Սուրենյանցը Բախչիսարայ պատկերող ստեղծագործությունները նվիրում է Հովհ. Այվազովսկուն: Հովհ. Այվազովսկին ուշադրություն է դարձրել Սուրենյանցի նկարած շատրվանին և պալատը պատկերող մատիտե ստեղծագործություններին, գովել նրան ու ներկեր նվիրել: Այս իրադարձությունը դարձել է Սուրենյանց նկարչի ուղու սկիզբը:Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։Սուրենյանցն ստեղծել է հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք, ունի դիմանկարներ և բնանկարները, Սուրենյանցի ստեղծագործության շնորհիվ հայկական արվեստը շփվել է գեղանկարչության եվրոպական հոսանքներին. նա հետևել է պլաստիկական ձևի նորագույն արտահայտություններին՝ չկորցնելով իր ստեղծագործության ազգային նկարագիրը: Ակադեմիական հիմնավոր կրթությամբ, հայկական և համաշխարհային մշակույթների խոր իմացությամբ նա ժամանակի նշանավոր մտավորականներից էր: Սուրենյանից հիմնական սկզբունքն է՝ նկարիչը չպետք է կուրորեն արտատպի այն, ինչ ծնել է բնությունը, այլ պետք է ստեղծի իրենը: Նկարիչն ասել է. «Յուրաքանչյուր նկարիչ իր «արվեստագետ ընկերների» շրջանակում իր դիրքի համար պարտավոր է յուր «ձեռագրին», որը նա պետք է փայփայի»:Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, որտեղ Սուրենյանցը մուտք գործած չլինի։

Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր վարպետ, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարները, դիմանկարները։  Նա ստեղծել է առաջին պատմական բնանկարը՝ «Հռիփսիմե»:

Գարիկ Ավետիսյան