ՀԻշեցում, թե ով է Իլհան Աշկինը
Ազգայնամոլ, հայատյաց Իլհան Աշկինի (Ильхан Ашкын, İlhan Aşkın) մասին բազմիցս ենք գրել: Այս անգամ կրկին անդրադառնում ենք նրան լոկ այն պատճառով, որ նրա մասին բավական նոր հետաքրքիր բացահայտումներ ենք արել: Հիշեցնենք, որ սա այն պարոնն էր, որ 5 տարի առաջ` 2014 թ. հունիսի 1-ին, թուրքական լոբինգի կողմից մարդկանց ստիպողաբար ցույցի բերած Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի բացումն արգելափակելուն միտված հանրահավաքում` թուրք-ազերական ամբոխի հետ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» հայատյաց արտահայտությունը: Այս խոսքերի համար Նիդերլանդների հայկական կազմակերպությունների բողոքից հետո Աշկինը կանգնեց այս երկրի արդարադատության ատյանի առջև: Մինչև օրս պատժը չկրելու տարիների ձգձգումը պայմանավորված է Աշկինի կողմից վճռի բողոքարկման հետ: Առայժմ վերջին որոշումը Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանի նոյեմբերի 14-ի անփոփոխ թողնված վճիռն է, որով նրան պարտավորեցվել է 120 ժամյա հարկադիր աշխատանք, կամ էլ մեկամսյա պայմանական բանտարկություն: Նա իրեն մեղավոր չի ճանաչում և այս վճիռը ևս բողոքարկել է գերագույն դատարան: Սպասենք գերագույն դատարանի արձագանքին, որի վճիռը Աշկինի համար ևս վերջնական համարել չի կարելի, քանի որ նա հայտարարել է, որ գնալու է մինչև մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Դե դա նրա համար հոգ չէ, քանի որ ոչ իր դրամով է վարձել Նիդերլանդների հայտնի փաստաբաններից մեկին: Սա նշանակում է, որ Հաագայի թուրք-ադրբեջանական բարեկամության մշակութային միության կոչեցյալ նախագահը ոչ մի աղերս չունի ժողովուրդներին բարեկամության կոչելուն, ինչ անուն որ կրում է իր կազմակերպությունը: Նա ոչ միայն չի գիտակցում ու զղջում բազմազգ Նիդերլանդներում կատարած իր հանցանքի ծանրությունը, այլ շարունակում է հպարտ աքլորի պես նույն ծուղրուղուն կանչել: Իրոք` կարմիր կովը կաշին չի փոխի: Այսօր Աշկինին կարելի է տեսնել թուրք-ադրբեջանական համայնքի կազմակերպած զանազան միջոցառումներին, սոցցանցերում` հակահայ քարոզչությունը շուրթերին:
Նա ազգայնամոլական դիրքորոշմամբ այնքան է առաջ գնացել, որ հայկական կազմակերպությունները կարող են նրա դեմ նույնիսկ նոր հայցով հանդես գալ: Այս ապաշնորհ, Իլհամ Ալիևի պարգևին արժանացած թշվառ ազգայնամոլ մեղադրյալը, որին սթափվելու են կոչել Նիդերլանդական արդարադատության ատյանները, հոգեբանական բարդույթ ունի ու կարծում է` ինչքան շատ հայհոյի թյուրքալեզու ազգերի քիմքին ոչ հաճո ազգերին ու երկրներին, այնքան ինքը բարձրանալու է Ալլահի աչքին ու «ազգի հերոս» է հռչակվելու:
Փոքրիկ հայացք նրա ֆեյսբուքյան անցած մեկ ամսվա էջին ու ամեն բան պարզ կլինի
Ֆեյսբուքում Ալմելոյի տխրահռչակ հանրահավաքի ֆոնին իր լուսանկարն է տեղադրել ու գրել` «Ղարաբաղը Ադրբեջանինն է» արտահայտությունը: Շարունակությունը մոտավորապես նույն ոճով է` Հայաստանը «կեղծ» պետություն է հիմնված Ադրբեջանի տարածքների վրա: Այս լուսանկարները ժամանակ առ ժամանակ փոխվում են` կապված Ադրբեջանի «սև օրացույցից»` Բաքու, Խոջալու, Շուշիի անկում և այլը:
ՈՒշագրավ է Ալիևի լուսանկարի վերևում դրված նրա մեկնաբանությունը` «Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահին պատմություն է սովորեցնում»: Չբավարարվելով այսքանով, նկատի ունենալով Փաշինյանի խոսքերը, ավելացրել է.«Այս տղամարդու ասածը սուտ է` մեր նախագահ պարոն Իլհամ Ալիևը աշխարհի առջև պատմության դաս տվեց»: Խոսքը վերաբերվում է մյունխենյան հանդիպումներին: Իրականում ով ում դաս տվեց արդեն հայտնի է, Խոջալուի դեպքերի կապակցությամբ Ալիևի ասած սուտն արդեն հայտնի է:
Ավելի գերակշռող է Աշկինի պանթյուրքիզմի գաղափարախոսությանը հարող գրառումներն ու լուսանկարները ադրբեջանական ու թուրքական դրոշներին դրոշմված ոռնացող գայլի պատկերներով, Թուրքիայով, Ադրբեջանով դեպի Միջին Ասիա և Հեռավոր Արևելք սփռած պատկերներով ու դրոշներով: Աշկինը «հիշել» է ալևիններին, Վիլսոնի իրավարար վճիռը, «եղբայրական» Ղազախստանում վթարված ինքնաթիռը, Սարիղամիշում թուրքական զորքի «նահատակներին» , Սիրիայում զոհված թուրք զինվորներին, Արևելյան Թուրքիստանի (Այդպես են անվանում Չինաստանի թուրքալեզու բնակչության տարածքը` ծանոթ.Նիդ. օրագիր) ույգուրների պաշտպանության պայքարը, որի առթիվ վերջերս ցույց է կազմակերպվել ու նա ելույթ է ունեցել: Իմիջիայլոց, այս օրերին էլ զբաղված է Հայաստանի դեսպանատան դիմաց (փետրվարի 26-ին) ու Խոջալուին նվիրված (23-ին) հանրահավաքի կազմակերպմամբ: Խոջալուի ցուցապաստառները տպագրվել ու բերվել են Բաքվից:
Մեկ այլ գրություն վերնագրել է` «Անուններ, որոնք ներխուժեցին թուրքական աշխարհ», ու նշվում է 4 երկրի անուն` Չինաստան, Իրան, Ռուսաստան, Հայաստան, մեկնաբանությունը հետևյալն է. «Այս դավաճանները թուրքի արյուն ունեն: Անշուշտ, մի օր իրենք են խեղդվելու այս արյան մեջ:» Իր ծննդավայր Իգդիր քաղաքի վերաբերյալ մեկ այլ տեսաերիզի վերևում գրել է. « Որոշ խառնածին հայեր պնդում են, որ Իգդիրը Արևմտյան Հայաստանի քաղաք է, այս անպատվավորներին իրականության մեջ ասելու շատ խոսք կա ու թեև դատարանի սուրը գլխիս է (նկատի ունի իր դատական գործը`ծանոթ Նիդ.օրագիր), պնդում եմ, որ սոված հավը երազում ցորենի շտեմարան է տեսնում»:
ՈՒ այս մարդը դատարանում ու հայերի մոտ պնդել է, որ հայերի դեմ ոչինչ չունի...
«Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ»
Նիդերլանդների դատարաններում որքան էլ Աշկինը պնդում էր, որ հայերի նկատմամբ ինքն ատելություն չունի և փորձում էր դատավարությանը քաղաքական երանգ տալ , ապացուցել, որ հայերը օկուպացրել են Լեռնային Ղարաբաղի տարածքը` չստացվեց: Նա այլ բան էր ասում ներքին լսարանին, որի արտացոլումն էր գտնում դատարանի միջանցքներում ու նրանից դուրս հանդիպումներում, թերթերում ու ֆեյսբուքյան էջում: Դրանք պետք չէ փնտրել խոշորացույցով: Եվս մի օրինակ, որ ինքնախոստովանանքի ուժ ունի: Ֆեյսբուքյան իր էջում պատճենահանել է հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի «Արմենպրեսին» հղած իր մասին հոդվածը, դրա կողքին, չգիտես ինչ իրավունքով, տեղադրել է` հավանաբար դատարանների ծանուցագրերով իրեն տրամադրված Մ. Հախվերդյանի և Հայ Դատի նիդերերլանդական կառույցի ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանի ծննդյան թվականն ու վայրը մատնանշող տեղեկություններ ու դրա վերևում գրառել, որ իրեն 5 տարի առաջ դատի տված «երկու խոշոր հայկական կառույցների» ղեկավարները իրանցի հայեր են: Նա այստեղ խոստովանում է, որ իրեն դատի են տվել նրա համար, որ ասել է` գրաված տարածքները հայերի գերեզմանն են լինելու:
Հետաքրքիրը նա է, որ դատարանի մեղադրանք չնդունող թուրք-ադրբեջանցին այս գրառումով լավ էլ հաստատում-խոստովանում է իր մեղքը:
Նույն ստատուսում սրտնեղել է, թե ինչու Հայաստանից դուրս ապրող հայերը կարողանում են ստանձնել հայ համայնքների ղեկավարումը, իսկ իրենց մոտ դա չի աշխատում: եթե Նիդերլանդների ադրբեջանական համայնքի ղեկավարը Հյուսիսային Ադրբեջանից չէ (Նկատի ունի այսօրվա Ադրբեջան պետությունը: Իրանի հյուսիսում գտնվող մարզն անվանում է այս պետության մաս, կամ` Հարավային Ադրբեջան` ծանոթ. Նիդ.օրագրի), ապա աշխատում են նրան մատիտով «ջնջել», ազատվել նրանից: Աշկինի կարծիքով իրենց համայնքների առաջնորդները պասիվ ու անգործունյա են ու չեն համագործակցում միմյանց հետ: Աշկինը շատ նեղված է, որ արդեն 5 տարի է հայերն իրեն «բացահայտել» են ու չի կարողանում ինքնադրսևորվել, ցույց տալ իր թունդ նվիրվածությունը թուրքական աշխարհին, քանի որ կաշկանդված է դատական գործով: Հայկակական կազմակերպությունները ճիշտ ժամանակին փակեցին այս ազգայնամոլի բերանը, դա համընկավ նրան, որ նա նոր պարգևի էր ներկայացվել Ադրբեջանի նախագահին, ու Ադրբաջանի դեսպանն էլ հետ էր կանչվել Բաքու:
Իլհան Աշկինին «բացահայտած» հայերը` թուրքական մամուլում |
«Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ» ընկերության նախագահ, Xudafərin էլ. կայքի գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեն
Էլման Մուստաֆազադեն` ի տարբերություն Աշկինի, Եվրոպա է եկել Ադրբեջանից: Իր կայքում ինքն է գրել իր մասին: Ծնվել է 1957-ին Աղջաբադի շրջանի Հինդարքս գյուղում: Ավարտել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի մշակութային կրթության ֆակուլտետը: Դասախոսել է տեխնիկումներից մեկում, եղել է մշակույթի տան տնօրեն, մինչ 1990թ, իբր երեք ամսով ղեկավարել է կամավորական զինված ջոկատ, որից հետո ի նշան Ադրբեջանում կոմունիստական ռեժիմի դեմ բողոքի ժամանակավոր ապաստարանի իրավունք է ստացել Լեհաստանում: Այստեղ հիմնել է «Ադրբեջանի հասարակություն», այնուհետև եղել է «Լեհաստանում Ադրբեջանի բարեկամներ» կազմակերպությունների համահիմնադիրն ու նախագահը, զբաղվել է բիզնեսով, 1994-ին հիմնել «Խուդաֆերին» ամսագիրը: 2000թ բնակություն է հաստատում Նիդերլանդներում, թուրք պրոֆեսոր Իրֆան Մուրադ Յըլդըրըմի օգնությամբ հիմնադրում են «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ» ընկերությունը, նրա նախագահն է և Xudafərin էլ. կայքի գլխավոր խմբագիրը:Մուստաֆազադեն` ի տարբերություն Աշկինի ոչ այնքան «երդվյալ» ազգայնամոլ է, որքան հայերի հաջողություններից մտահոգ ադրբեջանական «պատրիոտ»: Նա ավելի շատ ձգտում է, որ տարբեր ասպարեզներում ադրբեջանցիները հետ չմնան հայերից: Թերարժեքությունից երբեմն նրա մոտ առկայծում է նախանձը, երբ բախվում է հայերի գործարար ու մտավոր կարողություններին առնչվող երևույթների: Օրինակ, հարց է տալիս. «ի՞նչ նպատակով են պահվում ադրբեջանական բանակի համար ձեռք բերված թանկարժեք զենքերն ու ժամանակակից ռազմական տեխնիկան»:
Նա այս հարցը առաջ է քաշել այն բանի համար, որ մամուլում կարդացել է, թե ինչպես Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում Հայերի կողմից ծաղիկներից պատրաստված բարձրորակ կոսմետիկ արտադրանքը, հավաստագիր է ստացել Եվրամիության Բրատիսլավայի (Սլովակիա) Եվրոֆինսի Բելինովանանի լաբորատորիայում :
Վերադառնանք թեմային: Այսպես. Մուստաֆազադեն իր կայքում «Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ» վերնագրով`ընդարձակ, երեք մասանոց հոդվածաշար է գրել, որտեղ փորձել է հայկական սփյուռքի հաջողությունների ֆոնին վերլուծել ադրբեջանական սփյուռքի անհաջողությունները: Բացահայտել է Եվրոպայում կյանք ու շունչ ստացած թուրքական ու ադրբեջանական արհեստածին կազմակերպությունների հովանավորներին, կոռուպցիոն կապերին` հայտնի դարձնելով ադրբեջանական սփյուռքի ներկա թշվառ իրավիճակը: Հիմնական քննադատության սլաքն ուղղել է Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովին, ով իր առաքելությունը կառուցել է կառավարության ֆինանսական աջակցության մասին կեղծ տեղեկություններ տարածելով:
«Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ»
Հիշյալ վերնագրով հոդվածն սկսում է նրանով, որ բազմաթիվ օտարազգիներ կանգնած են Հայաստանի թիկունքին: Օրինակ է բերում, որ 2016-ին հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն 65,000 դոլար է նվիրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին: Նրա խոսքերով ամեն տարի նույն բանն է շարունակվում` օտարազգի ու հայ գործարարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հայտնի աստղեր Հոլիվուդում, Նյու Յորքում , Երևանում և ողջ աշխարհում դրամահավաքներ են կազմակերպում: Յուրաքանչյուր այդպիսի միջոցառում 3-4 միլիոն դոլար է բերում, այն օգուտ է Հայաստանի բյուջեին: Այս գումարով հայ երեխաները կրթություն են ստանում աշխարհի լավագույն կրթական կենտրոններում և ամեն ինչ անում են, որպեսզի արագացնեն «Մեծ Հայաստան» ստեղծելու նախագիծը:
Թեև հայերը գրավել են իրենց հողերը ու Խոջալույում ցեղասպանություն իրականացրել` այնուամենայնիվ կարողանում են աշխարհին զուսպ ու խաղաղ երևալ:
Մուստավզադեն խոստովանում է, որ իրենք հակառակ պատկերն ունեն: Ադրբեջանի պետական բյուջեն միլիոնավոր դոլարներ է հատկացնում սփյուռքին վերաբերվող տարբեր հանձնաժողովների և կազմակերպությունների ֆինանսավորման համար: Մուստաֆազադեն, ով Լեհաստանում և Հոլանդիայում զբաղվել է նաև բիզնես գործունեությամբ, բացահայտել է ու գիտի, որ այս համայնքների ու կազմակերպությունների ծագումը անհայտ է, սրանք մտահոգված են իրենց սեփական բիզնեսի ստեղծմամբ ՝ ոչնչացնելով ու խժռելով Ադրբեջանից ստացված խոշոր գումարները:
Մուստավազադեն մտահոգված է. «Պարզ է ինչի վրա են ծախսվում այս գումարները, երբ 2000 թվականից ի վեր Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի պետական կոմիտեի կազմավորումից ի վեր Եվրոպայում Ղարաբաղի թեմայով մինչ օրս ոչ մի գիտաժողով չի կազմակերպվել»: Այդպիսով Եվրոպայում բնակվող կես մլն ավելի ադրբեջանցիները չդարձան իրական սփյուռք, եզրակացնում է նա ու ավելացնում.
«Երկար տարիներ ադրբեջանական Սփյուռքի Կոմիտեն համագործակցում է արտասահմանում այս անվան տակ գործող կառույցների հետ: Խարդախները օգտվում են մեր ազգային ողբերգություններից ու միջոցառումներ կազմակերպելու անվան տակ փողեր լվանում: Ադրբեջանի պետական բյուջեից հատկացված միջոցներն աննպատակ մսխվել են սփյուռքում ադրբեջանական կառույցներ «ստեղծած» գործարարների կողմից, իսկ կոռումպացված կառավարությանն էլ դրանց բացահայտման համար հարմար չէ ստեղծել հետաքննող հանձնաժողով, քանի որ դրսի կառույցները սպասարկում են հենց իրենց շահերը:
Այնուհետև Մուստաֆազադեն իր հոդվածի 2-րդ մասում խոսում է արտագաղթածների տեսակետների առանձնահատկությունների մասին, գտնում է, որ բավական օգտակար կարող է լինել թուրքական սփյուռքի փորձը: Հատուկ նշում է «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ» ընկերության հիմնադիրներից մեկի ՝ պրոֆեսոր Իրֆան Մուրադ Յըլդըրըմի անունը, որի անշահախնդիր ծառայությունը, նրա կարծիքով, Եվրոպայում երբեք չպետք է մոռացվի:
Հոդվածագրի եզրահանգմամբ` Ադրբեջանի Եվրոպայում ուժեղ սփյուռք ունենալու գաղափարը չի իրականանում կոռուպցիայի, երիտասարդ չինովնիկների անփորձության և սփյուռքում գործող որոշ խարդախների պատճառով: Երբեմն` գրում է Մուստաֆզադեն, մենք բախվում ենք մեր վտանգավոր հայրենակիցներին, ինչպիսիք Իգդիրից ադրբեջանցի մի խարդախ խաբեբա է...
Մուստաֆազադեն նկատի ունի մեզ արդեն քաջ հայտնի «Թուրք-ադրբեջանական մշակութային» միության նախագահ Իլհան Աշկինին: Նրա մութ գործերի բացահայտումով Մուստաֆազադեն հանդես է եկել «Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ» է հոդվածի 3-րդ մասում, որն ունի «Ադրբեջանի և Թուրքիայի սփյուռքը Նիդերլանդներում» ենթավերնագիրը:
Աշկինը Մուստաֆազադեի քննադատության նշանառության տակ
Պարզվում է, որ ամբաստանյալ ազգայնամոլ Իլհան Աշկինի գործունեությունից բավական դժգոհ է Նիդերլանդներում գործող «Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ» կազմակերպությունը` հանձինս նախագահ Էլման Մուստաֆազադեի: Նա «Xudafərin»-ում Ադրբեջանի սփյուռքի հարցերով կոմիտեին քննադատելուց հետո նշանառությունն ուղղում է մեզ արդեն հայտնի տխրահռչակ Աշկինին:
Իր կայքից բացի, նաև հունվարի 31-ին իր մահկանացուն կնքած «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության բավական հայտնի լրագրող Միրզա Խազարի անձնական կայքում ևս նա մերկացնում է ադրբեջանական սփյուռքի աշկինյան գործունեությունը:
Մուստաֆազադեն 2000թվականից բնակվելով Հոլանդիայում, ըստերևույթին շատ լավ է ճանաչում Աշկինին, այլապես նման խոհանոցային մանրամասներ չէր հրամցնի իր ընթերցողին` «Թեյարան, վարսավիրանոց, թե՞ թուրք-ադրբեջանական մշակութային միություն», հռետորական այսպիսի հարցով է սկսում նա հոդվածը, ապա շարունակում, որ Եվրոպայում երկար տարիներ (30) արժանապատիվ գոյատևող այս կառույցն արդեն 10 տարուց ավելի գտնվում է ոչ երանելի, ազգայնամոլ Աշկինի ղեկավարության ներքո, ով «հետևողականորեն վերահսկում և ոչնչացնում է» այն:
Եվրոպայում նրան ասում են «աչքածակ», «շահամոլ» Իլհան ("Paragoz İlhan"), լավ թեյ, սուրճ պատրաստողի ու փող հավաքողի, «համբավ» ունի, նույնիսկ շատերը գիտեն, որ նա գնչու է :
Աշկինը (Լուսանկարը`Միրզա Խազարի կայքից) |
Ցեղասպանության զոհերին նվիրված հայկական հուշհամալիրներն ու Խոջալուի հուշաքարը
Հայտնի է, որ Աշկինը Հաագայի գերեզմանոցներից մեկում, Խոջալուին նվիրված մի հուշաքար է տեղադրել: Երբ լրանում է Խոջալուի մարտերի տարելիցը, նա օր ու գիշեր, փութաջանորեն իր հայրենակիցներին աղերսում, խնդրում, համոզում է, որ այդ օրը` անկախ եղանակից, քամուց ու փոթորիկից, ներկա լինեն ու հարգեն «նահատակների» հիշատակը: Ճիշտն ասած մեզ անհասկանալի է քարին նկարված պատկերը` կինը երկու ձեռքով, ասես ծանրամարտիկը, երեխային հանել է գլխից վեր ու կարծես` տպավորություն է ուզում է վար նետել ...
Դրա իմաստը չի հասկանում նաև Մուստաֆազադեն: Ահա այս հուշաքարի մասին ինչ է գրել նա. «Երբ խոսքը Խոջալուի հուշաքարին է վերաբերվում, ըստ էության, այն ուղիղ համեմատական է մեր սփյուռքի ողբալի վիճակին: Գերեզմանոցում Իլհան Աշկինը թողել է փորագրած փոքրիկ գլուխ ՝ « Խոջալույում մահացածների հիշատակին» մակագրությամբ»: Մուստաֆազադեն փորձում է հասկանալ` «Արդյո՞ք այդ մարդիկ մահացել են, միգուցե՞ սպանվել են, թե` ի վերջո ձիուց են ընկել ու մահացել: Ինչո՞ւ են խուսափել Խոջալուի ցեղասպանություն արտահայտությունից...»: Ո՞ւմ են ծառայում այդ մարդիկ, գուցե հայերին` հարց է տվել նա ու շարունակել: Այո, Հազարավոր մարդիկ են ներգրավվել, 100.000-ից ավել Եվրո է հավաքվել` մինչ «Խոջալուի հուշարձան» կոչվածի վրա այսքան փոքր գլուխ է նկարվել` հեգնում է Մուստաֆազադեն ու շարունակում, մինչդեռ այսօր հայերը Նիդերլանդներում ունեն Հայոց Ցեղասպանության 3-րդ հուշհամալիրը: Որպես համոզիչ օրինակ «Խուդաֆերինի» իր կայքում նա Ալմելոյի հուշհամալիրի 2 խոսուն լուսանկարների կողքին տեղադրել է Խոջալուին նվիրված խղճուկ շիրմաքարի պատկերը ու մեզ համար նոր բացահայտում անում:
Մի քանի անգամ թուրք-ադրբաջանական մշակութային միության շենքի կոտրած ապակիները` եթե ոչ Աշկինի, ապա նրա նախաձեռնությամբ արված քայլ է: Աշկինը ներքին լսարանին դա հրամցնում է «հայերի ձեռքի գործ»: Նոր ապակիների տեղադրումը, որ Նիդերլանդներում շատ հաճախ հոգում են ապահովագրական ընկերությունները, Աշկինի համար այն վերածվում է «հայրենասիրական» դրամահավաք ակցիայի` Ադրբեջանի, Թուրքիայի և աշխարհի շատ երկրներում բնակվող ադրբեջանցիներից: Մի քանի տարի առաջ էլ նույն բանի համար Ադրբեջանի կառավարության սփյուռքի կոմիտեն է 30,000 եվրո փոխանցել՝ միության մեկ սենյականոց գրասենյակը վերանորոգելու համար:
Հոդվածագրի կարծիքով, եթե հետաքննություն վարվի ապա կբացահայտվի Իլհան Աշկինի դավաճանություններն ու բազմաթիվ հանցագործությունները:
Նրա պնդմամբ` «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» Աշկինի վիրավորական արտահայտության ողջ դատական ծախսերը փակվում է դրամահավաքությամբ:
Մուստաֆազադեն մինչ իր հոդվածին «շարունակելի» գրիֆը դնելը, գրել է. « Այս անպատկառ մարդն ամոթ չունի, գումարներ է հավաքում մեր հայրենակիցներից ու բիզնեսմեններից և շարունակ լուսանկարվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և որոշ պատգամավորների հետ»:
Կոռուպցիոն կասկածելի կապեր Հաագայի քաղաքապետարանի չինովնիկի հետ
Երբ հայկական կազմակերպությունները փակեցին ազգայնամոլ Աշկինի բերանը` սա վերջին մոհիկանի պես, իրեն ազգի հալածված փրկիչ համարեց: Էլ ավելի ցավոտ ընդունեց իր հայրենակցի` «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ» ընկերության նախագահ, «Խուդաֆերինի» գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեի ծայրից-ծայր մերկացնող հոդվածը, որտեղ ագայնամոլի պիտակին ավելացվեց խարդախի, դավաճանի ու դրամաշորթի որակավորումները: Աշկինը, որքան էլ պնդի, որ հանուն իր լավ գործերի են խփում թիկունքին, այնուհանդերձ նրա դեմ եղած փաստերն այլ տեղերից էլ են հորդում:
Այս օրերին Նիդերլանդական մամուլը ողողված է Հագգայի` արդեն նախկին ավագանի, հոլանդացի-մարոկկացի քաղաքական գործիչ Ռաշիդ Գերնաուին (Rachid Guernaoui, 1972) առնչվող կոռուպցիոն գործարքների մասին պատմող նյութերով(հղումն`այստեղ),
որտեղ ներգրաված է նաև Աշկինի թուրք-ադրբեջանական մշակութային միության անունը: Քաղաքապետարանը Ռաշիդ Գերնաուի ակտիվ միջամտությամբ վերջին սուբսիդավորումը` 9000Եվրոն փոխանցել է Աշկինի կազմակերպությանը` Նովրուզի տոնը թուրք մենեջեր ունեցող օպերայի շենքում կազմակերպելու համար, պայմանով, որ շենքի վարձակալության, ուտելիքի ու երաժշտության համար վճարվի 6000-ը : Մարոկացի քաղաքական գործիչն արդարանում է, որ ամեն բան օրենքով է արել, մասնավորապես դատախազությանն է ներկայացրել քաղաքապետարանի հուշագիրը, որտեղ թուրք-ադրբեջանական ընկերությունը դիտվում է որպես «Հաագայում ադրբեջանցիների շրջանում լայն աջակցություն վայելող ակտիվ հասարակական կազմակերպություն»: Ըստ հուշագրի, ընկերությունը պարբերաբար նախագծեր է իրականացրել լեզվի ուսուցման, հարևանության, ազատականացման, ԼԳԲՏԻ համայնքի, մշակութային ծրագրերի բազմազանության ոլորտներում: Աշկինի կազմակերպությունը նման դրամաշնորհների է արժանանում սկսած 2012 թվականից: Այս անգամ, դատախազությունը հեռախոսային խոսակցությունների ապացույցներով հաստատակամ է, որ գործ ունի կոռուպցիայի հետ: Հեռախոսային զրույցների լսումներից Մզկիթի տնօրեն Դորտ Մասումլարը (Dort Masumlar) և օպերայի մենեջեր Էրդինք Աքիոլը (Erdinç Akyol) Ռաշիդ Գերնաուին համարել են «քաղաքապետարանի իրենց մարդը»:
Այնպես որ տեսանելի փաստերը Աշկինի ու նրան օժանդակողների մասին օր օրի ավելանում են ... Գորշ ամպեր են կուտակվում գորշ գայլերի գլխավերևում:
Փաստերը հավաքեց, կազմեց` Hay Azian-ը
Շնորհակալություն ենք հայտնում Խաչիկ Կիւրեղեան Պալըքճեանին թուրքերենից ու ադրբեջաներենից թարգմանած առանձին պարբերությունների համար:
Աղբյուր՝ «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»