Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր անժամանակ կյանքից հեռացել է Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) հիմնադրամի նախագահ, երախտավոր հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ․ հուլիսի 30-ին։ 1978-ին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ 1975թ․ թվականից ի վեր ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում էր հայկական հուշարձանները ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Նա ուսումնասիրել է ոչ միայն Հայաստանի տարածքի, այլ նաև արտերկրում գտնվող հայկական հուշարձանները: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմություն հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ:

Հայտնի հուշարձանագետն իր աշխատություններում առանձնակի տեղ է հատկացրել Արցախին վերաբերող ուսումնասիրություններին՝ «Հյուսիսային Արցախ», «Արցախի կամուրջները» «Դադիվանքի վերանորոգումը, 1997-2011 թվականներ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Մռավականք» գրքերը և այլ աշխատություններ։

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում: Վերջին հրաժեշտը` մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):