Փետրվարի 25-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տ.Սեյրանյանը հանդիպում է ունեցել տնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Յուլիա Սոկոլովսկայի հետ։
Կողմերը երկուստեք կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը և նախանշել դրա համար անհրաժեշտ քայլերը։ Զրուցակիցները համաձայնել են, որ հանձնաժողովի գործունեության վերականգնումը թույլ կտա հաղթահարել առկա խնդիրները, բացահայտել տնտեսական մեծ ներուժը և ճանապարհ հարթել երկրների գործարար հանրությունների հետագա համագործակցության համար։
Նախարարը և դեսպանը փաստել են, որ ներկայիս՝ 173 մլն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառությունը լիարժեք չի արտացոլում կողմերի ունեցած տնտեսական հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կարևորվել են Ուկրաինայի մեծաթիվ հայ համայնքի դերակատարումն ու ներուժն այս բնագավառում։
Հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել 2013 թվականին Կիևում։
orer.eu