Լույս է տեսել Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» ականատեսի վկայություններ գիրքը: Սա 1915թ. Հայոց եղեռնի ութսունամյա վերապրողի հուշերն են,որոնց նա ականատես է եղել 13 տարեկան հասակում:
Հեղինակը գրող չէ, սա նրա առաջին ու միակ գիրքն է: Օժտված լինելով պատմելու բնատուր շնորհով, նա հուզիչ անկեղծությամբ է գրում իր ընտանիքի, հարևանների, բիթլիսցիների ողբերգական ճակատագրի մասին: Հուշերն առանձնահատուկ են պայքարի ոգին բռնած երեք երիտասարդ կանանց ու երկու պատանիների կերպարներով, ովքեր անօրինակ անձնազոհությամբ վրեժխնդիր են լինում եղեռնագործներից:
Հեղինակը գրում է նաև այն թուրքերի մասին,ովքեր վտանգելով սեփական կյանքը,փրկում էին հայերին՝թաքցնելով նրանց իրենց տներում: Գրքում ամբողջովին պահպանվել են վերապրողի յուրահատուկ ոճն ու լեզուն, մասնակի խմբագրումները վերաբերում են որոշ հերոսների անուններն և տեղ-տեղ հանդիպող կրկնություններին:
Գրքի խմբագիրն հեղինակի դուստրն է՝ Ջուլիետա Ղազարյանը: Այն դեռևս թարգմանվել է ռուսերեն լեզվով: Թարգմանիչը Լաուրա Ղազարյանն է:Ռուսերեն հրատարակության խմբագիրն է Իրինա Կարումյանը:Գրքի մասին զրուցեցինք հեղինակի դուստր ու խմբագիր Ջուլիետա Ղազարյանի հետ:
Նա պատմում էր .<<Հայրս այս գիրքը գրել է ողջ կյանքի ընթացքում, գրել է ոչ թե իր ցավը թղթին հանձնելով, այլ պատմելով զավակներին, հետո՝թոռներին, հետո նաև ծոռներին այն ողբերգական իրադարձությունների մասին, որոնց ականտեսն ու մասնակիցն էր ինքը: Պատմել է արցունքն աչքերին, բայց ո՛չ չարացած աշխարհի դեմ:
Գրել էր ութսունը բոլորելուց հետո, երբ այլևս անկարող էր դիմանալ հոգու խորքում կուտակված ցավին: >> Նա պատմեց այն մասին, թե ինչպես տասնհինգամյա Միհրանին Դիլիջանի մանկատնից որդեգրեց Շուշան Ասլանյանն, ում ամբողջ ընտանիքին՝ծնողներին, եղբայրներին, ամուսնուն ու երեխաներին թուրքերը գազանաբար սպանեցին 1915թ. ապրիլին:Այնուհետև նա մի քանի հետաքրքիր դրվագներ պատմեց նաև նրա հետագա գործունեությունից: Վերջում նա նշեց, որ չի ցանկանում խոսել հոր հուշերի մասին:
Այն թողնում է ընթերցողի դատին:Եվ ահա ս.թ փետրվարի 25-ին, երբ համայն հայությունը նշում է իր երախտավորներից Զորավար Անդրանիկի ծննդյան հոբելյանը, 155 ամյակը, մշակութասեր ու ընթերցասեր հասարակության կողմից սիրված գրքօջախներից մեկում՝Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ,որը նվիրված էր Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» ականատեսի վկայություններ գրքի շնորհանդեսին:
Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝պատմաբաններ, գրականագետներ, գրողներ, արվեստագետներ, մանկավարժներ՝մասնակցելու այս յուրահատուկ աշխատության շնորհանդեսին: Ցերեկույթն ըստ ավանդույթի վարում ու գրքից հետաքրքիր դրվագներ, ինչպես նաև այս հերոսական ու պատմական քաղաքի մասին ակնարկներ ընթերցեց դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանը:
Պահանջատիրական ու հետաքրքիր ելույթներով հանդես եկան գրադարանի տնօրեն մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, գրքի ռուսերեն հրատարակության խմբագիր Իրինա Կարումյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը (իր ելույթում նշեց գրքի վերաբերյալ երկու կարևոր հանգամանք: 1-ին հանգամանքն այն է, որ այստեղ առկա է վրեժխնդրության ու պահանջատիրության թեման:
2-րդ, որ վրիժառուների ղեկավարը մասնագիտությամբ բժիշկ Գևորգի կինը՝ Շուշանն, է, ով կերպարանափոխված տղամարդու տեսքով պայքարեց թուրք յաթաղանի դիմաց ), օրվա բանախոս Սամսոն Հարությունյանն, ընթերցող, մասնագիտությամբ ինժեներ Ռիտա Հարությունյանը, ԵՊՀ դասախոսներից Գուրգեն Հովհաննիսյանը,նշելով գրքի կառուցվածքի մասին, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, Գրականության և Ժողովրդական արվեստի համալսարանի մշակույթի ռուսական ֆակուլտետի դեկան Նինա Հայրապետյանը համեմատականներ անցկացնելով համաշխարհային ու հայ գրականության ցեղասպանության մասին գրականությունից:
Արևմտահայ գրող ու ցեղասպանության զոհերից Դանիել Վարուժանի ստեղծագործություններից ասմունքով հանդես եկավ ասմունքող Աիդա Ասատուրյանը: Հանդիսատեսն ու բանախոսները գրքի հրատարակիչներին առաջարկեցին այն թարգմանել նաև այլ օտար լեզունեորվ, մասնավորապես՝թուրքերենով,որպեսզի համայն աշխարհին ապացուցեն նախորդ դարասկզբի ոճրագործությունը:
Ցերեկույթի վերջում կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ գրքի խմբագիր Ջուլիետա Ղազարյանը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Իսահակյանի անվան գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի