Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ։ Այսօր երկու նախարարները Երեւանում պաշտոնապես բացեցին Սլովակիայի դեսպանությունը։ 

Ողջունելով Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց․ «Շատ ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Երևանում: Անցած տարվա ընթացքում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները շատ ինտենսիվ երկխոսություն ունեցան, և շատ առիթներ ունեցանք հանդիպելու և քննարկելու մեր ընդհանուր օրակարգի բազմաթիվ հարցեր՝ տարբեր ձևաչափերով և տարբեր հարթակներում: Համատեղ աշխատելու բազմաթիվ ծրագրեր ունենք: Այս այցի ընթացքում մասնակից ենք լինելու շատ լավ և կարևոր միջոցառման՝ Հայաստանում Սլովակիայի նստավայր դեսպանության բացմանը: Ձեր այս այցն իրավամբ պատեհ առիթ է՝ միասին ուղենշելու մեր միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև ուրվագծելու այդ հարաբերությունների ընդլայնման ճանապարհները յուրաքանչյուր հարթությունում՝ քաղաքական, տնտեսական, առևտրի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում»:

ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին հայ-սլովակյան հարաբերությունների բազմաշերտ օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերը փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում երկխոսության դինամիկայի պահպանումը, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Ուղենշվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլանյման և հարստացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ 

Երկկողմ տնտեսական համագործակցության համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն ընդգծեցին փոխադարձ հանձնառությունը՝ գործնական միջոցառումներ ձեռնարկել լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա և դեռևս չիրացված ներուժը, այդ թվում անմիջական դերակատարներին համապատասխան հնարավորությունների ընձեռման միջոցով: Կարևորվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսություն և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը և խորացումը։

Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային կառույցներում արդյունավետ համագործակցության շուրջ։ Այդ համատեքստում շեշտվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընդհանուր օրակարգի շուրջ փոխգործակցության դինամիկայի պահպանումը և զարգացումը՝ մասնավորապես, ցեղասպանության կանխարգելման, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի ուղղությամբ։

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն հանգամանալից քննարկեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցերը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության չափազանց կարևոր հարթակի առանցքային նշանակությունը։ Երկուստեք կարևորվեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես ժողովուրդների միջև շփումները խթանող կարևոր հանգրվան։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: 

Այցի օրն՝ առավոտյան, Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը մեր երկիր՝ ՀՀ վարչապետը կարևորել է փետրվարի 24-ին Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը, որը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում։ Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերն է, և Հայաստանը կարևորում է և՛ ԵՄ կառույցների, և՛ ԵՄ անդամ-երկրների օժանդակությունն այդ գործընթացում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է հղել Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ Սլովակիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը ողջունել է Հայաստանի հավակնոտ ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Սլովակիան պատրաստ է կիսվել ռեֆորմների գործընթացում իր կուտակած փորձով: Նա ընդգծել է, որ որպես ԵՄ անդամ-երկիր՝ Սլովակիան պատրաստ է աջակցել Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման  գործընթացում: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման համատեքստում Մ. Լայչակը հեռանկարային է համարել ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը ու նաև բարձր գնահատել միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև փոխգործակցությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ Սլովակիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Վարչապետն օգտակար է համարել բարեփոխումների գործընթացում Սլովակիայի փորձի ուսումնասիրությունը՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է գործընկերների հետ փորձի փոխանակումը:

Նիկոլ Փաշինյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում վերջին զարգացումներին: