Ռուսաստանում գործող հայկական անսամբլը միջազգային մրցույթներում բազմաթիվ հաղթանակներ է գրանցել
«Արատտա» պարային անսամբլը Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված և հաջողության հասած խումբ է, որն իր գործունեության հիմքում դրել է հայրենիքի սահմաններից դուրս ապրող հայերին հայ պահելու գաղափարը:
Անսամբլը ստեղծվել է 2014 թվականին Գևորգ Քեշիշյանի կողմից, ով 35 տարի շարունակ պարը դարձրել է իր ուղեկիցը:
Գևորգ Քեշիշյանը պարել է մի շարք հայտնի պարուսույցների խմբերում և հանդես եկել տարբեր միջազգային մրցույթներում:
Պարուսույցներից մեկն էլ եղել է Վանուշ Խանամիրյանը՝ ում անունով էլ հետագայում Քեշիշյանն անվանել է իր անսամբլը՝ «Վանուշ Խանամիրյանի անվան «Արատտա» պարային անսամբլ»:
2014 թվականին գտնվելով ՌԴ-ում Գևորգ Քեշիշյանը 6 հոգանոց խումբ է ստեղծում և սկսում իր գործունեությունը՝ դառնալով խմբի գեղարվեստական ղեկավարը, գլխավոր պարուսույցն ու բեմադրողը: Հիմնադրումից հետո՝ մեկ տարի շարունակ անսամբլն այս կազմով է գործել:
Ստեղծումից ի վեր անսամբլը հանդես է եկել մի շարք միջազգային մրցույթներում և արդեն 6 անգամ արժանացել է Գրան պրիի, մեկ անգամ դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 1-ին տեղի մրցանակների արժանացել։
Առաջին մրցանակին անսամբլն արժանացել է ստեղծումից 3 ամիս անց՝ Հայաստանում մասնակցելով «Happy Planet» միջազգային մրցույթին: Հենց այս հաղթանակից հետո էլ «Արատտան» սկսում է իր հաղթարշավը:
Արդեն 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցելով միջազգային Super Star մրցույթին գրավում են առաջին տեղը և ստանում «Լավագույն բեմադրություն» նոմինացիան: 2016-ին Մոսկվայում «Արտիստիկ պարեր» միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող Եվրոպայի առաջնությանը ցուցադրելով երկու ներկայացում՝ «Արատտան» դառնում է կրկնակի չեմպիոն:
«Մեզ համար երբեք ինքնանպատակ չէ մրցույթներին մասնակցելը և գոյություն չունի այն խոսքը, որ կարևորը մասնակցությունն է։ Այո՛, մասնակցությունը կարևոր է, բայց հաղթանակն ավելի ենք կարևորում»,-ասում է անսամբլի հիմնադիրը։
Գործունեության 6 տարվա ընթացքում «Արատտան» ունեցել է 3 մենահամերգ, որից մեկը անսամբլի գործունեության 5 ամյակին նվիրված՝ « Ինձ բացակա չդնեք» խորագիրը կրող մենահամերգն է եղել: Այն կայացել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին և նվիրված է եղել Արցախյան ազատամարտի հերոսների,կրել է բարեգործական բնույթ։
Անսամբլի մենահամաերգներից մեկն էլ նվիրվել է Վանուշ Խանամիրյանի 90 ամյակին։
«Արատտայի» գործունեության 6 տարվա ընթացքում Գևորգ Քեշիշյանը նշում է, որ մեծ կարևորություն է տրվել բարեգործական համերգներին և անսամբլի տարբեր խմբեր միշտ մասնակցություն են ունեցել նման համերգներին:
«Որպես սկզբունք ենք որդեգրել՝ անպայման մասնակցելը բարեգործական համերգներին, և դա առաջին հերթին իմ հոգու հանգստության համար է։ Այս կյանքում ոչ մեկն ապահովագրված չի վատ բաներից ու եթե օգնություն է պետք, եթե մարդիկ դիմել են և եթե հնարավորություն ունես՝ ինչի՞ չօգնես»,-ասում է Գևորգ Քեշիշյանը հավելելով, որ նման համերգներ նախատեսում են ունենալ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ առաջիկա տարում ՝ Հայաստանում։
Անսամբլն այսօր Մոսկվայում և մերձմոսկովյան քաղաքներում ունի մոտ 10 մասնաճյուղ, որտեղ սովորում են 150 աշակերտ: Անսամբլի պարուսույցներն են Գևորգ Քեշիշյանը, Մանե Սաֆարյանը և Աննա Միրզոյանը։ Եվ քանի որ նոր խմբեր ստեղծելու հրավերներ ունեն Ռոստով և Վորոնեժ քաղաքներից՝ պատրաստվում են համալրել պարուսույցների խումբը:
«Արատտան» առաջիկա տարում պատրաստվում է հագեցած գործունեություն ծավալել:
Անսամբլը մարտին պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանն ու Մոսկվայու կայանալիք «Լավագույներից լավագույնը» միջազգային մրցույթին: Մայիս ամսին նախատեսվում է նաև անսամբլի 4-րդ մենահամերգը:
Ապրիլին էլ անսամլը կներկայացնի «Հայոց ցեղասպանություն» պարի տեսահոլովակը, որը կնվիրի ցեղասպանության 105 ամյակին:
Կնկարահանվի նաև անսամբլի գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ: