Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Փետրվարի 1-3-ը Չեխիայում եւ Բալկանյան 4 երկրներում՝ Սերբիայում, Սլովենիայում, Չեռնոգորիայում եւ Խորվաթիայում  Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային այցով գտնվում էր Խորվաթիայի Հանրապետությունում։

Փետրվարի 2-3-ին Դուբրովնիկի քաղաքապետի հրավերով Խորվաթիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը  /նստավայրը՝ Պրահա/,  մասնակցեց Դուբրովնիկ քաղաքի տոնին՝ Սուրբ Վլախի (Սուրբ Բլասիուսի) փառատոնին/the Festivity of Saint Blaise (Festa Svetog Vlaha), որի բացմանը ներկա էր Խորվաթիայի գրեթե ողջ քաղաքական, մշակութային և եկեղեցական էլիտան: Այս մասին տեղեկանում ենք Չեխիայում Հայաստանի դեսպանությունից։ 
Սուրբ Բլասիուսը (Վլասիուսը, Վլախը)/The Saint Blaise (Blasius, Vlasius, Vlah/ ՝ Սեբաստիա քաղաքի 3-4-րդ դդ. հայ եպիսկոպոս էր, որը նահատակվելուց հետո, հռչակվեց համաքրիստոնեական սուրբ: Հայազգի եպիսկոպոսը դարեր հետո դարձավ Դուբրովնիկի հիմնական սուրբ, քաղաքի պատրոն, այն պատկերված է քաղաքի դրոշի վրա, նրա քանդակները տեղադրված են քաղաքի բոլոր անկյուններում: Դուբրովնիկի Սուրբ Վլախ եկեղեցում են այսօր պահվում հայ սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը։ Քաղաքում բոլորը գիտեն, որ նրանց սուրբ Վլախը՝ հայ էր: Դուբրովնիկի կենտրոնում տեղադրված է հայկական խաչքար:


ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Փառատոնի բացման արարողությանը, հանդիսավոր պատարագին և թափորին, Դուբրովնիկի քաղաքապետի կողմից տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միրո Կովաչի, տարբեր պաշտոնյաների և քաղաքական գործիչների, արվեստագետների և գործարարների հետ:


Ա.Հովակիմյանին ընդունեցին Դուբրովնիկի քաղաքապետ Մատո Ֆրանկովիչը և Դուբրովնիկի քաղաքային խորհրդի նախագահ Մարկո Պոտրեբիցան: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի հետ Դուբրովնիկի մշակութային և գիտական համագործակցության հեռանկարները, զբոսաշրջության ակտիվացումը, քաղաքների միջև գործընկերային կապերի ստեղծումը: Այցի ընթացքում դեսպանին էր ուղեկցում Դուբրովնիկում բնակվող հայ երաժիշտ Նաիրա Ասատրյանը; դեսպանը կարևոր հանդիպում ունեցավ նաև հայտնի խորվաթ պատմաբան-հայագետ, Հայաստանի մեծ բարեկամ Վինիցիյե Լուպիսի հետ:

 

orer.eu

 

 
Փետրվարի 1-ին դեսպանը Րիյեկա նավահանգստային քաղաքում ներկա գտնվեց Րիյեկա 2020 – Եվրոպայի մշակութային մայրաքաղաք միջոցառման հանդիսավոր բացմանը, որին ներկա էին Խորվաթիայում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ։ Ամբողջ քաղաքը վերածվել էր հսկայական մշակութային հարթակի, իսկ բացման արարողության համար կիրառվել էին նորագույն տեխնոլոգիաներ։
Րիյեկայում գտնվելու ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Խորվաթիայի խորհրդարանում գործող Խորվաթիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Րիյեկայից ընտրված պատգամավոր Մարին Շկիբոլայի հետ։

orer.eu