Վերջին շրջանում հայ երաժիշտները հաճախ են ելույթ ունենում Պրահայի Ռուդոլֆինումի դահլիճներում, եւ հունվարի 27-ին հայկական ,,Նաղաշ,, անսամբլի տպավորիչ ելույթը Յոզեֆ Սուկի անվան հրաշագեղ դահլիճում այդ շարքից էր։ Անսամբլի եվրոպական շրջագայության վերջին կետը Պրահան էր։
Հունվարի 16-ից մինչեւ 27-ը անսամբլը ելույթներ ունեցավ Լեհաստանի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների եւ Չեխիայի 8 քաղաքներում։ Թվում էր, թե երկարատեւ համերգային շրջագայությունից հետո մեր երաժիշտներն այլեւս ուժասպառ պետք է լինեին։ Սակայն բեմում նրանք ապացուցեին ճիշտ հակառակը։ Մի նոր էներգիայով նրանք ներկայացրեցին ինչպես ,,Աքսորի երգեր,, եռագրության վերջին երրորդ ալբոմից նոր երգեր, այնպես էլ նախորդ երկու ալբոմներից ստեղծագործություններ։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ջոն Հոդյանը, փորձել են տարբեր երկրներում ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել եւ երգերը կատարել են՝ կախված դահլիճից եւ հանդիսատեսից։
Մկրտիչ Նաղաշի տաղերի հիման վրա Հոդյանի գրած ստեղծագործություններում զգացվում է ազգային շունչն ու ոգին, ինչը եվրոպական հանդիսատեսի համար շատ հետաքրքիր է եւ յուրօրինակ։ Հատկապես , եթե այդ ամենին միանում է նաեւ մեր երաժիշտների կատարողական բարձր արվեստը, ապա հանդիսականներին մնում է միայն հիացական բացականչություններն ու ծափերը։ Ինչպես 2019-ի օգոստոսին Չեսկի Կրումլով քաղաքում՝ Հարավչեխական ֆիլհարմոնիկի լարայինների խմբի հետ ելույթի ժամանակ, այնպես էլ Պրահայում անգերազանցելի էին սոպրանոներ Հասմիկ Բաղդասարյանը, Տաթեւիկ Մովսեսյանը, ալտուհի Արփինե Տեր-Պետրոսյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, ուդահար Արամայիս Նիկողոսյանը եւ դհոլի վարպետ Տիգրան Հովհաննիսյանը։ Նրանցից յուրաքանչյուրն իրապես բացառիկ երաժիշտ է եւ հայ ազգային երաժշտության քարոզիչ։
Ինչպես նախորդ համերգներում, այս անգամ էլ Ջոն Հոդյանն իրեն հատուկ ջերմությամբ ժամանակ առ ժամանակ անգլերենով պատմում էր Մկրտիչ Նաղաշի ստեղծագործության, կատարվելիք գործերի բովանդակության մասին, որից հետո չեխերենով ներկայացվում էր գործի կարճ բովանդակությունը։
Համերգն անցկացվում էր Հայաստանի դեսպանության հովանու ներքո, դահլիճում էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ դեսպանության դիվանագետները, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, չեխ եւ օտար երաժտասերներ։
Համերգի ավարտին տեղի ունեցավ նաեւ վիճակահանություն, որի արդյունքում ,,Նաղաշ,, անսամբլի ալբոմը շահեց Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրենուհի Գոհար Մելիքյանը։
Ամփոփելով համերգային շրջագայությունը, անսամբլի ղեկավար եւ երգահան Ջոն Հոդյանը ուրախությամբ նշեց, որ աննկարագրելի լիցքեր են ստացել Եվրոպայի տարբեր դահլիճներում ելույթներից։ Երբեմն մեկ օրվա մեջ համերգ են ունեցել երկու քաղաքներում, ինչպես դա տեղի ունեցավ Հոլանդիայում։ Թե՛ ղեկավարի եւ թե՛ անսամբլի երաժիշտների վրա մեծ տպավորություն էր թողել հատկապես հոլանդական ռոք ակումբի մթնոլորտը։
Իհարկե, ինչպես նշում է Հոդյանը. ,,Չեսկի Կրումլովի եւ Պրահայի սրահների միջեւ մեծ տարբերություն կար, եւ շատ ուշադիր պետք է լինեինք ձայնային հնչողությանը, քանի որ Սուքի դահլիճում ելույթն առանց բարձրախոսների էր եւ շատ զգուշորեն պետք է հավասարակշռեինք։ Իհարկե, դա մեծ մարտահրավեր էր մեզ համար, բայց նաեւ շատ ոգեւորված էինք Պրահայի ելույթի համար։ Պրահան, իրոք, շատ գեղեցիկ քաղաք է, եւ մենք շատ էինք ուզում լինել այստեղ։ Սա աշխարհի լավագույն քաղաքներից մեկն է»։
ՕՐԵՐ
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ անսամբլի
Լուսանկարներ եվրոպական այլ քաղաքների համերգներից