Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հանրահայտ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի արվեստի հաճույքը երեկ վայելեց Պրահայի Ռուդոլֆինումի բարձաճաշակ հանդիսատեսը, որը համերգի ավարտից հետո էլ չէր ցանկանում հեռանալ դահլիճից, ինչը ստիպեց գերմանաբնակ հայ երաժշտին երկու անգամ ծրագրից դուրս նվագել ՝ նախ Սայաթ Նովայի մոտիվներով ,,Էլեգիա,, Բաբաջանյանի մշակումը եւ Խաչատրյանի ,,Սուսերով պարի,, իր դաշնամուրային մշակումը։ Բուռն ծափահարություններն ու ,,Բռավո,,ները հաջորդեցին տաղանդավոր դաշնակահարի ելույթին։

Իսկ համերգային ծրագիրը , որի առանցքում Բախի եւ Բուսոնի , Ռավելի եւ Շոպենի ստեղծագործություններն էին, դահլիճն ընդունեց ըստ արժանվույն։ Զգացվեց, որ ինչպես նախկինում ինքն է ասել հարցազրույցներից մեկում , Բախի ու Շոպենի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի, ինչն արտահայտվեց նաեւ նրա փայլուն կատարման մեջ։

Վարդան Մամիկոնյանի մենահամերգի ծրագրում, Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի դրամատուրգ Մարտին Ռուդովսկին, ով նաեւ համերգի կազմակերպիչն էր, բարձր էր գնահատել հայ դաշնակահարի կատարողական արվեստը, միաժամանակ նշելով նրա եւ սիմֆոնիկի միջեւ տարիներ շարունակվող համագործակցության մասին։ Վերջին համատեղ համերգը 2018-ի հոկտեմբերին Պրահայում էր, երբ նրանք հանդես եկան Լիստի դաշնամուրի 2-րդ կոնցերտի անմոռանալի կատարմամբ։ Չեխ դրամատուրգը նրան համեմատում է նաեւ 5-րդ դարի հայ զորավար Վարդան Մամիկոնյանի հետ, նշելով, որ վերջինիս նման նա էլ իր պայքարող ոգով գրավում է բեմերն ու մարդկային սրտերը։

Ավելացնենք նաեւ, որ համերգի պատվավոր հովանավորը Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն էր։ Համերգին ներկա էր Չեխիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Կարապետյանը, քանի որ դեսպանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում եւ Խորվաթիայում։

Վարդան Մամիկոնյանի հետ ՕՐԵՐ-ի բացառիկ հարցազրույցը կարդացեք ամսագրի առաջիկա համարում։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ, Հակոբ Ասատրյանի