Հունվարի 21-ին կայացավ #ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Բեռլինյան մասնաճյուղի հիմնադրման մասին պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Երևան-Բեռլին հեռուստակամրջի միջոցով, համապատասխանաբար, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և գերմանական Վերակառուցման վարկային բանկի (#KfW) կետրոնակայանում:
Միջոցառման բացումը կատարեց KfW-ի նախագահության անդամ դր. Ինգրիդ Հենգստերը (Ingrid Hengster): Երևանում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այնուհետև Բեռլինում՝ Թվայնացման հարցերով Գերմանիայի դաշնային պետնախարար Դորոթեե Բերը (Dorothee Bär) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ Երևանում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Միխայել Բանցաֆը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Բեռլինում և Երևանում համատեղ ելույթով հանդես եկան նաև ԹՈՒՄՈ-ի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը և հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Դեսպան Սմբատյանը, կարևորելով նախաձեռնությունը, համոզմունք հայտնեց, որ Բեռլինում ԹՈՒՄՈ-ի կենտրոնի բացումը յուրօրինակ փարոս կհանդիսանա, որի լույսը շուտով տեսանելի կլինի նաև դաշնային մյուս երկրամասերում: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների համատեքստում այս նախագիծը, դեսպանի գնահատմամբ, բացառիկ է, քանի որ Հայաստանն այսօր արդյունաբերական հսկա Գերմանիայում հանդես է գալիս սեփական բրենդով, որը թվայնացման դարաշրջանում միտված է դպրոցականների և երիտասարդների մոտ կիրթ և զարգացած աշխարհայացքի ձևավորմանը:
Այնուհետև տեղի ունեցավ պայմանագրի տեսակամրջային ստորագրման արարողությունը:
Տեղեկանք. ԹՈՒՄՈ-ն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Փարիզում և Բեյրութում: Բեռլինյան մասնաճյուղի ֆինանսավորումն իրականացվելու է Վերակառուցման վարկային բանկի (KfW) կողմից: Կենտրոնի բացումը նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այս մասին հայտնում են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից։
orer.eu