Այս տարի լրացավ հայկական Ակոս թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 13-րդ տարին և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը:
Այս առիթով Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 19-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, հավարտ որի տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի և Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տաթև Սրբազանն իբրև քարոզի բնաբան էր ընտրել ավետարանական այն խոսքը, որն ասում է. ,,Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում,, (Մատթ. 10. 28): Սրբազանն իր քարոզում մեկ անգամ ևս ընդգծեց Հրանտ Դինք մտավորականի, լրագրողի և մարդու մեծությունն ու կատարած հսկայածավալ աշխատանքի կարևորությունը՝ մասնավորապես նշելով. ,,ժամանակը ի զորու չէր ամոքելու կամ մոռացության մատնելու այն խորը վերքը, որը պատճառվել էր Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին, ընկերներին ու ամբողջ աշխարհասփյուռ հայությանը: Հրանտ Դինքի սպանությունը բացահայտ ոտնձգություն էր ընդդեմ ազատ խոսքի, ժողովրդավարության ու այն գաղափարների, որի կրողն էր մեծ մտավորականը: Իբրև ճշմարտության առաջամարտիկ, անտեսելով բոլոր տեսակի սպառնալիքներն ու ոտնձգությունները, Հրանտ Դինքը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշանություններին: Սակայն, ինչպես շուրջ 100 տարիներ առաջ, այնպես էլ այսօր, ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար,,:
Այնուհետև Սրբազանն անդրադարձ կատարեց Բաքվի ջարդերին. ,,Բաքվում տեղի ունեցած ջարդը, հայ ընտանիքների հրեշավոր սպանություններն ու արտաքսումը հավերժ պիտի մնա հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ, իբրև ծանրագույն ոճրագործություն և ծրագրված ցեղասպանություն: Ամեն մի հայորդի, աշխարհի ցանկացած անկյունում, պարտավոր է ապրել ու հիշել իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, հիշել ու հիշեցնել աշխարհին, հիշեցնել ու պայքարել հանուն արդարության ու ոճրագործների դատապարտության, պայքարել ու հզորանալ՝ թույլ չտալով այլևս նմանատիպ հանցանքների կրկնություն, ինչը ցեղասպանություն է: Բայց քանի դեռ մեր հավաքական հիշողության մեջ չի մոռացվել մեր պատմությունը, մեր ազգը պիտի շարունակի ապրել, արարել, ստեղծագործել՝ կերտելով ավելի լուսավոր ապագա, բայց երբեք չմոռանալով անցյալի մութ ու խավար էջերը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջև և համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից: Անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և բռնությունների, որի ականատեսներն ենք այսօր,,:
Հոգեհանգստյան պաշտոնից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև, ուր խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:
Հոգեհանգստյան արարողություներ տեղի ունեցան մյուս հայաշատ ծուխերում ու քաղաքներում:
Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն:
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան