Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Կովկասում նման նվագախումբ չեմ հանդիպել. Հայկ Ութիջյան

 

2020 թվականի հունվարի 19-ին Պրահայի Ռուդոլֆինումի շքեղագույն Դվորժակի դահլիճն առաջին անգամ հյուրընկալել էր Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին։ Հիմնադիր ղեկավար մաեստրո Սմբատյանը տարիներ առաջ այստեղ արդեն ղեկավարել էր չեխական նվագախմբին, սակայն աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ ելույթը բացառիկ տպավորություն թողեց լեփ-լեցուն դահլիճում։

Այս համերգը մաս էր կազմում եվրոպական շրջագայության, որի ընթացքում հայ երաժիշտները համերգներով հանդես եկան Եվրոպայի լավագույն համերգասրահներում՝  Մյունխենում, Զալցբուրգում, Շտուտգարտում, Բեռլինում, Լոնդոնում, Վիեննայում, եւ վերջապես՝ Պրահայում։ Վերջին համերգը՝ հունվարի 21-ին Մոսկվայում։

Իհարկե, թե դահլիճում գտնվող չեխ, հայ, հրեա ու ռուս մեծամասնության, բայց եւ մնացյալ հանդիսականների համար մեծ բացահայտում էր Ջոն/Ջիվան/ Տեր-Թադեւոսյանի 2-րդ սիմֆոնիայի կատարումը, որն իր հզոր լիցքով, հայկական շնչով ու ազդեցիկ կատարումով ապշեցրեց ներկաներին։ Վառ էին նաեւ վիրտուոզ Մաքսիմ Վենգերովի եւ նվագախմբի կատարմամբ հնչած Բրուխի եւ Ռավելի ջութակի կոնցերտների կատարումը, նաեւ բացահայտում էր Ալեքսեյ Շորի ջութակի ու նվագախմբի համար գրված գործը։ Վենգերովը բուռն ծափահարություններից հետո չթաքցրեց իր հիացմունքն արտահայտել հայկական նվագախմբի մասին, ապա ծափերին ի պատասխան նվագեց Շորի մի այլ ստեղծագործություն՝ ,,Էլեգիան,,։

Համերգը կայացավ բարձր մակարդակով ու աննկարագրելի ոգեւորություն առաջացրեց հանդիսականների շրջանում։ Ծափերը երկար չէին դադարում...

Առաջին պրոֆեսիոնալ գնահատականը ստացանք Պրահայի Կարլի համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի հիմնադիր ղեկավար, միջազգային բազմաթիվ նվագախմբերի հյուր ղեկավար, դիրիժոր Հայկ Ութիջյանից, ով հետեւյալ գնահատականը տվեց Հայկական սիմֆոնիկ նվագախմբի ելույթին.

Հայկ Ութիջյան- ,,Նուագախումբը առաջին իսկ վայրկեանէն՝ առատօրէն դրական Էներգիա կը ճառագայթէր, իր միասնական ոգին եւ խոր ու հարուստ ձայնային երանգապնակը դրսեւորելով։ Հիանալի մակարդակի մենանուագներ կատարուեցան զանազան անդամոց կողմանէ (պէտք է յատկապէս առաջին ֆագոտն ու առաջին ջութակը յիշել)։

Նուագախումբը ներկայացաւ իբր յղկուած, միահամուռ ու կարգապահ կազմ՝ հիանալի երաժշտական կարգապահութիւն ցուցաբերելով, եւ իր երաժշտական (թէ՛ մեկնաբանական, եւ թէ՛ կատարողական) նպատակը, թիրախն ու իդէալը հետապնդեց՝ իբր լիովին միացեալ եւ ոգեշնչեալ համաշունչ մղմամբ տոգորուած համոյթ։ Այս յոյժ բաղձալի երաժշտական յատկանիշերուն Կովկասեան նուագախմբից մէջ ցարդ չէի հանդիպած։ Շատ լաւ տպաւորութիւն թողուց խումբը։ Նաեւ շատ լաւ հաղորդակցութիւն կար ղեկավարի, ջութակահարի եւ խումբի միջեւ»։

Համերգից անմիջապես հետո դիմեցինք նաեւ համերգի կազմակերպիչներին եւ երաժիշտներին՝ իրենց տպավորությունները ՕՐԵՐ-ի ընթերցողների հետ կիսելու խնդրանքով։

Սերգեյ Սմբատյան –Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր դիրիժոր եւ ղեկավար

,,Նման համերգային շրջագայություն տարածաշրջանում ոչ ոք չի ունեցել, միայն կարող ենք համեմատվել Մարինյան թատրոնի նվագախմբի հետ։ Ռուսաստանում մեկ կամ երկու նվագախումբ կա, որ կարող է իրեն նման շրջագայություն թույլ տալ։ Նկատի ունենք համերգասրահներ, լեփ –լեցուն դահլիճներ, նկատի ունենք Մաքսիմ Վենգերով, նկատի ունենք նման ծրագիր։ Եվ ամենակարեւորն այն է, որ մենք ներկայացնում ենք մի երաժշտություն՝ Ջոն Տեր- Թադեւոսյանի 2-րդ սիմֆոնիան, որն իմ կարծիքով աշխարհում հայտնի չլինելու իրավունք չունի։ Բացառիկ երաժշտություն է, բացառիկ հայկական սիմֆոնիզմ կա նրա երաժշտության մեջ։ Դա մեր մեծագույն հաղթանակն էր, որ Եվրոպայի ամենամեծ համերգասրահներում հնչեց մեր երաժշտությունը, այդ թվում այստեղ՝ Ռուդոլֆինումում, Վիեննայում՝ Մյուզիքֆերայնում։ Արդեն իսկ ունենք երաժշտագետների հիացական գնահատականներ։ Մարդիկ սպասում են եւ գնահատում են նոր երաժշտությունը եւ մեր արժեքները, եւ պետք է հասկականք, որ մեր կոմպոզիտորի ստեղծածը հայկական ժառանգության մաս է կազմում։ Մենք խոսում ենք նոր սիմֆոնիզմի մասին, որ ստեղծվել է 1950-60ականների Հայաստանում, եւ որի մասին աշխարհը քիչ գիտի»։

Իսկ թե ինչու չենք մինչեւ հիմա իմացել եւ առաջին բացահայտումն անում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հարցին, մաեստրոն պատասխանեց. ,,Չգիտեմ։ Այս երաժշտությունը գրվել է Հայաստանում, եւ մենք պարտավոր ենք այն կատարել եւ ցույց տալ աշխարհին։ Մենք ունեցել ենք փայլուն կոմպոզիտորներ, որոնք գրել են մոդեռն երաժշտություն, բայց մենք այդ համարձակությունը չենք ունեցել կատարել եւ ներկայացնել աշխարհին։ Դա այսօր մեր խնդիրն է։ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն արդեն տասը տարի կազմակերպում է հայ ժամանակակից կոմպոզիտորների փառատոն, որտեղ ներկայացնում ենք նման երաժշտություն։ Այսպիսի ելույթներ առաջիկայում ծրագրում ենք, եւ պետք է ամենուր մարդկանց ներկայացնել ոչ միայնայն , որը հայտնի չէ, այլեւ խելացի ձեւով մատուցել, որպեսզի ընկալելի լինի։ Օրինակ Լոնդոնում շատ ոգեւորված էին նոր երաժշտությամբ, որն իրենք չգիտեին։

Առաջիկայում, մարտ ամսին Իսրայելում նոր շրջագայություն ունենք՝ 4 համերգ։ Ծրագիրը կլինի այլ, կլինեն նաեւ հայկական պրեմիերաներ։ Բայց կաերւորն այն է, որ եթե նվագախումբը շրջագայության է գնում, դա նշանակում է, որ ունի պահանջարկ։ Իսկ մենք ամենաշատ ճանապարհորդող կոլեկտիվն ենք Հայաստանում։ մեր տարածաշրջանում ամենաշատը հինգ կոլեկտիվի հետ կարող ենք համեմատվել։ Իսկ մենք այն կոլեկտիվն ենք, որը թիմային աշխատանքով ապացուցեց, որ 15 տարի առաջ ստեղծված նվագախումբը ավստրիական հանրահայտ Մյուզիքֆերայնում կարող է ներկայացնել մեր երաժշտությունը»։

Մաքսիմ Վենգերով - աշխարհահռչակ ջութակահար

,,Ես արդեն ելույթներ ունեցել էի Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ Մալթայում եւ Երեւանում։ Հաճախ եմ համագործակցում այս հրաշալի նվագախմբի հետ։ Այս տուրի շրջանակներում մնացել է միայն Մոսկվան, ուր կկատարենք Բրամսի կոնցերտը։ Թե նվախամուբն է արտակարգ, թե երաժիշտները, իսկ Սերգեյ Սմբատյանն ինձ համար մի գործընկեր է, ում հետ բեմում ես շատ լավ եմ զգում ինձ։ Ինձ զարմացնում է նաեւ երաժիշտների որակական աճը, այն շատ նկատելի է։ Առայժմ մեկ տարի մենք պետք է համագործակեցնք եւ առաջիկայում հանդես կգանք նոր նախագծերով,,։

Ալեքսեյ Շոր -կոմպոզիտոր

,,Ես այս նվագախմբի եվրոպական երեք համերգներին ներկա գտնվեցի, եւ պետք է ասեմ, հրաշալի ելույթներ էին։ Սա հիանալի նվագախումբ է, եւ կարծում եմ դա դրսում կնկատեն եւ կգնահատեն,,։

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի Եվրոպական շրջագայության կազմակերպիչն է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, որի նախագահը Կոնստանտին Իշխանովն է։

Լուսանկարում՝ Կոնստանտին Իշխանովը եւ Ալեքսեյ Շորը

Կոնստանտին Իշխանով –Մշակութային ժառանգության Եվրոպական հիմնադրամի նախագահ

,,Ես ներկա գտնվեցի նրանց բոլոր ելույթներին։ Բոլոր քաղաքներում անշլագ էր, հանդիսատեսը կանգնած ծափահարում էր։ Այդ քաղաքներում շատ հայեր մոտենում էին ինձ եւ ոգեւորված ասում, որ հպարտ են, որ հայ են եւ հայկական նվագախումբը Հայաստանի դրոշն այսքան բարձր պահեց։ Հայ մշակույթի մասին այս հիշողությունը շատերի մոտ երկար տարիներ դեռ կմնա։ Ինձ թվում է, թե Բեռլինում, թե Վիեննայում եւ թե Պրահայում լավագույն դահլիճներում հանդես եկան, բայց քանի որ Սերգեյ Սմբատյանը սովորել է Լոնդոնում, ինձ թվաց,թե նվագախմբի համար Լոնդոնի ելույթն ինչ որ առանձնահատուկ տպավորություն թողեց հենց Սմբատյանի վրա։ Նաեւ պետք է նշեմ, որ շատերն ինձ ասում էին, որ լսելով Տեր-Թադեւոսյանի գործը, իրենց համար նոր կոմպոզիտոր բացահայտեցին։

Առաջիկայում մարտի 1-9ը Իսրայելում կմասնակցենք փառատոնի, որին բացի Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբից կմասնակցի նաեւ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Սերգեյը Հայաստանի կողմից կղեկավարի, եւ Դմիտրի Յաբլոնսկին՝ Իսրայելի կողմից։ Այնտեղ կանցկացվեն նաեւ կլարնետի եւ սաքսոֆոնի միջազգային մրցույթներ կլինեն, որոնց կմասնակցեն նաեւ հայաստանցի պատանիներ, իսկ դրանից հետո կլինի Մալթայի հերթական միջազգային երաժշտական փառատոնը»։

Ավելացնենք, որ համերգին ներկա էր Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի դեսպանության հրավերով նաեւ Պրահայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ 

 

ՕՐԵՐ

 

Տեղեկանք.

 

Ջիվան Գուրգենի Տեր-Թադևոսյան (Ջոն) (1926սեպտեմբերի 14-ին Երևան - 1988հունիսի 27, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։ ՍՄԿԿ անդամ 1960 թվականից։

1952 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի Վ․ Պ․ Պորտուգալովի ջութակի, 1961 թվականին՝ է․ Մ․ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանները։ 1952-1959 թվականներին եղել է Երևանի Կ․ Սարաջևի անվան երաժշտական դպրոցի տնօրեն և դասատու։

1959 թվականից ապրել է Մոսկվայում: Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են Տեր-Թադևոսյանի 2 սիմֆոնիաները (1957,1959՝ Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում։ Գրել է նաև՝ սիմֆոնիետ (1983), ջութակի և նվագախմբի կոնցերտ (1977), լարային կվարտետներ (19551967), սիմֆոնիկ պոեմներ՝ «Ե․ Չարենցի հիշատակին» (1963), «ՀեղաՓոխության և կուսակցության մասին» (Վ․ Մայակովսկու խոսքերով, 1966), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Օթելլո» (1970), արևելյան (1956), արաբական (1968), բուրյաթական (1975) թեմաներով, գործիքային պիեսներռոմանսներերգեր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն։