Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրահայտ դաշնակահարուհի Նարե Արղամանյանն արդեն երկրորդ անգամ ելույթ ունեցավ Պրահայում։ 2019-ի դեկտեմբերի սկզբին աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը եւ Նարե Արղամանյանը  միասին ներկայացրեցին  Կոմիտասի 150-ամյակին նվիրված փայլուն ծրագիր, իսկ այսօր՝ հունվարի 19-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Նարեն հանդես եկավ տպավորիչ մենահամերգով։

Չնայած աննախադեպ ցուրտ դահլիճին, Նարեն իր ողջ վարպետությամբ կարողացավ մոտ մեկ ժամ հիացնել իր արվեստը գնահատող հանդիսականներին։ Նա ներկայացրեց Ալեքսեյ Շորի դաշնամուրի սոնատը, որն ի դեպ համաշխարհային պրեմիերա էր, եւ որին ներկա գտնվեց նաեւ կոմպոզիտորը՝ ջերմորեն ողջունելով հայ դաշնակահարուհու կատարումը։

Այնուհետեւ Նարեն մի շնչով ներկայացրեց Կոմիտասի յոթ ստեղծագործությունների դաշնամուրային մշակումները, իսկ համերգային ծրագիրը եզրափակեց Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների կատարմամբ։

Իր սքանչելի եւ մոգական կատարումով Նարեն ջերմացրեց ցրտից կծկված հանդիսականներին՝ նոր ոգի ու ջերմություն հաղորդելով դահլիճին։

Նախքան Նարե Արղամանյանի ելույթը ներկաներին դիմեց Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ով նշեց, որ այսօրվա համերգը նվիրվում է Սումգայիթի եւ Բաքվի անմեղ նահատակների հիշատակին, որից հետո կատարեց հոգեհանգստյան կարգ։

Համերգի ավարտին տաղանդաշատ դաշնակահարուհուն շնորհավորեցին Հայր Սուրբը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Նարե Արղամանյանը Վիեննայի Բոզէնդորֆէր /Bösendorfer/ սալոն դահլիճում հանդես եկավ փայլուն ելույթով՝ իրեն ընկերակցող Դոնկա Անգաչեւայի հետ՝ ներկայացնելով չորս ձեռքով կատարումներ։ Ծրագրում ընդգրկուած էին Ալեքսեյ Շորի, Քամիլ Սան-Սանսի, Լիստի, Ֆրանց Շուբերտի, Կոմիտաս Վարդապետի, Չայկովսկու, Շտրաուսի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Հանդիսականները հոգեկան մեծ վայելք ապրեցին՝ ունկնդրելով երկու շնորհաշատ դաշնակահարների ելույթը։

Նշենք նաեւ, որ թե՛ Նարե Արղամանյանի, եւ թե՛ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական համերգները կազմակերպել է Մշակույթի զարգացման եվրոպական հիմնադրամը, որի նախագահ Կոնստանտին Իշխանովը նույնպես ներկա էր համերգին։

Վաղը Պրահայի Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճում հանդես կգան Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եւ հանրաճանաչ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Պրահայից նրանք կմեկնեն Մոսկվա, ուր կկայանա նրանց եվրոպական շրջագայության վերջին համերգը։

ՕՐԵՐ

 Վիեննայի ելույթից հետո