Աշխարհահռչակ սոպրանո, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն իրականացրել է իր տարիների երազանքը եւ մեկ գրքով հրատարակել մեծանուն Կոմիտասի գերմաներենով գրված 9 երգերը եւ մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաները։ Այս մասին մեծանուն երգչուհին հայտնել է ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Այս երգերը Կոմիտասը ստեղծել է Բեռլինում ուսանելու տարիներին՝ Գյոթեի, Լենաուի, Ուլանդի և այլ հեղինակների բանաստեղծական տեքստերի հիման վրա:
Հիշեցնենք, որ դեռեւս 2005 թվականին, սոպրանո Հասմիկ Պապյանի կատարմամբ եւ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի նվագակցությամբ թողարկվել էր Կոմիտասի հայերեն եւ գերմաներեն ստեղծագործությունների ,, Նվիրում Կոմիտասին,, ձայանասկավառակը, որը մեծ ընդունելության էր արժանացել երաժշտական աշխարհում։ Մյունխենում հրատարակված ձայանասկավառակում տեղ էին գտել ոչ միայն գերմաներեն 9 երգերը, այլեւ՝ 26 հայերեն երգեր։ Կից գրքույկում տեղ էին գտել նաեւ Կոմիտասին նվիրված Կլոդ Մութաֆյանի հոդվածը եւ հայերեն երգերի՝ գերմաներեն, եւ գերմաներեն երգերի հայերեն թարգմանությունները։
Մեծանուն երգչուհին Կոմիտասյան ստեղծագործությունների նոր գրքի հրատարակմանը ցույց տված աջակցության համար շնորհակալություն է հայտնել Չարենցի անվան ԳԱԹ-ի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանին՝ Կոմիտասի ձեռագրերի պատճենները տրամադրելու, ավստրիացի երաժիշտ Մարտթին Էվանցինին՝ նոտաները վերծանելու, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին՝ կոմպոզիտորի բեռլինյան շրջանի բարձր որակի լուսանկարները փոխանցելու, Հայնրիխ Էվանցինին՝ ձեռնարկը համակարգելու, ինչպես նաև գրականագետ Ալբերտ Մուշեղյանին՝ բանաստեղծությունների գերմաներենից հայերեն հրաշալի թարգմանության համար:
Գրառման մեջ նաեւ տեղեկացրել է, որ նոտաները հնարավոր է ձեռք բերել աշխարհի ցանկացած երկրում՝ հետևելով ստորեւ նշված հղմանը:
Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը: https://www.bod.de/buchshop/deutsche-lieder-komitas-9783750432352 ISBN: 978-3750432352
eBook: https://www.bod.de/buchshop/deutsche-lieder-komitas-9783750448124 ASIN: B083KHRK3D
Նաեւ կարող եք պատվիրել Amazon համակարգով։
ՕՐԵՐ