Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Նիդերլանդական օրագրի»   բացառիկ հարցազրույցը Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ

Տիգրան Բալայանը մինչ  Նիդերլանդներում  արտակարգ և լիազոր դեսպանի (2018թ. հոկտեմբերից) պարտականություններ ստանձնելը` արտաքին գործերի նախարարությունում վարել է տարբեր պաշտոններ, երկար տարիներ եղել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ունի աշխատանքի հարուստ փորձ: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների ու աշխատությունների: Պատմական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի գիտական կոչում: 

Համատեղության կարգով ներկայացնում է մեր երկիրը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում։ 


 «Նիդերլանդական օրագրի» խմբագիր  Hay Azian-ը զրուցել է նրա հետ` չշրջանցելով հայ համայնքային կյանքում տեղի ունեցող իրադարձությունները:

 

-Մեծարգո դեսպան, գիտեմ, որ  բազմազբաղ եք` մանավանդ նոր տարվա նախաշեմ է, բայց այս առիթն էլ ստիպեց  մի քանի հարցեր ուղղել Ձեզ: 

Ինչպիսի՞ պատկերացումներով ու զգացողությամբ եկաք Նիդերլանդներ` ստանձնելու Ձեր պարտականությունները: Ձեր ակնկալիքներն արդարացա՞ն: Երկու խոսքով բնութագրեք խնդրեմ  Ձեր գործունեության մեկ տարին:

 

-Բարև Ձեզ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկի համար։ Ժամանակ առ ժամանակ մտքովս անցնում էր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու գաղփարը, սական ինչպես ասում են` «ձեռքրես չէին հասնում», այս հարցազրույցը հենց այդ առիթը կլինի։ 

Դեսպանի պաշտոնը ստանձնելիս` ակնկալիքներիս մասին մի քանի անգամ արդեն առիթ ունեցել եմ հրապարակավ արտահայտվելու: Գալիս էի բոլոր հնարավոր բնագավառներում երկկողմ հարաբերություններ զարգացնելուն միտված հստակ ծրագրերով։ Ակնկալիքների  մասով, կարող ենք արաձանագրել, որ մեծ մասով արդարացան. մի քանի նախագծեր, արդեն իրականություն են, մի քանի տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ծրագրեր ընթացքում են, բայց կան շատ ավելի հավակնոտ գաղափարներ, որոնց իրականացման համար հետևողական աշխատանքներ են տարվում։  Իմ և դեսպանության գործունեությունը բնորոշելուց կխուսափեմ, միայն կարող եմ ասել, որ մեր առջև դրել ենք հստակ նպատակներ, որոնց արդյունավետ իրագործման ուղղությամբ էլ գործել ենք։ 

 

-Ինչպես կատակով ասում են` Նիդերլանդներն ունի տարվա երկու սեզոն` տեղումնառատ գարուն և աշուն: Անձրևանոց ունենալն անխուսափելի է, իսկ քամու  առկայությունը ստիպում է հաճախակի այն փոխարինել նորով: Այնուհանդերձ Նիդերլանդներում Ձեր առաջին գնումներից մեկը հեծանիվն էր:  Ի՞նչ է հեծանիվը Ձեզ համար և որքանով այն գործածական  դարձավ անցած մեկ տարվա ընթացքում: ինչպե՞ս եք հարմարվում կլիմային,  մանավանդ, երբ երթևեկում եք հեծանիվով:


- Հեծանիվը իմ համար ապրելակերպի մի մաս է, և ուրախ եմ, որ երկու երեխաներս էլ արագ վարել սովորեցին, տղաս հատկապես շատ է սիրում հեծանիվ։ Դեռ Երևանում ես հաճախ էի հեծանանիվով աշխատանքի գնում, իսկ Նիդերլանդները հեծանվորդի դրախտ է։ Ցանկանում եմ նշել, որ հեծանիվով երթևեկելը այս երկրում բազմաթիվ դռներ ու սրտեր է բացում։  


Իմիջիայլոց վերը նշված ծրագրերից մի քանիսը վերաբերում են Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացմանը։ Եղանակի մասով, առանձնապես, չեմ նեղվում, հատկապես ունենալով բրյուսելյան եռամյա փորձը։ Իհարկե հորդառան անձրևի ժամանակ հեծանիվով չեմ երթևեկում, ու հիացած զարմանում եմ նիդերլանդացիների կարողության վրա։ 

 

-Ձեր առաջին այցելությունները երկրով մեկ սփռված հայ համայնքներն էին:

Ինչպիսի՞ն  ''գտաք''  հայ համայնքը և որքա՞ն  ժամանակ  տևեց նրա հետ ծանոթանալը:

 

-Բրյուսելյան տարիներից նիդերլանդահայ (երբ ես նաև Նիդերլանդների հետ հարաբերությունների պատասխանատուն էի) համայնքի մի մասին լավ ծանոթ էի, մի մասի հետ կապերը պահպանում էի նաև Հայաստան վերադառնալուց հետո։  Իհարկե բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, համայնքային կառույցները շատացել են և ամրապնդվել, ընդլայնվել են նրանց գործունեության ոլորտները։  Փորձում եմ հնարավորինս ներկա գտնվել համյանքի կողմից կազմակերպվող միջոցառումներին, որոնք այս տարի բավական շատ էին՝ հաշվի առնելով Կոմիտասի և Թումանյանի հոբելյաններին նվիրված միջոցառումները։ 

 

- Ձեր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում, բացի ներհամայնքային այցելություններից հասցրել եք բազմաթիվ հանդիպումներ ունենալ Նիդերլանդների հասարակական քաղաքական գործիչների, Եվրոպական  կառույցներում աշխատող  բազմաթիվ  պաշտոնյաների հետ: Դրանցից, որո՞նք են  առավել  տպավորվել Ձեր հիշողությունում:

 

-Հետադարձ հայացք գցելով, միգուցե կառանձնացնեմ քաղաքապետերի և նահանգներում Թագավորի հանձնակատարների հետ հանդիպումները, որոնք սկսվում էին տվյալ երկրամասում և քաղաքում օրինակելի հայ համայնքի մասին հիշատակումներով, ինչպես նաև այն հանդիպումները, որոնց ժամանակ նիդերլանդացի պաշտոնյաները արձանագրում էին, որ Հայաստանի դեսպանն իրենց պես ուղիղ «ճակատին ասող է», ինչն անշուշտ օգնում է ընդհանուր հայտարարի գալ, քանի որ հարցերի շուրջ մենք շփվում ենք մեկ լեզվով։  Ընդհանրապես ցանկանում եմ արձանագրել, որ նիդերլանդացիների հետ հեշտ է աշխատել,  եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում ես, ապա դա հստակ իրականացվում է։ Իհարկե չեմ կարող ասել, որ ամեն ինչի շուրջ հեշտ է պայմանավորվածության գալը: 

 

 

-Հետևում ենք դեսպանության և հատկապես ֆեյսբուքյան կայքի գործունեությանը, որի  ամփոփ ամսվա նյութերը զետեղում ենք նաև «Նիդերլանդական օրագրում»: Նկատելի է միջազգային մակարդակով մշակութային միջոցառումներին դեսպանության բավականին ակտիվ մասնակցությունն ու ներգրավածությունը: Մասնակցություն Հաագայի «Դեսպանատան փառատոնին», գինու փառատոններ, Ֆրանկոֆոնիայի օրեր, թեմատիկ ցուցահանդեսներ,  նաև պայմանավորվածությունները տարբեր թանգարանների ու մշակութային օջախների  հետ: Հայ-նիդերլանդական մշակութային  կյանքի համագործակցության ինչպիսի՞ դրվագներ կառանձնացնեիք: Փոքր ինչ այդ մասին` խնդրեմ.

 

-Արդեն նշեցի, որ Նիդերլանդներում լայնորեն նշվեցին Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները, տեղի ունեցան բազմաթիվ համերգներ և այլ միջոցառումներ։ 

Հաջորդ տարվա և կարծում եմ մի քանի տարվա կտրվածքով ամենախոշոր միջոցառումը դա Դրենթս թանագարանում «Արարատի կախարդանքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումն է, որը տեղի կունենա Հայաստանից բարձրաստիճան պավիրակության ներկայությամբ։ 


Անցնող տարվա մեր կարևորագույն մշակութային ձեռնարկներներից անշուշտ կառաձնանցնեմ երկուսը. Հաագայի Դիլիխենցիա սրահում՝ Հայաստանի և Նիդերլանդների խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված, Լուսինե և Սերգեյ Խաչատրյանների անզուգական համերգն էր, որն ուղեկցվեց Կոմիտասի նվիրված ցուցահանդեսով և ՀՀ ազգային տոնի կապակցությամբ ընդունելությամբ։


Աննա-Մարիա Մատառի նախաձեռնությամբ և թարգմանությամբ Հ.Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգամանության հրատարակությունը նույնպես համարում եմ դեսպանության հաջողված և լայն հնչեղության արժանացած նախագծերից։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տիկին Մատառին՝ հայ-նիդերլանդական մշակութային կապերի խորացման գործում անգնահատելի ներդրման և անխոնջ ջանքերի համար։ 


Քանի որ հիշատակեցիք` ինձ հոգեհարազատ մի բնագավառ ևս՝  ֆրանկոֆոնիան, նշեմ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպած երկու միջոցառում ևս՝ Ռոտերդամի Maison d'Armeni  նորաձևության սրահում Արմենի Թովմասյանի և հայաստանյան դիզայներ Գայանե Մանուկյանի հավաքածուների ցուցադրությունը, և Հաագայում՝ Շարլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի անցկացումը։     

 

-Նիդերլանդներում լայնորեն ներկայացնում եք Հայաստանը, հայրենիքում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական բարեփոխումները, աշխատում եք Հայաստանի իմիջի բարձրացման, հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ: Հաճախ ամենատարբեր բնագավառներում անհատական մոտեցում եք ցուցաբերում: 

Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպիսի՞ երկկողմ հարաբերություններ են արձանագրվել: Կա՞ հստակ առաջընթաց:

 

-Որպես կադրային դիվանագետ համոզմունք ունեմ, որ դիվանագիտությունը ստեղծագործ աշխատանք է և հնարավորի արվեստ, ուստի որքան բազմազան միջոցառումներ լինեն, նրանց մասնակցելով և ներկայացնելով մեր մշակույթը այնքան ավելի կներգրավենք ընդունող երկրի հասարակության լայն շերտերին, այդտեղից էլ հեշտ կլինի ձևավորել հասարակական բարենպաստ կարծիք:  


Իսկ երկկողմ հարաբերություններում առաջընթաց ապահովվելու համար, կարծում եմ, պետք է  դիտարկել, թե ինչ արդյունքներ ունենք ու ըստ դրա ծրագրեր մշակել։  Կարծում եմ, թե՛ քաղաքական երկխոսության ու հարաբերությունների, թե՛ առևտրատնտեսական կապերի և զբոսաշրջության, և թե մշակութային համագործակցության շրջանակներում կան հստակ արդյունքներ։ 

Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ դիվանագիտության մեջ  աշխատանքի արդյունքները կարող են երևալ տարիներ,նույնիսկ տասնամյակներ հետո։  

 

-Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանը առաջնայիններից մեկն է համարում տուրիզմի զարգացումը: Արձանագրել եք, որ Նիդերլանդներից Հայաստան զբոսաշրջիկների քանակը կտրուկ ավելացել է շուրջ 35%-ով:  Ձեր ֆեյսբուքյան էջում տեսանելի են տուրիստական ուղղությունը գովազդելու նպատակային  միտումը` Հայաստանին  նվիրված տեսաերիզներ, լուսանկարներ, գովազդ:  Ձեր  հոլանդացի հարևաններին հորդորեցիք լինել Հայաստանում և նրանք  լսեցին ձեզ: Ի՞նչ պատմեցին նրանք:

 

-Հարևանների այցելությունը դա սառցաբեկորի երևացող մասն է միայն, իրականում թե՛ զբոսաշրջիկների, թե՛ գործակալությունների, թե պաշտոնյաների հետ անհատական, հետևողական աշխատանք է տարվում։ Հարևաններիս արձագանքը իմ սպասվածից վեր էր, նրանք իրենց  հերթին համոզել են ևս վեց զույգի:  Հաջորդ տարի միասին են գնալու Հայաստան։ 


Ցավոք հայկական զբոսաշրջային գործակալությունների մեծ մասը դեռևս չի կենտրոնանում վճարունակ նիդերլանդական շուկայի և շատ ճամփորդող նիդերլանդական բնակչությանը Հայաստան տանելու վրա, չնայած այն հանգամանքին, որ մի քանի գործակալություն, որոնք աշխատում են այս շուկայում զգալի հաջողություններ ունեն։ Այս առումով ևս փորձում ենք հակառակ կողմից մոտենալ և աշխատանքներ ենք տանում նիդերլանդական զբոսարշրջային ընկերությունների հետ։ 


Իհարկե լուրջ խոչընդոտ է ուղիղ ավիաուղերթի բացակայությունը. շատ առաջ չընկնելով ասեմ, որ այս հարցում ևս որոշակի հույսեր կան։ 


Այս համատեքստում ցանակնում եմ հիշատակել նաև Հայաստանի կառավարության առաջնայնություն հանդիսացող հայրենադարձության հարցը։ Այս կարևորագույն ուղղությամբ ևս նպատակաուղղված աշխատանքներ ենք տանում և կարող ենք խոսել որոշակի արդյունքների մասին։ 

 

-Ենթատեքստից դուրս, բայց Շատերին հետաքրքրող հարց: Բացի Պակիստանից ներկայումս կա՞ն էլի երկրներ, որոնք չեն ճանաչել Հայաստանի անկախությունը: Հաագայում գործում է Պակիստանի դեսպանությունը, որպես գործընկերներ շփումներ եղե՞լ են այս երկրի դեսպանի հետ` թեկուզ ընդհանուր հանդիպումների, հավաքների, փառատոնների ժամանակ:  Երբ իր դիմաց տեսել է անկախ Հայաստանի Հանրապետության դեսպանին կարողացե՞լ է նայել Ձեր աչքերին, թե մարդկային այլ չգրված օրենքներ կան:

 

-Նախ շտկեմ, որ խոսքը ոչ թե անկախությունը ճանաչել/չճանաչելու մասին է, այլ դիվանգիտական հարաբերությունների հաստատման։ Ներկայումս ՄԱԿ-ի անդամ  193 երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 175-ի հետ։ Պակիստանի կողմից բերվող արհեստածին հիմնավորումներով, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ադրբեջանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի հետ։ վերոհիշյալ երկրների դեսպանների հետ տարբեր միջոցառումների շրջանակներում եղել են քաղաքավարական շփումներ։ Դիվանգիտությունը կամուրջներ կառուցելու արվեստ է։   

 

-Վերադառնանք  մեր խնդիրներին: Անդրադառնանք դեսպանության և համայնքային կառույցների  համագործակցությանը ,  միջհամայնքային հարաբերություններին: Դրանք բավարար համարու՞մ եք: 2019թ նիդերլանդահայ կյանքի ինչպիսի՞ կարևոր միջոցառումներ  կառանձնացնեիք և ինչպիսի՞ն կուզեիք տեսնել  համայնքների ու կառույցների համագործակցությունը միմյանց և դեսպանության միջև մոտ ապագայում:

 

-Դեսպանությունը  մշտապես համագործակցում է անխտիր բոլոր կառույցների, նաև որևիցե  կառույց չներկայացնող անհատների հետ։ Նիդերլանդահայ կյանքի կարևոր միջոցառումների մասին արդեն խոսեցինք և այս պատասխանում ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել հատկապես մեր ազգային ինքնության պահպանությանը լծված հայրենակիցներին՝  կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին, կազմակերպիչներին և հովանավորներին։ 


 Աշխատանքներ են տարվում Նիդերլանդներում «Հայաստան» համայահյական հիմնադրամի աշխատանքների ակտիվացման և բոլոր համայնքային կառույցների ներգրավման ուղղությամբ և կոչ եմ անում բոլորին ակտիվ մասնակցություն ունենալ այդ գործընթացում։ 

Կարծում ենք ընտրել ենք հայկական կառույցների հետ համագործակցության օպտիմալ տարբերակ՝ բոլորին ներկգարվելով։ Դրա վկայություններից է նոյեմբերին դեսպանությունում կայացած խոհրդակացությանը շուրջ երեք տասնյակ կազմակերպությունների մասնակցւթյունը։ 

Կցանկանայի մեր համայքային կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին ավելի շատ նիդերլանդացի բարեկամների տեսնել։  

 

- Ձեր տարեմուտի խոսքը նիդերլանդահայերին և ողջ հայությանը:

 

-Մեր հայրենակիցներին, որոնցից յուրաքանչյուրին դիտարկում եմ որպես Հայաստանի յուրատեսակ դեսպան,  մաղթում եմ հաջողություն, նոր հավակնոտ ծրագրեր և հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Կարծում եմ միասնաբար մենք շատ բարձունքների կարող ենք հասնել։ 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ 

 

 «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»