Գառնիկ Շախկյանի թումանյանական անդրադարձները
Երևանի Ավ.Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Գառնիկ Շախկյանի «Թումանյանական հանրագիտակ» գրքի շնորհանդեսը։ Օրվա խուրհուրդը ներկայացրեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝ընդգծելով,որ ընթերցողի սեղանին է դրվել թումանյանական աշխարհի հետաքրքիր անդրադարձները, մասնավորապես՝Թումանյանի գերդաստանը,նրա հայրենագիտական նվիրվածությունը, զվարճախոսության ինքնատիպ դրսևորումները, բանաստեղծական աշխարհի հարստությունը, մեծ լոռեցու հետ եղած բազմազան առնչությունները։
«Բայց այս ուրախության հետ մենք ունենք մեծ տխրություն,-ասում է Սերգո Երիցյանը,-քանի որ արդեն մեկ տարի և մեկ ամիս մեզ հետ չէ Գառնիկ Շախկյանը։ Նա ուղղակի հասցրեց մահվանից մի կարճ ժամանակ առաջ ավարտել գրքի վերջնական շարադրանքը և մեզ պատգամեց դրա տպագրությունը, քանի մեծ էր նրա սերը իր մեծ հայրենակցի՝Հովհաննես Թումանյանի նկատմամբ։ Դրա վկայությունն էին այն գրքերը, որ նա հասցրել էր հրատարակել՝«Հայրենագիտական համանվագներ», «Մեր Թումանյանը՝ժպտադեմ,զվարճախոս ու զարմանահրաշ», «Թումանյանի ընտանեկան աշխարհը»։ Իսկ թումանյական հոբելյանը նա ցանկանում էր դիմավորել նոր գրքով։ Նա ընդհանրապես Թումանյանի հոբելյանը ցանկանում էր,որ նշվի ըստ արժանվույն՝ընդհուպ թումանյանական արգելոց-թանգարանով։ Նա երազում էր,որ Դսեղում և շրջակայքում,Լոռվա Մոտկորի տարածաշրջանում ձևավորվի թումանյական ճանաչողական աշխարհը և հանգստի գոտին։ Մենք էլ երազենք,որ մի օր էլ մենք կունենանք մեր Յասնայա Պոլյանան (Լև Տոլստոյի արգելոց-թանգարանը)»։
Հաջորդ բանախոսը՝Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը,ով երկար տարիներ բարեկամություն է ունեցել Գառնիկ Շախկյանի հետ,ընդգծում է այն մեծ աշխատասիրությունը,համառությունը,հաստատակամությունը,որ ուներ նա։ Նա անընդհատ նախաձեռնութուններ ու առաջարկություններ ուներ,որոնցից մեկն էլ խթան դարձավ թումանյանագիտական հանրագիտարանին,որը արդեն իրականություն է և շատ հոդվածների հեղինակն էլ հենց ինքն՝է Գառնիկ Շախկյանը։ Նա իսկապես ուզում էր, որ թումանյանական 150-ամյա հոբելյանը ըստ արժանվույն նշվի և գալիք սերունդներին պատգամներ թողնվեն։ Մասնավորապես նա մտածում էր,որ Լոռվա մայրաքաղաքի գլխավոր հրապարակը պետք է կրի Թումանյանի անունը,իսկ այնտեղ պետք է տեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը, իսկ Լոռվա ձորը և Դսեղը իր շրջակայքով հարստացնել թումանյական խորհրդանիշների ներկայությամբ։
Հաջորդ բանախոսը՝բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը ևս բարձր գնահատեց Գառնիկ Շախկյանի թումանյանագիտական որոնումները՝ ասելով, որ նա ճարտարապետ էր, ոչ բանասեր, բայց նվիրյալ թումանյանասեր,ով լիովին ուսումնասիրել էր այդ հետաքրքիր ու ինքնատիպ աշխարհը և մինչև իր կյանքի վերջը մնաց այնտեղ՝ծնունդ տալով իր կարապի երգին՝«Թումանյանագիտական հանրագիտակին։
«Այո,նա նախանձախնդիր էր ու ուզում էր,որ բարձր մակարդակով այն նշվի՝վերահրատարակվի թումանյանական գրական ժառանգությունը,որը ցուրտ ու մութ տարիներին սահմանափակ տպաքանակ է ունեցել,նաև տպագրական ցածր որակ,-ասում է Սուսաննա Հովհաննիսյանը,-նա ի դեմս Թումանյանի տեսնում էր այն մարդ անհատականությանը,որի անունը և համբավը պետք է միշտ բարձր պահել»։
Շնորհանդեսին ներկա էր և իր գնահատանքի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան,Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը։
«Թումանական ոգին ու էությունը ազգապահպանության հզոր վահան է վիրահայ համայնքում,-ասաց նա,-իսկ այդ ամենը ավելի ազդեցիկ է կապը մայր հայրենիքի հետ։ Գառմիկ Շախկյան իր գրքերը միշտ մեզ էր նվիրում, մենք հիանում էինք թումանյական աշխարհի գիտակով։ Նրա գրքերը խթան դարձել,որ վիրահայ երիտասարդները ուխտագնացության գնան Լոռի՝Հաղբատ,Սանահին,Դսեղ։ Այս դահլիճում առաջարկություններ հնչեցին,որ Թումանյանին պետք է սրբացնել, բայց մեր ժողովուրդը վաղուց է սրբացրել նրան։ Գուցե ժամանակն է,որ մեր եկեղեցին էլ կարողանա սրբացնել ազգի մեծերին»։
Այնուհետև ելույթ ունեցավ տանտերը՝ Ավ.Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը,ով բարձր գնահատեց գրադարանի լավագույն բարեկամ Գառնիկ Շախկյանի ուսումնասիրական ժառանգությունը,մասնավորապես նրա թումանյանագիտական գրքերը,որոնք իրենց խորությամբ հանդերձ՝ընկալելի և հասկանալի են ընթերցողի համար։
«Ողջ տարին մեզ համար թումանյանական էր,-շարունակեց Հասմիկ Կարապետյանը,-և այս առումով այստեղ մի քանի համատեղ միջոցառումներ ենք անցկացրել «Լոռվա ձոր» հայրենակցական միության հետ՝նաև Թումանյանի թոռնուհու՝Իրմա Սաֆրազբեկյանի և Թումանյանի մյուս ժառանգների մասնակցությամբ։ Ի դեպ այս գրքի շնորհանդեսի հետ կապված հեռագիր է ուղարկել Իրմա Սաֆրազբեկյանը»։
Ավարտին Սերգո Երիցյանը իր շնորհակալական խոսք ուղղեց բոլոր ներկաներին և բոլոր աջակիցներին՝գրքի տպագրությանը ֆինանսական օգնություն ցուցաբերած «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին և «Բեյզ Մետըլս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանին, տպագրությունը իրականացրած «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանին, և իհարկե, Ավ.Իսահակյանի գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին կազմակերպչական օգնության համար։
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Գառնիկ Շախկյանի եղբայրը՝Ավետիք Շախկյանը,ով երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր նրանց,ովքեր ամեն ինչ արել էին, որ շնորհանդեսը կայանա այսպիսի բարձր մակարդակով, քանի որ նաև հիշատակի տուրք էր Գառնիկ Շախկյանին։ «Իսկ Գառնիկը մինչև իր կյանքի վերջին վայրկյանը մնաց որպես մնաց գիր ու գրչության նվիրյալ մեծ մտավորական,-շարունակեց Ավետիք Շախկյանը,-իր կյանքի վերջին օրերին անընդհատ իր այս գրքից էր խոսում։ Այսօր ուրախ եմ,որ եղբորս վերջին ցանկություն դարձավ......»։
Շնորհանդեսը վարում էր և հանդես գալիս հատվածների ընթերցումով Գայանե Սամվելյանը։
Շնորհանդեսին հնչեցին հատվածներ Գառնիկ Շախկյանի «Թումանյական հանրագիտակ» գրքից,նմուշներ թումանյանական պոեզիայից և այն երաժշտությունից,որը գրված Թումանյանի խոսքերով։Շնորհանդեսի մասնակիցներին «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը նվերեց Գառնիկ Շախկյանի նոր լույս տեսած գրքերից։
Շնորհանդեսը վարում էր և հանդես գալիս հատվածների ընթերցումով Գայանե Սամվելյանը։
Կարինե Տիտանյան
Լուսանկարները՝Աննա Ավոյանի