Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

4-րդ դարի հայ հոգևորական, բարեպաշտ Սուրբ Սերվատիուսը, երբ որոշեց քրիստոնեություն տարածելու առաքելությամբ մեկնել Եվրոպա հավանաբար իր ուսապարկում պահած ունենար հայկական գաթա: Նրա մտքով կանցնե՞ր արդյոք,  որ Նիդերլանդների Լիմբուրգ նահանգում, նրա հարակից Բելգիայի ու Գերմանիայի տարածքներում ու մասնավորապես Մաստրիխտում սերունդները հավերժացնելու են իր անունը: Հատկապես Մաստրիխտ քաղաքը  ապրում  է նրա շնչով: 

Տեղացիներն անխտիր  գիտեն, որ նա հայ է ու հրաշագործություն է արել  իրենց  քաղաքում: Նրա անվամբ եկեղեցի, փողոց, կամուրջ, աղբյուր, տեսարժան վայրեր, բիզնես և ուսումնական  հաստատություններ կան:   

Բոլորովին վերջերս  նրա  անվամբ արտադրվելու է  հայկական անուշաբույր  գաթա,  որի նախաձեռնությունը տեղի «Անի» հայկական  կազմակերպությանն և Սուրբ Կարապետ հայկական եկեղեցունն է: Մտահաղացումը Սոնա Հովհանեսինն է: Այս ձեռնարկը` որ  քաղաքն  ունենալու է Սուրբ Սերվատիուսի անունով  հայկական ապրանքանիշ, հավանության ու  աջակցության արժանացավ տեղի  հասարակության կողմից:

Տարեցտարի ավելի սերտ ու օրինակելի համագործակցություն է զարգանում Մաստրիխտի հայ առաքելական Սուրբ Կարապետ և տեղի կաթոլիկ` մասնավորապես հայազգի  Սուրբ Սերվատիուսի անունը  կրող եկեղեցիների միջև

 

Քաղցրավենիքը` հայկական գաթան , արտադրվելու է Սերվատիուսի  պատվին և անվանվել է Vöäske (veuske) : Սա Սերվատիուսի  անվան տարածված ու  կրճատ փաղաքշական ձևն է:

 

Ամենահիշարժանը Սուրբ Սերվատիուսի անունը կրող հնամենի Բազիլիկ ոճի տաճարում նրա անունը կրող բրենդի` հայկական գաթայի օրհնության արարողությունն էր: Օրը նշանավոր էր Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախմբի Կոմիտաս վարդապետի 150 ամյակին այստեղ տրված համերգով:

 

Vöäske անունը կրող հայկական գաթան Սերվատիուսի եկեղեցում օրհնեց գերաշնորհ Տ.խաժակ արքեպիսկոպոս  Պարսամյանը`  տեղի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ`  եպիսկոպոս Եվերարդ դե Յոնգի,   գերմանահայոց թեմի առաջնորդ  Սերոբվե  եպիսկոպոս Իսախանյանի և  Սերվատիուս բազիլիկ եկեղեցու հովիվ  Յոհան Դաութզենբերգի  ներկայությամբ:

 

Vöäske թարմ թխվող գաթան արդեն հասանելի է ամեն օր, այն  կարող եք ձեռք բերել քաղաքի կենտրոնում Zakstraat  9  համարի հասցեում գտնվող հացաբուլկեղենի Հերմանի խանութում, ինչպես նաև Լիմբուրգի այլ կետերում:

 

Շահույթի մի  մասը` արտադրության ընդլայնելուց բացի, կտրամադրվի Սուրբ Կարապետ եկեղեցու և համայնքի կարիքներին:

 

Առջևում Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներն են ու չէր  խանգարի ճաշակել հայ մեծ բարեպաշտի անվամբ` հայ և կաթոլիկ եկեղեցիների կողմից օրհնված համեղ հայկական գաթան: