Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 7-ին Պրահայի շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝  նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին։

Դպրոցի տնօրենուհի Գոհար Մելիքյանը բացելով ցերեկույթը, ներկաներին խնդրեց մեկ րոպես լռությամբ հարգել 1988թ հայաստանյան  երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը։

Այնուհետեւ  ավագ դասարանի ուսուցչուհի Նազենի Օթարյանը նշեց, որ արդեն անդրադարձել են Թումանյանի 150 ամյակին, եւ այժմ կներկայացնեն Կոմիտասին նվիրված գրական–երաժշտական ծրագիր։

,,Կոմիտասը հավաքեց եւ մեր ժողովրդին պահ տվեց 3000-ից ավելի երգեր,,- ասաց նա։

Աշակերտները ներկայացրեցին ոչ միայն Կոմիտասի կյանքն ու անցած ճանապարհը, այլեւ արտասանեցին եւ երգեցին Կոմիտասի ստեղծագործություններից։  Կոմիտասյան ժառանգությանն անդրադարձավ  ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը,  ներկայացնելով  նաեւ  մի հատված Պարույր Սեւակի ,,Անլեռելի զանգակատուն,,ից։  

Ներկաներին իր շնորհակալանքի խոսքն ուղղեց դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Քոլոյանը, ով այնուհետեւ ձայնը փոխանցեց Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ  Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։

Նա նշեց, որ Կոմիտաս Վարդապետը կատարել է մի ողջ համակարգի, մի նախարարության աշխատանք, հանելով ու մաքրելով  հայ ժողովրդի թաղված ադամանդները, աշխարհին ներկայացնելով  հոգեւոր մեծության արժեքներ։  ,,Նրա ստեղծածը ուժեղ ժողովրդի երաժշտություն է,,- ասաց հայր Սուրբը։  

Վերջում  ցերեկույթին  ներկա Չեխիայում Հայաստանի դեսպանի տիկինը ՝ Անահիտ Հովակիմյանը շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից ու մասնակիցներից  գեղեցիկ ու բովանդակալից միջոցառման համար։  Նա նաեւ դպրոցին նվիրեց Հայաստանի նախագահի տիկին Նունե Սարգսյանի մանկական գրքերը։

ՕՐԵՐ