Նոյեմբերի 14-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տնօրեն Մարկ Գրիգորյանի նախաձեռնությամբ բացվեց «Կորուսյալ արվեստ.ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի արխիվային նյութերը: Բացման ու ողջույնի խոսքով, ինչպես նաև ցուցահանդեսի մասին խոսեց թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Նա իր խոսքում նշեց. «Սա այն դեպքն է, երբ գծագիրը դառնում է գեղարվեստական ստեղծագործություն, երբ որ գծագիրը ոչ միայն ապագա կամ գոյություն ունեցող շենքը ներկայացնելու գործիք է, այլ ստանում է ինքնուրույն արժեք որպես այդպիսին: Մեծ ճարտարապետները կարողացել են հասնել այն վիճակի, որ իրենց գծագրերը դառնան արվեստի գործեր»:
Նա նշեց նաև, որ իրենք իրենց ֆոնդերից հանել ու ներկայացրել են այդպիսի գեղարվեստական ստեղծագոծությունների նմուշներ:
Ցուցանմուշների ընտրության հիմնական սկզբունքը եղել է՝ պետք է արված լինեն քանոնի ու կարգինի օգնությամբ: Ցուցադրված են նաև այն գործիքները, որոնցով աշխատել են վարպետները: Հարցին՝ արդյո՞ք ցուցահանդեսում ներկայացված բոլոր գծագրերն են վերածվել շենքերի, նա նշեց, որ ոչ:
«Ինչո՞ւ կորուսյալ արվեստ: Որովհետև հիմա ճարտարապետներն աշխատում են համակարգչով, կորցրել են այս նրբությամբ աշխատելու ձևն ու ունակությունը: Այս արվեստը, այս մոտեցումները հիմա արդեն չկան, ընդ որում՝ անհետացան այս մի քանի տարվա ընթացքում»,- ասաց Մարկ Գրիգորյանը:
Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ասաց, որ պետք է ժամանակ առ ժամանակ մարդկանց հիշեցնել, որ կա նախագիծը ներկայացնելու այս միջոցը:
«Արևմուտքում նկարիչ-ճարտարապետի ձեռքով արված աշխատանքը շատ բարձր է գնահատվում»,- նշեց նա: Նրա խոսքով, թեև համակարգչի օգնությամբ աշխատանքը 100 անգամ ավելի արագ է ստացվում, բայց ձեռքով արված աշխատանքները, գծագրերն իրենց արժեքն ունեն, որոնք ճշգրիտ, երկրաչափական հաշվարկներով, ստվերների ուղղություններով արված նախագծեր են:Եվ այսպիսով՝ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հայ ճարտարապետության նվիրյալների (Ալեքսանդր Թամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Հովհաննես Քաջազնունու, Կարո Հալաբյանի, Մարկ Գրիգորյանի, Միքայել Մազմանյանի, Նեկտար Բաժբեուկ-Մելիքյանի, Մարգարիտա Հայրապետյանի, Մարտին Թովմասյանի, Մարտին Միքայելյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Լիպարիտ Սադոյանի, Վարազդատ Հարությունյանի, Ռոմեո Ջուլհակյանի, Ջիմ Թորոսյանի և այլոց) գրաֆիկական աշխատանքները` մասնավորապես լվաներկումները (отмывка), ինչպես նաև վերարժևորել արվեստի այս ճյուղը ճարտարապետության մեջ:
Ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի