2019 թ. նոյեմբերի 8-9-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը կազմակերպում է միջազգային երկօրյա գիտաժողով`«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի կունենա ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:
Գիտաժողովին զեկույցով հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, ժամանած 23 գիտնականներ, որոնք անդրադառնալու են ցեղասպանությունը վերապրած հայերի փրկության գործին առնչվող մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են առավելապես հայկական, մասամբ նաև միջազգային կազմակերպությունների ունեցած դերակատարությունը, ինչպես նաև հայկական հոգևոր կառույցների, ազգապահպան կազմակերպությունների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Միջագետքի հայկական կազմակերպությունների գործունեությունը: Մասնագետները ներկայացնելու են Արևմտյան Հայաստանի նահանգներում իրականացված հայահավաք ձեռնարկումները, անդրադարձ է կատարվելու նաև առանձին որբանոցների գործունեությանը: Գիտաժողովի ընթացքում վեր են հանվելու նաև այն խնդիրները, որոնք առկա էին փրկության առաքելության իրականացման ընթացքում: Քննարկվելու են ինքնօգնության դրսևորումներին, որբերի թվական տվյալներին, միջազգային իրավունքի զարգացման համատեքստում հայ կանանց ու երեխաների փրկությանը, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք հարցեր: Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու անգլերենն են:
Գիտաժողովի շրջանակներում` նոյեմբերի 8-ին, ժամը 10:00-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա նաև «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի և ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը:
Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու է բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվելու են հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացվելու են նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:
Ընդարձակ խորագրով ներկայացվելու են այն անհատները, ովքեր Միջագետքի անապատներում, Արևմտյան Հայաստանի տարածքում զբաղվել են որբահավաք աշխատանքներով, որբերի, կանանց ապաստարանի ու կեցության հարցերով:
Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային նյութերով՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ` հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի, Երևանի պատմության թանգարանի և ՀՑԹԻ-ի աշխատակից Միհրան Մինասեանի հավաքածուներից: Ներկայացվելու են նաև որբերի թվաքանակի հետ կապված վիճակագրական տվյալներ:
Ցուցադրվելու են որբանոցային հուշեր, մինչ այս շրջանառության մեջ չդրված լուսանկարներ, ինչպես նաև գաղթի ճանապարհի իրեր, որբանոցային առարկաներ, որբերի ձեռքով արված ասեղնագործություններ:
Ցուցադրության նպատակն է վեր հանել այն կարևոր դերակատարումը, որը դրսևորեց հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին: Փրկության գործն իրական դարձավ հայության համախմբվածության և մեկ միասնական գաղափարով առաջնորդվելու շնորհիվ` վերականգնելով ազգային ինքնությունը, որը և հիմք դրեց ազգային վերածննդի։