Հայաստանում ստալինյան բռնաճնշումների ամբողջական ուսումնասիրությունը հնարավոր դարձավ 1990-ականների սկզբներին ՀՀ ԱԱՆ արխիվը բացելուց հետո: Այն կատարվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի առաջին նախագահ Հուսիկ Հարությունյանի օրոք (ով, ի դեպ, 1949 թվականի հունիսի 14-ին ընտանիքի անդամների հետ աքսորվել էր Հայաստանից): Այդ աշխատանքներն առավել ակտիվացան ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, ում պապը 1937 Մեծ տեռորի զոհերից էր: Մասնավորապես, հրապարակվեցին բազում հոդվածներ, տպագրվեցին գրքեր, նկարահանվեցին փաստագրական ֆիլմեր և այլն:Սանձազերծված ստալինյան բռնաճնշումների ուսումնասիրությունը Հայաստանում փաստացի սկսվել է 1990-ականների սկզբներին, երբ բացվել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության համապատասխան արխիվը:
Այդ տարիներին եղան բռնության ենթարկված բազմաթիվ անձանց մասին հրապարակումներ (Հր. Ավետիսյանի, Ա. Վիրաբյանի, Ա. Սաքանյանի, Ա. Հովհաննիսյանի, Կ. Խալատովայի, Ստ. Ղարիբջանյանի, Դ. Գասպարյանի և այլոց հոդվածները), սակայն երևույթն ամբողջությամբ այդպես էլ չներկայացվեց: Հրապարակվել են նաև այդ ժամանակաշրջանի Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող արժեքավոր փաստաթղթեր:Հայաստանում Ստալինյան բռնաճնշումները առավել բազմաքանակ զոհեր են եղել 1930-ականներին և 1949 թվականի հունիսի 14-ին տխրահռչակ օրը: Մեծ էր բռնադատված մտավորականների, գրականության և արվեստի ներկայացուցիչների, հասարակական-քաղաքական, պետական գործիչների և, ընդհանրապես, հասարակության ակտիվ սերուցքը ներկայացնող խավերի քանակը 1937-1938 թվականներին: 1920-1953 թվականներին ստալինյան բռնաճնշումների հայաստանիների թվի ճշտումը առաջին անգամ կատարվել է ՀՀ ԱԱՆ և ՆԳՆ արխիվների ցուցակային տվյալների հիման վրա (1930-1938 թթ. բռնաճնշումների ցուցակները՝ «Հիշեն անուն առ անուն» վերտառությամբ 1993-1996 թվականներին հրապարակվել է Հայաստանի Հանրապետություն և Ռեսպուբլիկա Արմենիա թերթերում):
Սակայն, ինչպես նշում է Արմենակ Մանուկյանը, այդ ցուցակներում ընդգրկված են նաև լրտեսության, հայրենիքի դավաճանության, սահմանի ապօրինի անցման, բանդիտիզմի համար դատապարտվածները, որոնց մեծամասնությունը չի կարելի համարել քաղաքական բռնությունների զոհ, առավելևս, որ նրանց մի մասը չի արդարացվել անգամ մեր ժամանակներում: Քաղաքական բռնաճնշումների ենթարկվածների ընդհանուր քանակը, գուցեև քիչ շեղումներով, մոտավոր է՝ շուրջ 13 հազար մարդ, ինչը սակայն չի խանգարում ներկայացնելու այդ երևույթն ամբողջությամբ: Կապված սրա հետ տարիների ընթացքում հասկանալի պատճառով քիչ են անդրադարձել թե պատմաբանները, թե գրողներն ու հրապարակախոսներն, ինչպես նաև հասարակական ու քաղաքական գործիչները:
Այսպիսով բավականին վերջերս իմացանք,որ Հայաստանի Ազգային Արխիվը երկար ուսումնասիրելուց ու մի շարք փաստեր համախմբելով ու համադրելով, հանդիպելով այդ ժամանակաշրջանի բռնադատված վերապրողների հետ, նրա հուշերը գրի է առել ու ընթերցողին ներկայացել իր երկրորդ աշխատությամբ մասնագիտությամբ քիմիկոս ու գիտական կրթության մեթոդիստ-ասպիրանտ Արմինե Կարապետյան- Կունդակջեանն իր «Ստալինյան ժամանակաշրջանի վերապրողների հուշերը» գիրքը:
Արմինե Կարապետյան-Կունդակջեանը ծնվել է Իրանում: Մասնագիտությամբ քիմիկոս է և գիտական կրթության մեթոդիստ-ասպիրանտ –(ԱՄՆ): Տարիներ շարունակ դասավանդել է իր մասնագիտությամբ: Գործուն մասնակցություն ունի և ամերիկահայ գաղթօջախի քաղաքական ու մշակութային կյանքում: Անդամակցում է ամերիկյան զանազան գիտական ու հասարակական կազմակերպությունների: 1991 թվականից անընդմեջ, յուրաքանչյուր տարի ամիսներով բնակվում է Երևանում: Խիստ հետաքրքրված է հայագիտությամբ ու հայ ազգին հուզող ամեն տեսակ հարցերով: Հեղինակ է խաղերի տեսքով մի քանի հայերեն ուսումնական օժանդակ դասավանդման նյութերի:
Սա հեղինակի նշված թեմայով երկրորդ գիրքն է: Առաջինը գիտական ուսումնասիրություն է, որի նյութը քաղված է Հայաստանի ազգային արխիվից: Այն ընդգրկում է 1920-1953թթ.42000 բռնադատվածների, մասնավորապես՝արտասահմանյան երկրներից Հայաստան ներգաղթած և ապա բռնադատված մի մասի ճակատագիրն ու բռնաճնշումների վիճակագրությունը: Գրքում տեղ են գտել նաև այդ ժամանակաշրջանի վերապրածների հիշողություններից որոշ պատմություններ: Երկրորդ գրքում հիմնականում բռնաճնշված վերապրողների կյանքի պատմություններն են,նրանց հուշերը:Գրքում ընթերցողը ծանոթանում է Բագրատ Գանայանի, Ջիմ Թորոսյանի, Համբարձում Համբարձումյանի, Էլեոնորա Ասլանյանի, Գուրգեն Տեր-Ավագյանի, Ալեն Փիրյանի, Մարո Գևորգյանի, Լուսիկ Վարդանյանի, Սուսաննա Խաչատրյանի, Մարալ Տեր-Գևորգյանի, Գեղամ Ղարիբյանի, Հասմիկ Տեր-Ավագյանի, Էլիզաբեթ Բելինջյանի, Նինա Դանիելյանի, Փարսադան Հարությունյանի, Գառնիկ Շահնազարյանի, Հայկ Հակոբյանի, Անիկ Մկրտչյանի, Շուշանիկ Ղազարյանի, Գրետա Շիմարյանի, Վարդանուշ Խալաֆյանի,Աղաբեկ Մարտիրոսյանի, Հարութ Ավագյանի, Հարություն Բարսեղյանի, Հմայակ Ղարիբյանի, Մարիամ Գևորգյանի, Սուրեն Բուրսալյանի, Ստեփան Վերանյանի, Ասյա Ջումշուդյանի, Արփենիկ Ալեքսանյանի, Իռեն Օրդուխանյանի, Սողոմոն Հարությունովի, Նինա Հովսեփյանի, Օնիկ Մկրտչյանի, Պերճուհի Քրալյանի, Վարսենիկ Փայասլյանի, Հայկուհի Քյուփելյանի այդ օրերի ծանր ու տխուր հուշերի ու մտորումների հետ:Այսպիսով՝գիրքը ճանաչողական է ու միտված է բացահայտելու և հանրայնացնելու ԽՍՀՄ-ում ամբողջականության շրջանի քաղաքական բռնաճնշումների դրսևորումներն ու դրանց հասարակական ներկա ընկալումները:
Այսպիսով՝ նոյեմբերի 11-ին ընթերցասեր,գրականագետների ու մտավորականների սիրված մշակութային օջախներից մեկում՝, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ քիմիկոս, հասարակական գործիչ Արմինե Կունդակջեանի «Ստալինյան ժամանակաշրջանի վերապրողների հուշերը» գրքի շնորհանդեսը։Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ, ընթերցասեր հասարակություն, այդ ծանր ժամանակաշրջանը վերապրողներ, դրանց ընտանիքի անդամներ՝իրենց խոսքերն ու երախտիքն ուղղելու սիրված մտավորականին այս պատասխանատու ու հայրենանվեր գործի համար:Ավանդույթի համաձայն շնորհանդեսը վարում, ինչպես նաև վերապրողների հուշերից ընթերցում էր դերասան-ասմունքող Գայանե Սամվելյանն,ով հանդիսատեսին տեղափոխեց այդ անհիշելի ու ծանր և դաժան ստալինյան ժամանակաշրջան:
Միջոցառումը սկսվեց գրքի հեղինակին ուղղված հարց ու պատասխանով: Ելույթներով հանդես եկան հայ ազգագրագետ, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը, վերապրողներից Գուրգեն Տեր-Ավագյանը, ընթերցողներ և այլք: Ցերեկույթն իր գեղեցիկ դաշնամուրային ու հեղինակային կատարումով զարդարեց կոմպոզիտոր Աննա Գարսոյանը: Միջոցառման վերջում ներկաներին ու շնորհանդեսի կազմակերպիչներին ուղղված շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Արմինե Կունդակջեանն, իսկ ելույթի վերջում գրքեր նվիրեց գրքում զետեղված վերապրողներին ու նրանց ընտանիքի անդամներին ու բարեկամներին ու ընթերցողներին:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի