Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանների առթիվ միջոցառում անցկացվեց Սերբիայի գրողների միությունում, նոյեմբերի հինգին, 2019 թ․։
Միջոցառումը կազմակերպել էր Սերբ գրողների միության անդամ, բանաստեղծուհի Անուշ Բալայանը, որ զբաղվում է նաև թարգմանությամբ, ինչպես հայերենից սերբերեն, այնպես էլ սերբերենից հայերեն։
Հայ մեծերի կյանքի և գործունեության հետաքրքիր դրվագների սերբալեզու այս դասախոսությունը, անշուշտ, կարևոր քայլ է հայ և սերբ ժողովուրդներին ավելի իրար մոտեցնելու գործում։
Սոֆյա Վոյինովիչի դաշնամուրային կատարմամբ հնչեց Կոմիտասի «Շուշիկին»։
Մեծարման այս երեկոյի ընթացքում սերբ գրող և երգիչ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը կատարեց Կոմիտասի «Կռունկը», իսկ երաժշտության մանկավարժ Անդրիանա Ֆիլիպովիչը՝ Անուշի արիան, «Ասում են ուռին»։ Անուշ Բալայանը նաև կատարեց Կոմիտասի «Կուժն առա» և «Գնա, գնա» երգը՝ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի և Ուրոշ Մարտինովիչի կիթառային նվագակցությամբ։
Նշելով արտերկրի մի շարք վայրերում առկա տեղանունները՝ ի պատիվ հայազգի մեծ զավակների, Անուշ Բալայանը հայտնեց, որ «Ակցիա կույրերի համար» կազմակերպության հետ միասին աշխատում են հայ-սերբական բարեկամության այգի հիմնելու ուղղությամբ, որը կկրի Թումանյանի և Կոմիտասի մեծահունչ ու պարտավորեցնող անունները։
Երեկոյի հայ և սերբ ունկնդիրները հուզումնալից և հիացական զգացումներով հագեցած, սպասում են հաջորդ հայաշունչ միջոցառմանը։
orer.eu