Հոկտեմբերի 23-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինահայոց միության նախաձեռնությամբ Ռումինիայի ակադեմիայում կազմակերպված «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Ռումինիայի Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ռզվան Թեոդորեսկուն, Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով նաև ընթերցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռումինահայ համայնքին հղած ուղերձը.
«Սիրելի ռումինահայեր,
Ռումինիայի հայոց միության սիրելի անդամներ,
Շնորհավորում եմ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ: Այն կարևորագույն քայլ էր պատմական hայրենիքից դուրս հայկական ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և ներկայացման առումով: Ռումինիայում հայերն ունեն հազարամյա ներկայություն: Նրանք ակտիվ ներդրում են ունեցել Ռումինիայի զարգացման գործում: Հայերը մշտապես մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը և ակտիվորեն ներգրավված են եղել երկրի քաղաքական-հասարակական կյանքում:
Այս օրենքի ընդունումը, հիրավի, երկու ժողովուրդների՝ հայերի և ռումինացիների բազմադարյա համակեցության խորհրդանիշն է, հայերենի և հայկական մշակույթի իմացությունը խթանող և հայի ինքնությունը պահպանող կարևոր ազդակ: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ ռումինահայ համայնքին և մասնավորապես այս օրենքի համահեղինակներ Վարուժան Ոսկանյանին և Վարուժան Փամբուկչյանին, ովքեր գրեթե երեք տասնամյակ կարևոր դերակատարում ունեն Ռումինիայի քաղաքական կյանքում:
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ռումինիայի իշխանություններին, մասնավորապես, խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին՝ մեծ կարևորություն ունեցող օրենքի ընդունման, ինչպես նաև հայ համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Վերստին շնորհավորում եմ, սիրելի հայրենակիցներ, այս նշանակալի ձեռքբերման, ինչպես նաև Ռումինահայոց միության հարյուրամյա հոբելյանի առթիվ»:
Ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՍՄ նախարարության Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Տրանսիլվանիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի համալսարանում գործող Հայագիտության ինստիտուտի տնօրեն Թյուդոր Սալաջյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինահայոց միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Բուխարեստի համալսարանի դասական լեզուների ամբիոնի պրոֆեսոր Ֆրանցիսկա Բալտաչեանուն, Ռումինիայի Ակադեմիայի Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն դոկտոր Անդրեյ Տիմոտինը և պատմաբան Անդրեյ Դանիել Գեորգեն:
Բանախոսները ներկայացրեցին հայոց լեզվի ու հայկական մշակույթի առանձնահատկությունները և հիմնական արժեքները, ինչպես նաև ռումինահայ համայնքի պատմությունն ու կարգավիճակը:
Միջոցառման շրջանակներում բացվեց նաև ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներ ու մանրանկարչություններ, ինչպես նաև Ռումինիայի ակադեմիայի գրադարանում պահվող որոշ արխիվային փաստաթղթեր և հայերեն ձեռագրեր: