Հոկտեմբերի 18-ին Ռումինիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտում/IDR կազմակերպվել էր «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով կլոր սեղանը և լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի ԱԳՆ Արևելյան հարևանության հետ հարաբերությունների գլխավոր վարչության պետ, Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնակատար Ադրիանա Ստանեսկուն, ովքեր անդրադարձան Թավշյա հեղափոխության նշանակությանն ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքի ու ժողովրդավարական գործընթացների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում` ներառյալ հայ-ռումինական հարաբերությունները: Տկն Ստանեսկուն, կիսվելով Հայաստան կատարած իր այցի տպավորություններով, ներկաներին կրկին հավաստիացրեց, որ Ռումինիան շարունակելու է աջակցել Հայաստանին և Հայաստանի իշխանություններին հեղափոխական բարեփոխումների և երկկողմ հարաբերությունների խորացման գործում:
Ցուցահանդեսին հաջորդած կլոր սեղանի ընթացքում, որը վարում էր Ռումինիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Դան Պետրեն, քննարկվեց Հայաստանի Թավշյա հեղափոխության ազդեցության դերն ու նշանակությունը ներքաղաքական և տարածաշրջանային մի շարք հարցերի վրա:
Ելույթներով հանդես եկան Կովկասի ինստիտուտի տնօրեն (Հայաստան) Ալեքսանդր Իսկանդարյանը, ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը և Բուխարեստի համալսարանի Քաղաքական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Օանա-Վալենտինա Սուչիուն:
Քննարկմանը մասնակցեցին Ռումինիայի ԱԳՆ և Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու աշխատակիցներ, փորձագետներ, լրագրողներ, ինչպես նաև ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառումը լուսաբանվել է նաև ռումինական ԶԼՄ-ներում: