Գիրոնա.- Հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի Սանտ Հիլարի Սակալմ /Sant Hilari de Sacalm/ քաղաքի խորհուրդը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ՕՐԵՐ-ի սեփական թղթակիցը հայտնում է Գիրոնայից։
Դեռեւս չորս ամիս առաջ Կատալոնիայի ,,Արարատ,, միության ներկայացուցիչ Սարգիս Հակոբյանը Սանտ Հիլարի Սակալմ քաղաքի մաշակույթի տանը անցկացված համաժողովի ժամանակ ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեման, եւ առաջարկ ներկայացրել Կատալոնիայի այլ քաղաքների նման ՝ դատապարտելու հայերի ցեղասպանությունը։ Հետագայում՝ հոկտեմբերի 10-ին դիմումը քննարկման է դրվել եւ Սանտ Հիլարի դե Սակալմ քաղաքային խորհրդի ներկայացուցիչները մեծամասնությամբ կողմ են քվեարկել։ Որոշումը հրապարակվել է այսօր։
Ընդունված բանաձեւում մասնավորապես նշվում է, որ 1915-1921թթ Օսմանյան Կայսրությունում իրականացվել են հայ ժողովրդի ջարդեր եւ տեղահանումներ, հատկապես երիտուրքերի իշխանության շրջանում։ Վերջիններս սկզբնական շրջանում թեեւ փորձում էին ժողովրդավարական փոփոխություններ մտցնել Օսմանյան Կայսրության կառույցներում, սակայն այդ շարժումն ավարտվեց իսլամական նացիոնալիզմով՝ Թուրքիան միայն թուրքերի համար կարգախոսով։
Այնուհետեւ նշվում է, որ հայերի հանդեպ սկսված ջարդերի արդյունքում 800 հազար հայեր հասան Սիրիա, 300 հազարը՝ Ռուսաստան, 1.5 միլիոն հայեր նահատակվեցին։ Այն, ինչ կատարվեց հայ ժողովրդի հետ, ցեղասպանություն էր։
Վերջում նշվել է նաեւ, որ պետք է աջակցել հայ ժողովրդին իր դեմոկրատական բարեփոխումների ճանապարհին, աջակցել նաեւ Կատալոնիայի բոլոր հայկական միություններին, ինչպես նաեւ աջակցել Հայաստանին եւ Թուրքիային, արեւելյան այն ուժերին, որ հնարավոր դարձրին Ցյուրիխյան բանաձեւի ստորագրումը։ Նաեւ հույս է հայտնվում, որ տարածաշրջանում կկարգավորվի լարված իրավիճակը, եւ Կովկասը կդառնա համագործակցության եւ ազատության մի վայր։ Որոշումը ստորագրել է քաղաքապետը։
ՕՐԵՐ Եվրոպական ամսագիր
orer.eu
Սարգիս Հակոբյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության թեման