Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) գլխավորությամբ Պրահայում անցկացվեցին Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-չեխական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով երկկողմ, բազմակողմ և ԵՄ ձևաչափերում հարաբերությունների զարգացման դինամիկային և ակնկալվող զարգացումներին՝ միաժամանակ վերահաստատելով հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությունն ու հանձնառությունը։
Կողմերը գոհունակությամբ նշեցին միջազգային հարթակներում համագործակցության փորձը՝ երկուստեք ընդգծելով միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Հայաստանի և Չեխիայի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի շրջանակներում։ Հայկական կողմը բարձր գնահատեց միջազգային հարթակներում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման դրսևորումը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկեցին Հայաստան-ԵՄ օրակարգը, Արևելյան գործընկերության ձեռքբերումները, ներկայիս վիճակը և այդ ձևաչափում երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կարևորությունը Հայաստանի համար, խոսեց Հայաստանի զարգացման օրակարգից, անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ներգրավվածությանը: Այդ համատեքստում Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, երկրում տեղի ունեցող բարեփոխումների ներկայիս ընթացքը և այդ օրակարգում ԵՄ անդամ գործընկերների և միջազգային կառույցների հետ համագործակցության կարևորությունը, որը ստացավ նաև չեխական կողմի դրական արձագանքը։
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության այլ հարցերի, մասնավորապես՝ Կովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջաններում իրադարձությունների զարգացմանը։ Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով հարցի առնչությամբ ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին լիակատար աջակցությունը:
ՉՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Չեխիայի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները, խոսեց Վիշեգրադյան քառյակում ներկայիս և 2022թ․ ԵՄ-ում Չեխիայի նախագահությունների առաջնահերթություններից, ինչպես նաև ներկայացրեց չեխական կողմի դիրքորոշումը եվրոպական և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող հարցերի առնչությամբ՝ անդրադառնալով նաև Մերձավոր Արևելքում առկա իրադրությանը։
Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը:
Նույն օրը Չեխիայի նախագահի նստավայրում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց ՉՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Ռուդոլֆ Յինդրակը (Rudolf Jindrák):
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում ունեցավ նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նորանշանակ նախագահ՝ Օնդրժեյ Վեսելիի (Ondřej Veselý) հետ: