Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի գիտական աշխարհում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն։ Գերմանիայի DESY ազգային արագացուցչային կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ պրոֆ. Հելմուտ Դոշը, Գերմանիայի առաջատար գիտնականների և ոլորտի պատասխանատուների 16 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ, այցելեց Հայաստան: DESY-ն հանդիսանում է աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը՝ հիմնարար և կիրառական գիտությունների ոլորտում։

Հոկտեմբերի 10-ին պատվիրակությունը այցելեց ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետա­զոտությունների ինստիտուտ։ Այցելության նպատակն էր ամրապնդել ինստիտուտների միջև եղած համագործակցությունը, քննարկել DESY-ի և ՔԵՆԴԼ-ի ստորաբաժանումների միջև հետագա համատեղ աշխատանքների ընթացքը, ուսումնասիրել համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև համագործակցությունը աշխարհի հզորագույն ռենտգենյան լազերի` Եվրոպական X-FEL ծրագրի շրջանակներում։

         Հյուրերին ներկայացվեց AREAL լազերով ղեկավարվող էլեկտրոնային գծային արագացուցիչը, AREAL-ի հենքի վրա ազատ էլեկտրոնային լազերի ստեղծման հեռանկար­ները, ինչպես նաև AREAL արագացուցչի միջոցով իրականացվող ժամանա­կակից կիրառական հետազոտությունների արդյունքներն ու հեռանկարները։ Ներկա­յացվեցին նաև նանոտեխնոլոգիաների և կենսաբժշկական փորձարարական կայանները և ինստիտուտի լաբորատորիաները:

DESY-ի արագացուցչային ստորաբաժանման ղեկավար Վիմ Լեմենսը խորապես տպավորված էր համատեղ քննարկումներից և հետագա համագործակցության ներուժից. «Ես ոգևորված եմ ՔԵՆԴԼ-ում ժամանակակից արագացուցչային տեխնոլոգիաների զարգացմամբ, կոմպակտ համակարգերի մշակմամբ, որոնք շատ կարևոր են գիտնականների հաջորդ սերնդի համար։ Մենք ոգևորված ենք նաև ինստիտուտում՝ գերկարճ  էլեկտրոնային փնջերի միջոցով ճառագայթային կենսաբանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով, քանի որ դա կարող է մեծ օգուտ բերել հասարակությանը: Մենք ցանկանում ենք համագործակցել և կազմակերպել համատեղ միջազգային գիտաժողով», - ավելացրեց Լեմենսը:

Հիմնվելով DESY-ի և ՔԵՆԴԼ-ի երկարատև արդյունավետ համագործակցության վրա և միտում ունենալով հետագայում էլ ավելի ուժեղացնել այն` Հայաստանում Գերմանիայի դեսպան դոկտ. Միխայել Բանցհաֆի կացավայրում երկու ինստիտուտների միջև համատեղ հռչակագիր ստորագրվեց։ Այս հռչակագրով ՔԵՆԴԼ-ը մեծ ներգրավվածությունն է ունենալու DESY-ի առաջատար PETRA IV արագացուցչի նախագծման և կառուցման գործում։ Հռչակագիրը նոր երկարաժամկետ համագործակցության հնարավորություններ է բացում երկու գիտական հաստատությունների միջև՝ ժամանակակից արագացուցչային տեխնոլոգիաների, լույսի նոր աղբյուրների և կյանքի ու նյութագիտության ոլորտներում դրանց կիրառման բնագավառներում:  

Հյուրերի պատվիրակությունն ընդունելության արժանացավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում։ ՀՀ նախագահն իր աջակցությունը հայտնեց Հայաս­տանի և Գերմանիայի գիտնականների միջև համատեղ ծրագրերի զարգացման կապակցությամբ: