Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Պրահայի Սուրբ Վիտի տաճարում այսօր ժամը 11-ին սկսված հոգեհանգստյան արարողությամբ Չեխիայի քաղաքական, մշակութային  ու  հոգեւոր ընտրանին հրաժեշտ տվեց բոլոր ժամանակների չեխ ամենահայտնի պոպ երգիչ, հայտնի տենոր Կարել Գոտտին։ Չորս տարի նա պայքարեց անողոք հիվանդության դեմ, սակայի այս հոկտեմբերին 1-ին 80-ամյա երգիչը հոգին ավանդեց. տիկնոջը՝  Իվանկային եւ տարբեր ամուսնություններից չորս դուստրերին, իր բազմահազար երկրպագուներին  թողնելով անսահման սերն ու անկրկնելի երաժշտական ժառանգությունը։

Հոգեհանգստյան ծիսակարգը վարեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։ 

Նրա ասելով Գոտտը հայտնի դարձրեց Չեխիան ողջ աշխարհում եւ որդեգրեց այնպիսի արժեքներ, որոնք կյանքը դարձնում են հարուստ ու սքանչելի։  Նրա  խոսքին հաջորդեցին  երգչուհի Էվա Պիլարովայի, նախկին նախագահ Հավելի տիկնոջ՝  դերասանուհի Դագմար Հավլովայի եւ հայտնի դերասան Յիրժի Բարտոշեկի  կողմից աղոթքների ընթերցումը,  երգեցին հայտնի երգչուհի Լուցիե Բիլան՝ ,,Ավե Մարիան», ելույթներ ունեցան նաեւ  տենոր Շտեֆան Մարգիտան եւ օպերային հանրահայտ երգչուհի Էվա Ուրբանովան,   իսկ հանրահայտ դերասանուհի  Յիրինա Բոհդալովան կարդաց 40-տարվա իր ընկերոջ հետ հրաժեշտի հուզիչ խոսքը։

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին  նախագահ Միլոշ Զեմանը տիկնոջ հետ, խորհրդարանի երկու պալատների նախագահներն իրենց տիկնանց հետ, Չեխիայի  վարչապետ Բաբիշը եւ Սլովակիայի վարչապետ Պելեգրինը, պետական, քաղաքական, մշակութային գործիչներ։

Նախորդ օրը Գոտտի աճյունը դրվել էր Պրահայի Ժոֆին պալատում, ուր մեկ օրվա ընթացքում 50 հազար մարդ էր հրաժեշտ տվել, իսկ հոգեհանգստյան արարողությունը հեռարձակել է Չեխական հեռուստատեսությունը, որին հետեւել է 1.5 միլիոն հեռուստադիտող։

Հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ Մոտոլի գերեզմանատանը։

Հոկտեմբերի 12-ին կառավարությունը Չեխիայում սուգ էր հայտարարել։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝  ČT