ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում մեկնարկեցին արդեն ավանդական դարձած հայկական մշակութային օրերը, որի նպատակն է Գերմանիայի հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները: Այս տարվա միջոցառումները անցկացվում են Լորդ Բայրոնի Հայաստանին տրված գնահատականի՝ «Հրաշքների երկիր է» նշանաբանով:
Հոկտեմբերի 9-ին Շտուտգարտի հանրահայտ Լիդե Հալի համերգասրահում տեղի ունեցավ ,,Հայկական օրերի,, հանդիսավոր բացումը՝ Բադեն-Վյուրթեմբերգի կամերային նվագախմբի եւ հայտնի խմբավարի Ռուբեն Ղազարյանի ղեկավարությամբ։ Մենակատարը գերմանաբնակ հայտնի օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցն էր, ով հրաշալի կատարեց Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները։ Նվագակցում էր նաեւ անվանի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը։ Առաջին անգամ հնչեց Ռոբերտ Ամիրխանյանի Հայկական օրերին նվիրված ,, Հավատում եմ քեզ,, երգը, որը հիանալի կատարեց Հրաչուհի Բասենցը։ Համերգին ներկա էին 350 հանդիսականներ՝ քաղաքական, մշակութային, հոգեւոր գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հոկտեմբերին 10-ին տեղի ունեցավ Առաջին հայ-գերմանական տնտեսական ֆորումը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ձեռնարկի կազմակերպիչներից,Բադեն-Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ Տեր Տիրատուր Սարդարյանը,այս ֆորումը նոր էջ բացեց Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի զարգացման բնագավառում։ Խոշոր ու միջին բիզնեսի 50 ներկայացուցիչներ քննարկել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները եւ պայմանները։
Նույն երեկոյան տեղի է ունեցել աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ձեռնարկ։ Նախ ցուցադրվել է Արտուրո Սայանի ,,Մաեստրո 95. Նվիրում Փարաջանովին,, ֆիլմը։ Ապա Երեւանի Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ներկայացրել է մեծ կինոբեմադրիչի կյանքն ու ստեղծագործությունը, իսկ վերջում ցուցադրվել է ,,Նռան գույնը,, ֆիլմը։
Հոկտեմբերի 11-ին Շտուտգարտի Աստվածաշնչյան թանգարանում տեղի ունեցավ զրույց-հանդիպում, որի ընթացքում համեմատություններ կատարվեցին Հին Կտակարանի եւ հայ ժողովրդի պատմության միջեւ։ Զրույցը վարել են Տեր Տիրատուր Սարդարյանը եւ թանգարանի տնօրեն Ֆրանչիսկա Շտոկեր Շվարցը։
Իսկ երեկոյան տեղի ունեցավ Հայ-գերմանական ընկերության կազմակերպած բանավեճը՝ նվիրված Հայաստանի քաղաքական զարգացումներին, որին մասնակցում էին նաեւ Բունդեսթագի պատգամավորներ։
Այսօր հոկտեմբերի 12-ին ներկայացվեց Զառա Սաֆարյանի գերմաներեն։ ,,Հայկական խոհանոց,, գիրքը։ Գերմանացի դերասանուհի Դիանա Կրյուգերը ընթերցեց մեծերի եւ փոքրերի համար նախատեսված հայկական հեքիաթներ։
Երեկոյան համերգային ծրագրով հանդես եկավ կիթառահար –երգչուհի Լիլիթ Սարգսյանը։
ՕՐԵՐ