Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՕՐԵՐ ամսագրի վերջին համարում, 2019p. հոկտեմբերի 6-ին Հունգարիայի Վեսպրեմ քաղաքում տեղի ունեցավ 1848-49 թթ. Հունգարական ազատամարտի՝ Արադի հայ հերոսներ Վիլմոշ Լազարի և Էրնյո Կիշշի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը նրանց անունը կրող հրապարակում։ Հուշարձանի հեղինակն է հայաստանցի հայտնի արվեստագետ Աշոտ Բաղդասարյանը։ Այսպիսով հարգվեց Արադի 13 նահատակների հիշատակը, որոնցից նշված երկուսը հայ էին։
Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում հայտնեց Հունգարիայի հայկական ռադիոժամի գլխավոր խոսնակ Սոսե Սուսանյանը, Արադի հերոսների հիշատակը Հունգարիայում հիշատակվում է տարին երկու անգամ` hոկտեմբեր 6-ին և մարտի 15-ին, եւ Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունն ամեն տարի հունգար ժողովրդի հետ մասնակցում է հիշատակի ձեռնարկներին։
Ավստրոհունգարական կայսրության շրջանում տեղի ունեցած Հունգարիայի ազատագրական պայքարի այս էջը հունգարահայ պատմության մեջ նույնպես կարևոր տեղ է զբաղեցնում։ Ինչպես նշում է Սոսե Սուսանյանը պատերազմին մասնակցել են մեծ թվով հունգարահայ սպաներ՝ 70 սպա եւ 1200 կամավոր զինվորներ։
Բացման արարողությունը կատարեցին Վեսպրեմ քաղաքի քաղաքապետ Ջյուլա Բորկան և Վեսպրեմ քաղաքի Հայ ինքնավարության և Հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Նիկողոս Հակոբյանը /Ակոբյանը/։ Միջոցառմանը ներկա էին նաև քաղաքապետի տեղակալ՝ Մարիա Պրանին և Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր՝ Օվատի Բեդերը, ինչպես նաեւ հունգարահայեր, տարբեր երկրներից ժամանած հայեր։
Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը սովորություն է դարձրել նաև գնդապետներ Վիլմոշ Լազարի և Էրնյո Կիշշի դիմանկարներով բրոնզե հուշամեդալ նվիրել այն հունգարացիներն, ովքեր աչքի են ընկել իրենց հայանպաստ գործունեությամբ։ Այս տարի բրոնզե հուշարմեդալին արժանացան Վեսպրեմ քաղաքի քաղաքապետը, քաղաքապետի տեղակալը և Հայոց ցեղապանության 100 ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի հեղինակ Կլաուդիա Վօհլմուդը (ֆիլմը շահել է Եվրոպական վավերագրական ֆիլմերի առաջին մրցանակը)։
,,1997 թ-ից ի վեր Վեսպրեմ քաղաքում Հունգարիայի ազատագրման պայքարին նվիրված Էրնյո Կիշշի և Վիլմոշ Լազարի անվան փոքրիկ հրապարակը սրբատեղի դարձել է ո՛չ միայն հայերի, այլև հունգարացիների համար, քանի որ հայ զորավարները 1848-1849 թթ․ հեղափոխության ժամանակ իրենց կյանքը զոհեցին հանուն Հունգարիայի ազատագրման համար,,- ասում է Սոսի Սուսանյանը։
Քանդակը խորհրդանշում է հին հունական ավանդազրույցի հերոս Իկարոսին, ով եղել է աթենացի ճարտարապետ Դեդալոսի որդին եւ իր հոր կառուցած Լաբիրինթոսում է բանտարկվել Մինոս թագավորի հրամանով։ Երբ Դեդալոսի պատրաստած արհեստական թեւերով փախել են, պատանի Իկարոսը շատ է մոտեցել արեւին, ինչից նրա թեւերն ամրացնող մոմերը հալվել են եւ նա ընկել է Էգեյան ծովը։ Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որը հետագայում կոչվել է Իկարիա։ Իկարոսի կերպարը նույնացվում է նաեւ Արադյան հերոսների պայքարի հետ, որոնք նույնպես պայքարեցին իրենց ազատության համար եւ նահատակվեցին։ Արձանի վրա պատկերված է գետնված Իկարոսը, որի մի թեւը վեր է խոյանում, իսկ մյուսը՝ ծալվել է։
Քանդակագործ Աշոտ Բաղդասարյանն անցած տարիների ընթացքում Հունգարիայում 20-ից ավելի ցուցահանդեսներ է ունեցել, որոնք լայնորեն լուսաբանվել են հունգարական մամուլում եւ լրատվության այլ միջոցներում։
Ինչպես նշում է Սոսի Սուսանյանը, նա ճանաչված անուն է նաեւ Հունգարիայում։
Նշենք, որ դեռեւս 1977թ հունգարական Շոպրոն քաղաքում տեղադրվել է Խորհրդային Հայաստանի եւ Դյոր- Շոպրոն շրջանի բարեկամությանը նվիրված հուշարձան, որի հեղինակն է Աշոտի հայրը՝ հայտնի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ով հայտնի է Արցախի ,,Տատիկի եւ Պապիկի,, հուշարձանով/1967թ/։
Երբ Աշոտ Բաղդասարյանը տեղեկացել է Վեսպրեմում Լազարի եւ Կիշշի հրապարակի վերանորգման եւ նոր արձանի տեղադրման մասին, մասնակցել է մրցույթին եւ հաղթել մրցակից հունգարացի քանդակագործներին, որոնք մեծ մոնումնետալ արձանների նախագծեր էին ներկայացրել։ Իր նախագիծն ավելի համահունչ է եղել փոքրիկ հրապարակի համար։
Հայ քանդակագործի բրոնզաձույլ հուշարձանը դրվել է հրապարակում գործող ջրավազանի մեջ տեղադրված քարե գնդի վրա։ Ի դեպ, քաղաքապետարանի ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ ապագայում կլինեն համագործակցության այլ առաջարկներ։
,,Ուրախ եմ, որ կարողացա իմ հետքը թողնել այս քաղաքի պատմության մեջ,,- ասել է Աշոտ Բաղդասարյանը։
Նրա հեղինակությամբ արձանը Վեսպրեմում տեղակայված հայկական թեմայով 4-րդ քանդակն է։
Վերջում նշենք, որ հոկտեմբերի 6-ի Արադի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումը կազմակերպել էին Վեսպրեմ քաղաքի քաղաքապետարանը, Վեսպրեմ քաղաքի Հայ ազգային ինքնավարությունը և Հայկական մշակութային հիմնադրամը։
Հակոբ Ասատրյան
Պրահա
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր