Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պաշտոնեությանը` ուղեկցությամբ Պորտուգալիայում հիմնադրված Պորտուգալիա - Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի:


Պարոն Վ. Մխիթարյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում և հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանի և Պորտուգալիայի միջև կապերի առավել սերտացմանը:
Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը բարձր գնահատեց հիմնադրամի առաքելությունը և այն օգտաշատ աշխատանքը, որ հիմնադրամի ջանքերով իրականացվում է Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում:


Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ հիմնադրամի աջակցությամբ ժամանակին կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիմնադրամի զորակցությամբ դեռևս 1954 թվականին իրականացվեցին Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները, այնուհետև կառուցվեց Մայր Աթոռի վանատունը: Հետագա տարիներին հիմնադրամը նպաստել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը:


Հանդիպման ընթացքում Հայոց Հովվապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու առաքելության և քրիստոնեական հավատի դերի մասին հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ընդգծեց, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ է, որ հայ ժողովուրդը կարողացել է դիմագրավել իրեն բաժին հասած բոլոր փորձություններին: Ըստ Հայրապետի, այդպիսի հավատի կրող էր նաև ազգի հարազատ զավակ, բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների փոխհարաբերությունների վերաբերյալ: Հիմնադրամի պաշտոնեությունը Վեհափառ Հայրապետին հրավիրեց այցելել Պորտուգալիա:

 Ավելացնենք, որ միության ջանքերով Երեւանում անցկացվում են Պորտուգալիայի օրեր։ Այս շաբաթվա ընթացքում կցուցադրվեն պորտուգալական ֆիլմեր, պորտուգալական խոհանոցը կներկայացնի հայտնի խոհարարը, տեղի կունենա նաեւ Գալուստ Գյուլբենկյանին նվիրված անգլերեն գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը եւ  կբացվի Պորտուգալիա-Հայաստան  բարեկամության միության Հայաստանի ներկայացուցչություն։ 

 

ՕՐԵՐ