Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան» գրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում Գերմանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Հեղինակներ Ագապի Մկրտչյանը և Հելմութ Մալոնեքը (Helmuth Malonek) ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի քսան ընտրովի հեքիաթների թարգմանություններից հատվածներ։ Շնորհանդեսն ուղեկցվում էր հայ և գերմանացի մանուկների կողմից իրենց պատկերացումներով թումանյանական հեքիաթային աշխարհի նկարներով։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով բարձր գնահատեց թումանյանական հարուստ գրական ժառանգությունը և կարևորեց այն թարգմանությունների միջոցով գերմանացի ընթերցողներին մատուցումը։
Շնորհակալություն հայտնելով հեղինակներին`դեսպան ընդգծեց նաև թարգմանչական աշխատանքի էական նշանակությունը։
Երեկոյին ներկա էին հայ և գերմանացի գիտական շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, արվեստագետներ և լրագրողներ։
ՕՐԵՐ-ն արդեն գրել էր այս գրքի մասին, որը կարող եք ընթերցել հետեւյալ հղումով՝ http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/6683-tumanyan-german-book.html
ՕՐԵՐ