Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 29-ին  Շիրակի մարզի Հառիճավանքում տեղի է ունեցել ,,Հանճարի հետքերով,, խորագիրը կրող համերգ՝ մասնակցությամբ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի եւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Արմինե Գրիգորյանի։ Համերգը նվիրվել է Կոմիտասի 150-ամյակին։ 

Համերգի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմինե Պետրոսյանը.

 ,,1904 թվականը։ Կոմիտասը։ Տենդից նրա ապաքինումը Հառիճավանքում։ 34 նոր երգի գրառումը, հների զտումը։

115 տարի առաջ է եղել։

Հիմա, երբ վարդապետի անունն անգամ աղոթքի ուժ ունի, նույն այս վանքում հնչում են նրա հոգեթով երգերը։

«Ես ուխտ ունեի...գնալ հանճարի հետքերով 7-րդ դարում կառուցված Հառիճավանք, ուր 115 տարի առաջ դարմանվել, ապրել և ստեղծագործել է մեր ամենանվիրյալը՝ ԿՈՄԻՏԱՍԸ: Շնորհակալ եմ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանին, TM Production-ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանին՝ ազնիվ և անշահախնդիր մղումներով ինձ միանալու համար»․ անզուգական Հասմիկ Պապյանն է ասում:

Երկու չքնաղ, շնորհագեղ հայուհիներ՝ Հասմիկ Պապյանն ու Արմինե Գրիգորյանը, այս կերպ են ոգեկոչում Կոմիտասին։

Հուզախռով դեմքեր՝ խայտակն մանուկների, սիրուն տատիկների, ոգևորված զբոսաշրջիկների․․․ Կարմիր շապիկով տղամարդու վերացած ժպիտը, կողքիս անուշիկ օրիորդը՝ Հասմիկին ձայնակցելիս, գյումրեցի պերճախոս վարպետ Հովիկի գնահատականը՝ էս երաժշտությունը ապրեցնող է, բարիացնող է, բարիացնող հոգեվիճակ է...

Ինչպես 115 տարի առաջ, այսօր էլ Հառիճավանքի սյան մոտ երիտասարդ հոգևորական է կանգնած։ Զմայլանքի մեջ է՝ վայելում է պաշտելի Կոմիտասի երգերը աննման Հասմիկ Պապյանի կատարմամբ։ Արցունքի մաքուր կաթիլն է աննկատ սրբում․․․ Եվ աչքերը՝ քելե՜ր-ցոլե՜ր․․․

Արայիկ Մանուկյանն ասում է՝ երբեմն ձեռքերս սահեցնում եմ Հառիճավանքի պատերով ու մտածում՝ գուցե ափս այս պահին Կոմիտասի ափատեղին է դիպում․․․

Ժամանակները կամրջվել են, մահ չկա, մոռացում չկա, միայն՝ համատարած երջանկություն ու խնկարկում։

Շնորհավոր օրհնյալ ծնունդդ, վարդապե՛տ։

Շնորհակալություն, սիրելի՛ Հասմիկ Պապյան,,:

 

orer.eu

 

 

Արմինե Գրիգորյան Կոմիտաս Հասմիկ Պապյան