Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times



Ստեփանակերտ, 27 սեպտեմբեր, 2019 - ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Կիպրոսի Ստրովոլոս քաղաքը ներկայացնող պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում:

Պատվիրակությանն ուղեկցում են ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանը, Կիպրոսի ՀՅԴ կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը և Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը:

Քաղաքապետ  Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորած պատվիրակության կազմում են քաղաքային խորհրդի անդամներ Աննա Կարիդին, Իրինի Վիոլարին, Մարիոս Հաջիվասիլուն, Մարիոս Անդրեուն և Պանայոտիս Մանոլին: Նշենք, որ Ստովոլոսը Կիպրոսի երկրորդ ամենամեծ քաղաքն է:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, պատվիրակությանը ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա հայտնեց Կիրպոսի տարբեր վարչական միավորների հետ հարաբերություններն ընդլայնելու Արցախի վճռականության մասին: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղիները:

Առավել վաղ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի ընթացքում քննարկվեց ապագա համագործակցությունը մշակութային և կրթական ոլորտներում: Ստրովոլոսի ներկայացուցիչները հանդիպեցին նաև Արցախի Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին և այցելեցին Halo Trust միջազգային ականազերծման կազմակերպություն:

Մեկնաբանելով այցը՝ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանն ասաց. «Մենք Ստրովոլոս քաղաքի պատվիրակության այցն Արցախ  համարում ենք հաջողված նախաձեռնություն: Սա տարբեր ոլորտներ ընդգրկող սերտ համագործակցության սկիզբ է, որը, հուսանք, առավել կընդլայնվի»:

Անդրադառնալով այցին՝ Եվրոպայի Հայ դատի նախագահ Գասպար Կարապետեանն այցի մասին ասաց. «Այս այցը, որը հնարավոր դարձավ Կիպրոսի մեր գործընկերների գերազանց աշխատանքի շնորհիվ, հիանալի հնարավորություն է Կիրպոսի և Արցախի միջև երկկողմանի հարաբերություններ հաստատելու համար: Ինչպես միշտ, մեր նպատակն է նոր կամուրջների ստեղծումը,  Արցախի ու Կիպրոսի հասարակությունների միջև կապերի խորացումը: Սա ևս մեկ քայլ է Արցախը՝ Ադրբեջանի պարտադրած մեկուսացումից դուրս բերելու ուղղությամբ»:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ