2011 թվականից անընդմեջ ամեն տարի գերմանական Շտուտգարտում անցկացվում են հայկական մշակույթի օրեր։ Այս տարի անգլիացի մեծ բանաստեղծ Լորդ Բայրոնի Հայաստանին տրված գնահատականը դարձել է հայկական օրերի նշանաբանը՝ «Հրաշքների երկիր է»: Ճաշակով եւ խիստ նրբանկատությամբ ընտրված ծրագիրը միտված է գերմանական հասարակությանը ներկայացնելու ոչ միայն այսօրվա հայ մշակույթի ընտրանին, այլեւ մեր մշակութային ժառանգությունը։
Հոկտեմբերի 9-25-ի ընթացքում Շտուտգարտում կներկայացվեն հայկական հոգեւոր երաժշտությունը, թատրոնն ու արվեստը, կինոն եւ նկարչությունը,տեղի կունենա գերմանա-հայկական տնտեսական ֆորում, քննարկումներ կլինեն նվիրված Հայաստանի թավշյա հեղափոխությանը։ Հատուկ ձեռնարկներ տեղի կունենան նվիրված Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին,Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին։ Ելույթներ են ունենալու հայտնի օպերային աստղեր Հասմիկ Պապյանը, Հրաչուհի Բասենցը, ՙԳեղարդ՚ երգչախումբը,դիրիժոր Ռուբեն Ղազարյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Վյուրթեմբերգի կամերային նվագախումբը,դուդուկահար Հարություն Չքոլյանը, դերասանուհի Նարինե Գրիգորյանը հանդես կգա մոնոներկայացմամբ, երգչուհի-երգահան Լիլիթ Սարգսյանը կներկայացնի իր նոր ՝ «Դեպի լույս» ձայնասկավառակը, Պրո Շամիրամ բալետային ներկայացմամբ հանդես կգան Կարինա Շիկանյանը և Արման Բալմանուկյանը (Հայաստան)։
Գերմանահայ գրող եւ թարգմանչուհի Ագապի Մկրտչյանը և Հելմութ Ռ. Մալոնեկը կներկայացնեն Հովհաննես Թումանյանի հեքիաթների գերմաներն թարգմանությունը: Լրագրող Լիզա Բերքյան-Աբրահամյանը կներկայացնի գերմաներենից հայերեն իր թարգմանությամբ 2016-ին հրատարակված «Ռայնի և Արաքսի միջև. 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գիրքը,որի հեղինակներ են Էննո Մեյերը և Արա Բերքյանը: Ծրագրեր են նախատեսված նաեւ մանուկների համար, ինչպես նաեւ հայկական խոհանոցի սիրահարների համար։ Հայկական օրերի ընթացքում տեղի կունենան նաեւ այլ միջոցառումներ, որոնք կարող են վայելել ոչ միայն գերմանացիները, այլեւ գերմանահայերը։
Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց այս փառահեղ ձեռնարկի կազմակերպիչներից,Բադեն-Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ Տեր Տիրատուր Սարդարյանը,ՙՙԱյս նախաձեռնությունն անհնար կլիներ իրականացնել, առանց Բադեն-Վյուրթեմբերգի նահանգի, Մշակույթի նախարարության,Գերմանիայում ՀՀ դեսպանության, բազմաթիվ ընկերների և աջակիցների նվիրյալ ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ առանց մեր բազմաթիվ կամավորների հանձնառության։ Հատկապես հատուկ շնորհակալություն Kärcher ընկերությանը և անձամբ Kärcher ընտանիքին, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկունՙՙ:
Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցները ծրագրին կարող են ծանոթանալ հետեւյալ հղումով. https://armenische-kulturtage-stuttgart.de/programm/
ՕՐԵՐ