Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 13-ից 15-ը Ռումինիայի Բակաու քաղաքում, Բակաուի քաղաքապետարանի հովանու ներքո, անցկացվեց «Հայաստան» հայկական փառատոնը, որը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց Միության Բակաուի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Փառատոնը նվիրված էր Ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:

Երեք օր շարունակ Բակաուի Եռագույն հրապարակում տեղի հասարակությանը և հյուրերին ներկայացվեց հայկական մշակույթը, երգն ու պարը: Փառատոնին հայկական ժողովրդական, ժամանակակից և ջազ երաժշտության կատարումներով հանդես եկան սիրված երգիչ Ժան Սմբատյանը, ինչպես նաև դուդուկի վարպետ Կոսմին Ռաֆաել Բալեանը:

Ունկնդիրներին հմայլեցին ռումինահայ հանրաճանաչ ջազմեններ Հարրի Դավիդյանի և Գաբրիել Դեդեյանի փայլուն կատարումները: Հայկական պարարվեստը ներկայացրեցին Բուխարեստի Վարդավառ, Կոնստանցայի Նաիրի և Տուլչա Բազմազան պարախմբերը:

Փառատոնը վարում էր ռումինահայ հայտնի դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը, ում ֆիլմերն, ի թիվս ռումինահայ ռեժիսորներ Արմինե Ոսկանյանի, Անդրեյ Լևոն Ինիզյանի և Անդրեյ Տեոդորեսկուի ֆիլմերի, ցուցադրվեցին փառատոնի ընթացքում:

#Ռումինիա'յում🇷🇴 #ՀՀ🇦🇲 արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Ռումինահայոց միության ղեկավարությանն ու Բակաուի մասնաճյուղի նախագահ Հակոբ Վասիլեին նման հայկական փառատոն կազմակերպելու համար` նշելով, որ հերթական առիթն է ընձեռվել տոնելու Ռումինահայոց միության 100-ամյակը։

Ողջույնի խոսքով նաև հանդես եկան Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինահայոց միության Բակաուի մասնաճյուղի նախագահը:

Փառատոնին մասնակցեցին Ռումինիայի տարբեր քաղաքներից ժամանած բազմաթիվ հայեր և ռումինացիներ։ Եռագույն հրապարակի ողջ երկայնքով գործում էին տաղավարներ, որտեղ ներկայացված էին հայերեն և հայերին առնչվող գրականություն, ձեռագործ աշխատանքներ, հայկական խմիչքներ, սուրճ, հուշանվերներ և այլ ։