Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Հայրապետանիստը կառուցվել է մեկ դար առաջ` մեծանուն Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Այսօր Վեհարանը ներկայանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսներին հարիր վսեմությամբ` բարերարությամբ գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։

Դարեր շարունակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվել է օտարների իշխանության ներքո, ինչը, նաև խորհրդային շրջանում, գրեթե անհնարին է դարձրել համայն հայության հոգեւոր կենտրոնում վայելչատես ու ընդարձակ շինությունների կերտման գործը, որոնք արտահայտությունը պետք է լինեին հանուր հայության հոգևոր կենտրոնի համբավի, պատվի ու փառքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի աշխարհահռչակ բարձր հանգամանքի: Ամենայն Հայոց կաթողիկոսների համար աշխատանքային պայմանները թեեւ հաճախ նորոգվում էին, արտաքնապես շարունակում էին մնալ անշուք ու անհամապատասխան նրա հոգևոր իշխանությանը և հեղինակությանը։

Աստծո ողորմությամբ XX դարասկզբին անվանի հայ գրողներից Ալեքսանդր Շիրվանզադեն իր մի գրությամբ հայտնում է Մատթեոս Բ. Իզմիրլյան Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանը փափագում է «Վեհափառ Հայրապետի համար կառուցանել իր ծախքով մի վայելուչ կացարան»:

1910 թ. հունիսի 6-ին ձեռամբ Մատթեոս Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվում է Վեհարանի հիմնարկեքը: Մեծատաղանդ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանը գծում է մի սքանչելի շենք՝ երկհարկանի, մեծ ու լուսավոր: Ցավոք, ոչ Մատթեոս Բ. Կաթողիկոսին, ոչ էլ Ալեքսանդր Մանթաշյանին բախտ չի վիճակվում մուտք գործելու նորակառույց Վեհարան։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվում են 1914 թ.՝ այլևս Տ. Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ժամանակ:

Դժբախտաբար, Գևորգ Ե. Հայրապետը նույնպես հնարավորություն չի ունենում ամբողջապես ավարտելու Վեհարանի շինությունը և այնտեղ հաստատվելու, քանի որ սկսվում է Առաջին աշխարհամարտը, ամիսներ անց` Հայոց Ցեղասպանությունը, հետո ծանր երկունքով ծնվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը...

Ինչպես դարերի խորքում, վերստին Մայր Աթոռն ամբողջապես ի սպաս է դրվում վիրավոր ժողովրդին և վերականգնյալ Հայրենի պետությանը: Այդ անասելի տարիներին նորակառույց Վեհարանը ծառայում է որպես զինվորական հիվանդանոց, գաղթականների ու որբերի ապաստարան: Առաջին Հանրապետության տարիներին Վեհարանը վերածվում է զորանոցի, որտեղ տեղակայվում է զինվորական հրամանատարությունը: Իսկ 1920 թ., երբ Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր՝ բռնագրավվում է նաև Վեհարանը:

Տարիներ են անցնում, աթեիստական գաղափարախոսությամբ շնչող ու ապրող Խորհրդային երկրում որոշ բարենպաստ պայմաններ են ստեղծվում:

 1957 թ., ընդառաջ Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումին, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն.Ա. Բուլգանինի կարգադրությամբ Վեհարանը վերադարձվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: 1958-1962 թթ., աջակցությամբ Մայր Աթոռի բարերարների, Վեհարանն ի ներքուստ արմատապես վերակառուցվում և գեղեցկապես նորոգվում է, սրահներն ու սենյակները կահավորվում են և զարդարվում գեղարվեստական ստեղծագործություններով: Այդ ժամանակ նաև Վեհարանի շրջակա տարածքն է պարսպապատվում ու բարեկարգվում: 1962 թ. սեպտեմբերի 30-ին երանաշնորհ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետը հանդիսավորապես մուտք է գործում Վեհարան և այլևս այն դառնում է Հայրապետանիստ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության հենց սկզբից ջանքեր են ներդրվում թե՛ հոգևորականների շարքերը համալրելու ու նոր սերունդ դաստիարակելու, և թե՛ Մայր Աթոռում ու թեմերում հոգևորականների համար պատշաճ պայմաններ ապահովելու համար։ Ընդարձակվում ու աննախադեպ կերպով բարեշինվում է Մայր Աթոռը։ Վեհարանի հիմնանորոգությունն ու ըստ մերօրյա պահանջների ընդարձակումը դառնում են ժամանակի պահանջ։ Այնուամենայնիվ, Հայոց Հայրապետը չի շտապում անդրադառնալու այդ խնդրին. Հայրապետը նախ` հոգում է Մայր Աթոռի միաբանների կեցության հարցը:

Հայ բարերարները բոլոր դարերում իրենց անուրանալի ավանդն են ներդրել հայրենիքի կառուցման ու զարգացման գործին` աջակցելով մշակութային կոթողների ու սրբավայրերի կառուցմանն ու պահպանմանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը` իբրև մեր ազգային միասնության ու ինքնության պահպանման ամուր պատվար։

Ազգային-եկեղեցական բարերար Տիար Ռիչարդ Մանուկյանի աջակցությամբ  Մայր Աթոռում կառուցվում է երկհարկանի, հսկա ու անզուգական հարմարավետությամբ օժտված միաբանական նոր շենքը: Ապա բարելավվում են Մայր Աթոռի ծառայակիցների աշխատանքային պայմանները, կառուցվում են Դիվանատունը (բարերար՝ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյան), «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը (բարերար՝ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյան), «Գարեգին Ա. » կրթական կենտրոնը (բարերար՝ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյան), Տնտեսական մասնաշենքը (բարերար՝ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոն): Հայոց Հայրապետը նաև հիմնանորոգում է Սուրբ Էջմիածնի պատմական շենքերը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը (բարերար՝ տեր և տիկին Գևորգ և Սիրվարդ Հովնանյան, կից կառուցվում է նաև Ճեմարանի հանդիսասրահը՝ բարերար տեր և տիկին Ջերարդ և Փատրիսիա Թրբանճյան), Հին վեհարանը (բարերար՝ տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյան), Խրիմյան թանգարանը (բարերար՝ տեր և տիկին Սարգիս և Ռութ Բեդևյան), Տպարանը (բարերար՝ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյան), Երեմյան շենքը (բարերար՝ տեր և տիկին Էդուարդ և Ժանետ Մարտիկյան), Սինոդի շենքը (բարերար՝ ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամ), Ղազարապատի սեղանատունը (որը վերածվում է «Ռուբեն Սևակ» թանգարանի, բարերար՝ տեր և տիկին Հովհաննես և Իրմա Չիլինկիրյան): Հոգևոր առաքելությանը զուգընթաց իրականացվող այս ու այլ մեծ ու փոքր շինարարություններից ու վերանորոգություններից հետո Վեհափառ Հայրապետը ձեռնամուխ է լինում  Վեհարանի խնդրի լուծմանը:

Տարբեր նվիրյալ հայ բարերարներ են առաջարկում իրենց աջակցությունը։ Տեղեկանալով Վեհարանի նորոգման ծրագրին՝ Կարապետյանների ընտանիքը ազգասեր ու ծառայանվեր իրենց ոգով կամենում են ամբողջապես ստանձնել Վեհարանի նորոգության ծրագիրը:

Տիար Սամվել Կարապետյանի անունը կապվում է թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս մեծածավալ բարեգործությունների հետ` ի շահ հայ ժողովրդի ու ի պահպանություն նրա պատմական ժառանգության։ Այս ամենի մեջ թերևս առանձնանում են հայ հոգևոր մշակույթի ու ժառանգության պահպանման ուղղությամբ աշխատանքները։ Վերջին քսան տարիների ընթացքում Կարապետյան ընտանիքը իր կարևոր ներդրումն է ունեցել հայ հոգևոր ժառանգության նորոգության ու նոր աղոթավայրերի կառուցման գործում` հաճախ առանց այդ փաստերի հանրայնացման։ Բարերար ընտանիքի կողմից բարեգործական ծրագրեր են իրականացվել նաև տարբեր այլ ոլորտներում:

Տեր և տիկին Սամվել և Էթերի Կարապետյանների իշխանական բարերարությամբ 2010-2019 թթ. Վեհարանը հիմնանորոգվում ու բարեզարդվում է։

 

Վեհարանի առաջին հարկում`ձախ ուղղությամբ, տեղակայված է Հայոց Հայրապետի ընդունարանը, աշխատասենյակն ու առանձնասենյակը, ճաշասրահը, ինչպես նաև թանգարանը, որտեղ պարփակված են հայ ոսկերչության ու արծաթագործության բարձրարվեստ ստեղծագործությունները: Նույն հարկի աջ ուղղությամբ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովատեղին է, Վեհարանի աշխատակազմի գրասենյակները։

Կենտրոնական շքեղ ու լուսաճառագ սանդուղքը բարձրացնում է երկրորդ հարկ: Հենց կենտրոնական միջանցքում` երկու մուտքով բացվում է մեծ գահասրահը, իսկ աջ կողմում Մայր Աթոռի ձեռագրատունն է: Այդտեղ են նաև կաթողիկոսական գրադարանը, գողտրիկ գահասրահը, որտեղ, Նորին Սրբության կարգադրությամբ, զետեղվել է տակավին Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի օրոք պատրաստված օնիքսե հայրապետական Գահը` իր նշանակներով։

Հայրապետանոցի վերին հարկաբաժնում փառահեղորեն կանգնեցվել է նաև պատմական երկու բարձրարվեստ խաչքար (Նորավանք, 1308 թ.՝ գործ Մոմիկ վարդպետի, Արցախ, 1640 թ.):

 

Վեհարանին զուգահեռ` արևմտյան կողմից, Կարապետյանների ընտանիքի բարերարությամբ կառուցվել է նաև Հանդիսությունների սրահ, որը վերերկրյա զույգ անցումով կամրջվում է Վեհարանին: Այդ լուսավետ դահլիճի լայնարձակ բեմահարթակի աջ և ձախ կողմերում փորագրվել են ազգային-եկեղեցական պատմության առանցքային զույգ իրադարձության խորհրդապատկերները`Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Սուրբ Էջմիածնի կառուցումը և 1441 թ. Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատումը։

Սրահի կամարակապ շրջափակում Կարապետյանների ազնիվ նվիրատվությամբ կերտվել է Սրբոց Հայրապետաց մատուռը, որը ծաղկվել է հայ արվեստին հարազատ գեղեցիկ զարդապատկերներով, ավետարանիչների խորհրդանշաններով, իսկ թմբուկի սյունաշարը ներկայացվել է տասներկու առաքյալների` հասակով մեկ փորագրված հարթաքանդակներով: Սքանչելի խորհրդով և մեծ պատգամով Տիրոջ աշակերտները հանդես են գալիս Հայոց Եկեղեցուն, Հայրենիքին և Ազգին մեծ ծառայություններ մատուցած հոգևոր և աշխարհիկ գործիչների դիմապատկերներով:

Վեհարանի վերանորոգության ու ընդլայնման աշխատանքներն իրենց փառահեղ լրումին հասան պարտեզի և շրջակայքի ներդաշնակ բարեզարդմամբ:

###           

 

 

 

 

 

 

 

Տեղի ունեցավ հիմնանորագված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացման արարողությունը

Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:

Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի սրտաբուխ նվիրատվությամբ:


Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Սամվել Կարապետյանը, պետական այրեր, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերար հայորդիներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակյալ նախագահ Յոախիմ Գաուկը և այլ հրավիրյալներ:


Հանդիսությունը սկսվեց նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի առջև, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Վեհարանի ողջ համալիրի օրհնության կարգը, հավարտ որի «Լուսաւորեա Երուսաղէմ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը և մեծարգո բարերար Սամվել Կարապետյանը վառեցին և մատուռի Ս. Սեղանի վրա տեղադրեցին մշտավառ կանթեղն ու աղոթքի առաջին մոմը։

 

 


Վեհարանի բացման արարողությունը շարունակվեց Վեհարանի կենտրոնական մուտքի առջև, որտեղ ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և «Տաշիր» խմբի փոխնախագահ տիար Նարեկ Կարապետյանի կատարվեց Հայրապետական օրհնության արձանագրության քարի քողազերծումը:

Այս բարեպատեհ առիթով տեղի ունեցավ նաև Վեհարանի վերաբացման կապակցությամբ թողարկված նամականիշի մարման արարողությունը։ Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և «ՀայՓոստ» ՓԲԸ տնօրեն Հայկ Ավագյանը:


Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ազգային բարերար Սամվել Կարապետյանը կտրեցին հիմնանորոգված Վեհարանի մուտքի ժապավենը, որից հետո «Հրաշափառ» շարականի ներքո բացվեցին հայրապետանիստի դռները և ներկաները Հայոց Հայրապետի առաջնորդությամբ մուտք գործեցին Վեհարան:
Նորոգյալ Վեհարանի սրահներով շրջայցից հետո ամենքը մեկտեղվեցին հանդիսությունների շքեղակառույց դահլիճում, որտեղ շարունակվեց բացման արարողությունը:
Տերունական աղոթքից և ՀՀ օրհներգից հետո ցերեկույթի մասնակիցները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության ֆիլմը Կարապետյան բարերար ընտանիքի մասին, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:


«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակյալ նախագահ Յոախիմ Գաուկ,
Սիրելի հոգևոր հայրեր, պետական այրեր և ներկաներ,
Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը բերում ամենքիդ: Այսօր բերկրալի զգացումներով համախմբվել ենք հայոց հոգևոր կենտրոնում՝ հիմնանորոգված Վեհարանի, նորակառույց Սրբոց Հայրապետաց մատրան և հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությանը:
Նոր Վեհարանի՝ պատմական այս շենքի նորոգությունը և համալիր կառուցապատումը նշանակալի իրադարձություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հավատավոր մեր ժողովրդի համար: Աշխարհի բոլոր կողմերում համայն հայության հայացքը մշտապես ուղղված է դեպի աստվածակառույց Սուրբ Էջմիածինը, դեպի ակունքը իր քրիստոնեական էության ու ազգային ինքնության: Դարեր ի վեր, բոլոր ժամանակներում, անգամ՝ դաժան փորձություններին հանդիման, հայոց հոգևոր կենտրոնը վերակառուցվել է, պահպանվել և բարեզարդվել, եղել մեր հավատավոր ժողովրդի հոգածության ու խնամքի առարկան:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինություններից յուրաքանչյուրն իր դարաշրջանի կնիքն է կրում և ունի իր կառուցման ուրույն պատմությունը՝ զարդարյալ վառ վկայություններով մեր ժողովրդի զավակների հավատո գործերի, Մայր Աթոռի հանդեպ որդիական նվիրումի և նրա առաքելությանը զորավիգ լինելու նախանձախնդրության: Նոր Վեհարանի կառուցումը սկսվել է ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի սրտաբուխ նվիրատվությամբ 1910 թվականին և տևել շուրջ հինգ տարի: Պատմական հարկադրական հանգամանքներով պայմանավորված, սակայն, տևական ժամանակ շենքը ծառայել է որպես զինվորական հոսպիտալ: Շուրջ 60 տարիներ առաջ Վազգեն Ա Հայրապետի ջանքերով այն վերադարձվել է Մայր Աթոռին և նորոգվելով ծառայել որպես հայրապետական նստավայր: Հայոց հոգևոր կենտրոնի նորոգությունն ու բարեզարդումը, արդարև, նպաստ է Հայ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, որպեսզի այն շարունակի միավորել ու համախմբել մեր ժողովրդին, զորացնել հոգևոր ու ազգային արժեքներով, շաղկապել Արարատի շուրջը տարածված իր հայրենիքին, Քրիստոսով առաջնորդության և փրկության անխախտ հույսին:
Շքեղազարդ այս իրագործումները՝ Վեհարանի վերստին նորոգությունը, Սրբոց Հայրապետաց մատրան և հանդիսությունների սրահի կառուցումը կյանքի են կոչվել ազգային մեծ բարերարներ տեր և տիկին Սամվել և Էթերի Կարապետյանների իշխանական սրտաբուխ նվիրատվությամբ: Տիար Սամվել Կարապետյանի անունը քաջ ծանոթ է մեր ժողովրդին՝ որպես հայրենասեր ու ազգանվեր անձ և մեծ բարեգործ: Բարեգործությունը նրա հոգու մղումն է, արտահայտությունն է նրա բարեպաշտ էության և անկեղծ ձգտումի՝ նպաստելու ազգի և Եկեղեցու բարօրությանն ու առաջընթացին: Այս հանձնառու ոգով նա սիրով ստանձնեց հանդիսությունների դահլիճի կառուցման հովանավորությունը: Այնուհետ տեղեկանալով Վեհարանի նորոգման ծրագրին՝ տիար Սամվել Կարապետյանը իրեն հատուկ մեծահոգությամբ կամեցավ նաև ամբողջապես ստանձնել Վեհարանի հիմնովին նորոգությունը:


Բարերարի գովարժան նախանձախնդրությամբ այսօր վայելչագեղ նորոգված է Վեհարանը իր շրջակայքով: Այսօրինակ գեղեցիկ իրագործումներով շենանում և բարեզարդվում է համայն հայության հոգևոր օրրանը՝ ի նպաստ Սուրբ Էջմիածնի առաքելության արդյունավորման: Վեհարանը, արդիական միջոցներով հագեցած հանդիսությունների սրահով, այսուհետ առավել ընդարձակ հնարավորություններով պիտի շարունակի ծառայել հոգևոր, մշակութային, կրթական, գիտական գործունեությանը մեր Սուրբ Եկեղեցու: Այս համալիրում գեղեցկորեն ներկառուցված Սրբոց Հայրապետաց մատուռը մի նոր սրբավայր պիտի լինի աղոթքի և սուրբ հայրապետների բարեխոսության հայցի՝ մեր երկրի, մեր ժողովրդի և համայն աշխարհի համար, որ պիտի բարձրանա Վեհարանի հարկի ներքո հանգրվանողների շուրթերից:


Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ ազգիս շնորհում է բարերար զավակներ, որոնց ջանքերով նորոգվում են մեր եկեղեցիները, կառուցվում նոր աղոթավայրեր, շենանում հոգևոր կյանքը: Առաջիկային ուրախությունը պիտի ունենանք ավարտված տեսնելու նաև համազգային հանգանակությամբ և բարերարների ազնիվ հանձնառությամբ իրականացվող Մայր Տաճարի նորոգությունը: Արդարև, շնորհ և օրհնություն է տերունահաստատ Սուրբ Էջմիածինը բարեզարդելը և՛ բարերարների, և՛ ջանադիր աշխատանք իրականացնողների, և՛ Հայոց Հայրապետների համար: Բարերարների երախտարժան գործունեությունը ցանկալի օրինակ է ազգիս զավակներին՝ իրենց կարողությունները, շնորհները, ունակությունները, ժամանակը ծառայեցնելու բարի գործերի, հայրենիքի, ժողովրդի և Եկեղեցու կյանքի բարեփոխմանն ու զարգացմանը: Հիրավի, հատկանշական է խոսքը, որը մշտապես որպես մաղթանք հնչում է մեր ժողովրդի շուրթերից. «Երանի, որ ունիցի յիշատակ ի Սուրբ Էջմիածին», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:


Այս ուրախալի առիթով վերստին Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում սիրելի տեր և տիկին Սամվել և Էթերի Կարապետյաններին, ազգային և եկեղեցական մեր կյանքի անդաստանում նշանակալի իրագործումների, իրենց մշտավառ հավատքի, Հայ Եկեղեցու առաքելությանը շարունակաբար սատարելու համար: Կարապետյան բարեպաշտ ընտանիքի զավակների ազգանվիրումի ու եկեղեցասիրության ոգին կրթվել է ծնողական հոգածու խնամքի և դաստիարակության ներքո հարգարժան տիար Սարգիս Կարապետյանի և հոգելույս իր սիրելի տիկնոջ`Ամալյա Կարապետյանի, ում այսօր աղոթքով ենք հիշում:
Մեր հայցն ու մաղթանքն է, որ Ամենակալն Աստված արևշատ, քաջառողջ և երջանիկ պահի Կարապետյան բարեգործ ընտանիքի բոլոր անդամներին, Ձեզ, սիրելի բարերար, պարգևի նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Ձեր գործունեության մեջ:
Գոհունակ սրտով Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում նաև ճարտարապետներին, շինարարներին և բոլոր երախտավորներին՝ իրենց ամբողջանվեր ջանքերի և գովարժան աշխատանքի համար:
Աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահպանի մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին և անսասան ու պայծառ՝ մեր Սուրբ Եկեղեցին` մշտապես առատացնելով հայրենաշեն ու եկեղեցանվեր նման իրագործումների բերկրանքը հայոց կյանքում: Թող Քրիստոս մեր Տերը հավետ շեն ու պայծառ պահի Իր հաստատած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:


Հավարտ խոսքի Նորին Սրբությունը տիար Սամվել Կարապետյանին Հայոց Եկեղեցուն մատուցած իր բացառիկ ծառայությունների բարձր գնահատանքով շնորհեց «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը: Ի հիշատակ այս իրադարձության բարերարին հանձնվեց նաև Վեհարանի թանգարանում ցուցադրվող Ոսկե Խաչի մանրակերտը:

Հիշարժան այս առիթով խոսքով հանդես եկավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


«Մեր օրերում հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում արժեհամակարգերը, ինչպես են քաղաքակրթությունները զոհաբերվում քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ աշխարհաքաղաքական շահերին, ինչպես են մարդիկ միմյանց հանդեպ դառնում անտարբեր ու օտար:
Մինչդեռ մեզ անհրաժեշտ է համախմբված ու ավելի սրտացավ լինել միմյանց հանդեպ, հայրենիքի հանդեպ, պետության հանդեպ, ազգի հանդեպ, Եկեղեցու հանդեպ, բանակի հանդեպ, մեր ազգային արժեքների հանդեպ:
Հայաստանը գտնվում է ոչ միայն քաղաքակրթությունների համախմբման, այլև՝ քաղաքակրթությունների բախման խաչմերուկում: Հայ Եկեղեցին և մեր հավատքը եղել ու մնում են մեր ազգային ինքնության խարիսխը և հենարանը», - մասնավորապես նշեց ՀՀ նախագահը:


Այնուհետև Իր սրտի խոսքը Վեհափառ Հայրապետին և ներկաներին ուղղեց Մայր Աթոռի բարերար տիար Սամվել Կարապետյանը:


«…Մեր ժողովրդի հոգևոր արժեքների պահապանը միշտ եղել է մեր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին: Եվ մեզ՝ որպես աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին ազգի համար, հավատը դարձել է գոյության հիմք, իսկ Եկեղեցին՝ աշխարհասփյուռ հայության միասնության երաշխավոր: Սա հատկապես արդիական է նաև մեր օրերում։
Էջմիածինը Հայոց Եկեղեցու սիրտն է։ Ուր էլ որ մենք՝ հայերս, լինենք, մեր սրտերն ու աղոթքներն ուղղված են դեպի Մայր Աթոռ։ Հույս ունեմ, որ վերակառուցված վեհարանը հայ ժողովրդի, մեր հոգևոր արժեքների պահպանման օջախ կդառնա: Այսուհետ այս պատերի ներքո հնարավոր կլինի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բարձրաստիճան հյուրերի ընդունել ըստ արժանվույն։ Այդ նպատակով էլ ես պնդեցի, որ նստավայրը բարեկարգվի առավելագույն շքեղությամբ», - ասաց մեծարգո բարերարը` ուրախություն հայտնելով ծրագրի իրագործման առիթով, որը կոչված է պահպանելու Հայոց Եկեղեցու ժառանգությունը հաջորդ հարյուրամյակների համար:

Հանդիսության ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան), ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Գևորգ Հակոբյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Ելույթ ունեցավ նաև «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ղեկավարությամբ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆ. Թովմաս Պողոսյանի:


Ցերեկույթը եզրափակվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո տեղի ունեցավ պաշտոնական ճաշկերույթ: