Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 17-ին նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունեց Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։ 

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։  

Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը գոհունակությամբ նշեցին, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, դրանք հարաբերություններ են ազատության և անկախության նկատմամբ առանձնահատուկ ուժեղ զգացում ունեցող ժողովուրդների միջև:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ իր այցը մեծ նպաստ կբերի երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը և խորացմանը: 

Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծեցին նաև հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրներին և ժողովուրդներին առավել մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը նշեց, որ լինելով Լատվայի հպարտ քաղաքացիներ և իրենց ներդրումը ունենալով երկրի զարգացման գործում՝ մեր հայրենակիցները միաժամանակ հանդիսանում են իրենց ազգային ինքնության կրողները և պահապանները:

ԱԳՆ ղեկավարը նախագահ Լեևիթսի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա, որոնք ուղղված են ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Դատաիրավական բարեփոխումների համատեքստում նախարար Մնացականյանը կարևորեց միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը: 

Եվրոպական միության և ԵՄ երկրների հետ գործընկերության համատեքստում՝ երկուստեք արժևորվեց Արևելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ, մեծ ներուժ պարունակող հարթակ: 

Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային զարգացումների և դրանց նկատմամբ ունեցած դիրքորոշումների շուրջ։ 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Նախագահ Լևիթսը և նախարար Մնացականյանը շեշտեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող։

 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Ռիգա մեկնարկեց Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպումով:

Զրուցակիցները դրական գնահատեցին հայ-լատվիական դինամիկ զարգացող հարաբերությունները՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության դեռևս չիրացված ներուժի լիարժեք իրացման և երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Կողմերը նշեցին, որ հայ-լատվական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման վրա և ուղենշեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը: 

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ առկա է ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ անդամ պետությունների հետ արդյունավետ համագործակցության օրակարգ, որի շարժիչ ուժը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է։ Բարձր գնահատվեց Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների մասնակցությունը։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում: 

Լատվիայի փոխվարչապետի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ 

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանին սեպտեմբերի 16-ին ընդունեց Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը Լիտվայի վարչապետին փոխանցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքերը և բարեմաղթանքները։ Վարչապետ Սկվերնելիսը և նախարար Մնացականյանը դրական գնահատեցին Հայաստանի և Լիտվայի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների և տարբեր մակարդակներում երկխոսության բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ երկուստեք առկա է պատրաստակամություն՝ պահպանելու այդ դինամիկան և առավել խորացնելու համագործակցությունը: 

Նախարար Մնացականյանը նշեց, որ իր այցը Վիլնյուս լավ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները և ուղենշելու հետագա քայլերը։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման, վերոնշյալ ոլորտներում Հայաստանի և Լիտվայի փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնմանն ու իրականացմանը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լիտվայի վարչապետին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը։ 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Լիտվայի վարչապետ Սաուլիս Սկվերնելիսը հանգամանալից մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում Լիտվայի հաստատակամ աջակցության համար։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների վրա և հույս հայտնեց, որ լիտվական կառավարությունը և առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:

 Տարածաշրջանային հարցերի համատեքստում երկուստեք ընդգծվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։

 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը՝ առանձանահատուկ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը:

 

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև փոխնախագահ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջև առկա ակտիվ երկխոսության կապակցությամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանը և Սեյմասի խոսնակ Պրանցկետիսը ընդգծեցին խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Վիկտորաս Պրանցկետիսի առաջիկա այցը Հայաստան լրացուցիչ խթան կհաղորդի խորհրդարանական երկկողմ հարաբերությունների ընդլայմանը և խորացմանը։ 

Ներկայացնելով Հայաստանի կառավարության առաջնահերթություն հանդիսացող բարեփոխումների օրակարգը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ կառավարությունը հաստատակամ է և ունի քաղաքական կամք՝ կյանքի կոչելու ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը:   

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս առնչությամբ բարձր գնահատվեց նաև Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: 

Նույն օրը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Լիտվայի Սեյմասում գործող ամենամեծ բարեկամական խմբի՝ Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուոդա Բուռոկիենեի և խմբի որոշ անդամների հետ։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների համար առաջնային ոլորտ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության, բնապահպանության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության և երկրների փորձի փոխանակման հեռանկարների շուրջ:

ԱԳ նախարարը խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

 

Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց լիտվացի իր գործընկերոջը` Լինաս Լինկևիչուսին: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը նշեց, որ Լիտվան Հայաստանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղված բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ ամուր հիմքեր ունեցող հայ-լիտվական հարաբերությունների առանցքում ընկած է փոքր երկրների համերաշխությունը և անկախության ուժեղ զգացողությունը:

Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևորվեց տարբեր հարթակներում և մակարդակներում քաղաքական երկխոսությունը: 

Որպես համագործակցության առաջնային ուղղություններ` առանձնահատուկ կարևորվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, բնապահպանական, բիոտեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի և մշակույթի ոլորտները: Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները համակարծիք էին, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում երկու երկրները ձևավորել են մեծ փորձ և ներկայումս առկա է այդ ոլորտների անմիջական դերակատարներին ներգրավվելու հարթակ ձևավորելու անհրաժեշտություն՝ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու և փորձի փոխանակման նախաձեռնություններ մշակելու համար:  

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ որպես գերակայություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը, դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Առանձնահատուկ կարևորվեց այս գործընթացում միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Լիտվայի գործընկերների պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: 

Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման շուրջ: ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցությունում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խրախուսումը և շնորհակալություն հայտնեց լիտվացի իր գործընկերոջն այդ հարցում ցուցաբերվող աջակցության համար: ԱԳ նախարարներն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության նախաձեռնությանը և վերջինիս զարգացման տեսլականին: 

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդի հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց   Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: