Սրբապատկերների հովանավորը իսպանահայ Մայիլյան ընտանիքն է
ԲԱՐԵՍԼՈՆԱ.- Սեպտեմբերի 14-ը Բարսելոնայի հայ համայնքի կյանքում նշանավորվեց կարևոր մի միջոցառմամբ: Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկերներ նվիրաբերվեցին տեղի կաթոլիկ եկեղեցուն՝ ի նշան հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամության:
Անչափ խորհրդանշական էին նաև ընտրված սրբերը՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ով լուսավորեց մեր ժողովրդին քրիստոնեական հավատքով և Սուրբ Գրիգոր Նարեկացին, ով իր աղոթքներով անգերազանցելի մնաց համաշխարհային եկեղեցու կյանքում: Շատ հետաքրքրական է, որ այս երկու սրբերի արձանները կանգնեցված են Վատիկանում, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու սիրտն է:
Պատմական էր այս օրը բարսելոնահայության կյանքում, քանի որ հայ եկեղեցու երկու կարևոր սրբերի պատկերները եկան զարդարելու Բարսելոնայում գտնվող կաթոլիկ եկեղեցու պատերը՝ դրանով մեր հավատքի երկու կարևոր սյուների բարեխոսությունը բերելով Բարսելոնայում ապրող ամեն մի հայ հավատացյալի կյանքում և ինչու չէ փոխանցելու հպարտության զգացումը հայ ինքնության:
Մայիլյան ընտանիքի հրավերով և ցանկությամբ սրբապատկերները օծվց Վատիկանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռամբ՝ համաձայն Հայ առաքելական եկեղեցու կանոնների: Մեր խորին շնորհակալությունները Մայիլյան ընտանիքին, ի մասնավորի Արման Մայիլյանին, ով իր այս նախաձեռնությամբ օտար երկրում ցույց տվեց հայ մարդու տեսակի և նրա ստեղծարար ու հոգևոր կերպարի բարձրագույն դրսևորումը:
ՍԵՓ.ԹՂԹ.
ԲԱՐՍԵԼՈՆԱ
ՕՐԵՐ