Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի փողոցը։ Փողոցի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռը։

Կառավարության ղեկավարը շրջել է Գյումրու փողոցներով, ողջունել դրսում հավաքված գյումրեցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։ Շիրազի փողոցում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գյումրու գեղագիտական կենտրոնի սաների ցուցահանդեսի, ինչպես նաև Արհեստների ու արվեստների փառատոնի շրջանակում ներկայացված աշխատանքներին։ Ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված էր 21 տաղավար։ Հաջորդ կանգառը Ռուսթավելի փողոցն էր. այստեղ վարչապետն ընտանիքի հետ այցելել է Սուրբ Նշան եկեղեցի, ունկնդրել երգեհոնի կատարումը, ապա դիտել եկեղեցու մոտ «Անի» պարային համույթի շուրջպարը։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միացել են շուրջպարին և պարել հայկական ավանդական երաժշտության հնչյունների ներքո։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «Խոսում են Գյումրվա մեծերը» խորագրով տոնական միջոցառումներին, որոնք անցկացվել են Ռուսթավելի և Վարպետաց փողոցներում։ Նիկոլ Փաշինյանը դիտել է բացօթյա թատերական մինի ներկայացումները՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում՝ «Դիմավորում է Ֆրունզը», Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում՝ «Հյուր Վարպետին» և Հովհաննես Շիրազի թանգարանում՝ «Հրավիրում է Հովհաննես Շիրազը» խորագրերի ներքո։

Այնուհետև վարչապետն ընտանիքի հետ այցելել է Ձիթողցոնց տուն-թանգարան՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, տարածված արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը ներկայացնող ցուցանմուշներին։ Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին և կոչվում է նաև Ձիթողցոնց տուն-թանգարան, քանի որ եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան եղբայրների առանձնատունը։ 

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են նաև քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում։ Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են թանգարանում ներկայացված հավաքածուին։ Այն համալրված է հայտնի մարդկանց՝ Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Լև Տոլստոյի, Վլադիմիր Լենինի, նաև խորհրդային գործիչների դիմաքանդակներով և հետմահու դիմակներով։ Ընդհանուր առմամբ ցուցադրված են հետմահու 30 դիմակներ, 13 քանդակներ։

Երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու «Գյումրու օր-2019» տոնական համերգին։

 

 

Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Պեղված իրերից են 1875 թ. շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908 թ. գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջաններն ու դանակները։ 1929 թ. Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր)։Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775թվականներին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։ Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարիսկիզբը Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, ինչի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալի շրջանը դարձավ XIX դարը, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը:Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում, ինչպես վերը նշեցինք, Ղևոնդ պատմիչի ձեռագրում։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի Լենինի անունով։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։ Այսպիսով՝սիրված քաղաքի մասին շատ կարելի է խոսել,նշենք, որ յուրաքանչյուր տարի օգոստոսի 25-ին նշվում է Գյումրու օրը: Այն կրում է «Գյումրու օր»-ը՝ խորագիրը: Ամեն տարի կապված սրա հետ կազմակերպում են տարրաբնույթ ճանաչողական ու ժամանցային միջոցառումներ, ինչպես հայերին, այնպես էլ օտարազգիներին,ծանոթացնելու քաղաքի պատմության ու մշակույթի հետ:

 

Այս տարի այն նշեց յուրովի՝ «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում վաղ առավոտից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ անցկացվեցին քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Սակայն նշենք, որ այս տարվա ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն էր: 

 

Գյումրիում «Քաղաքի օր»  տոնակատարության շրջանակում օգոստոսի 25-ին շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը:Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռներին։

 Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մի մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով։ Փողոցի նորոգման աշխատանքերը մեկնարկել էին դեռ նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով։ Նախնական որոշմամբ փողոցը սալիկապատվելու էր այնպես, ինչպես «Ռուսթավելի» փողոցը, ավելի ուշ ֆինանսական միջոցների սղության պատճառով որոշվեց փողոցը ասֆալտապատել՝ կարմիր ասֆալտով, սակայն հետագայում այդ ճոխությունից ևս հրաժարվեցին։Նշենք նաև,որ օրվա առիթով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բաց նամակ է հղել։«Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնույթն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ», ֊ գրել է նախագահը։ ֊ «Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի»:

Գարիկ Ավետիսյան