93 տարեկան հասակում օգոստոսի 2-ին Միացյալ Նահանգներում իր մահկանացուն կնքեց ամերիկահայ ճանաչված գիտնական, ցեղասպանագետ, մաթեմատիկոս, պատմաբան ու սոցիոլոգ Վահագն Տատրյանը։ Նա ծնվել էր 1926թ Ստամբուլում։ Սոցիոլոգիայի դոկտոր էր 1954 թվականից, պրոֆեսոր էր 1970 թվականից, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր՝ 1995թ.-ից, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ ՝ 1998թ.։
2006 թվականին Վահագն Տատրյանը զեկուցումով հանդես եկավ Չեխիայի սենատում անցկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովում, այնուհետեւ առանձին դասախոսությամբ ելույթ ունեցավ Կարլի համալսարանում։
Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրենն էր։ Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։
Վահագն Տատրյանը ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-1991 թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ՝ Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։ 1990-ական թթ. եղել է Հ. Ֆ. Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն։ 1991 թվականից Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրեն։ Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։ Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) գործը։
ՕՐԵՐ
Լուսանկարները՝ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի
Պրահա