Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Օգոստոսի 2-ի երեկոյան Չեխական Կրումլովի  Թագավորական ամրոցի գեղեցիկ դահլիճներից մեկում կյացավ Հայաստանի ,,Նաղաշ,, անսամբլի համերգը։  Անսամբլի երաժիշտներին էին միացել նաեւ Հարավչեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային գործիքների բաժնի երաժիշտները։  Համերգը կայացավ Չեխական Կրումլովում անցկացվող միջազգային երաշտական փառատոնի շրջանակներում։

Դիրիժորական վահանակի մոտ էր ,,Նաղաշ,, անսամբլի հիմնադիր, ամերիկահայ կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջոն Հոդյանը, ով խորությամբ տիրապետելով երաժշտությանը, լիովին կարողացավ միավորել երաժշտական երկու խմբերը։  

2015 թվականին, երբ Բեռլինում առաջին անգամ ներկա եղա ,,Նաղաշի,, համերգին, այն ժամանակ հայտնություն էր Մկրտիչ Նաղաշի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երաժշտությունն ու կատարումները։ Այս անգամ անսամբլը ներկայացրեց ,,Աքսորի երգեր,, երկրորդ ալբոմը, որը նաեւ վաճառվում էր համերգային դահլիճի նախասրահում։ Հիշեցնենք, որ երկու ալբոմների երաժշտության հեղինակը Ջոն Հոդյանն է եւ բացառապես գրված են հայ միստիկ պոետ ու հոգեւորական Մկրտիչ Նաղաշի տաղերի հիման վրա։

Անտարակույս, ,,Նաղաշի,, ելույթը Հարավչեխական ֆիլհարմոնիկի ջութակահարների ու թավջութակահարների խմբի հետ միանգամայն այլ տպավորություն թողեց։ Հզոր երաժշտական կատարումները, վոկալի ազդեցիկ ներկայությունը ամենաբարձր մակարդակով ներկայացրեց հայկական ազգայինի եւ դասականի համադրությունը, որն իրոք անսպասելի անկնկալ դարձավ դահլիճի համար։ Չեմ կարող չնշել հատկապես սոպրանոններ Հասմիկ Բաղդասարյանի, Տաթեւիկ Մովսեսյանի, ալտուհի Արփինե Տեր-Պետրոսյանի կատարյալ հուզիչ ու ազդեցիկ ձայնային երանգները, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի, ուդահար Արամայիս Նիկողոսյանի եւ հարվածային գործիքների վարպետ/ դհոլ, դումբեկ/  Տիգրան Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ֆիլհարմոնիկի առաջին ջութակահար Մարտին Տիմլի հոյակապ կատարումները։

Համերգն անցավ Չեխիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո։ Դեսպան Աշոտ Հովակիմյանը համերգից հետո բարձր գնահատեց թե՛ հայ երաժիշտների, թե՛ չեխական կողմի կատարած հիանալի աշխատանքը, որը միայն հպարտության զգացումներ է առաջացնում։  Համերգի ավարտին Ջոն Հոդյանը նույնպես շնորհակալություն հայտնելով  կազմակերպիչներից ու Հայաստանի դեսպանից, վերջինիս նվիրեց Նաղաշի վերջին ալբոմը՝ ,,Աքսորի երգերը,,։

Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ջոն Հոդյանը, աշնանը թողարկվելու է այս շարքի երրորդ ալբոմը։

Հատկանշական է, որ ,,Նաղաշ,, անսամբլի պանդխտության երգերը միավորում են հայկական ժողովրդական երգի երկրային հոգևորությունը, նոր դասական երաժշտությունը և ռոքի ու ջազի էներգիան։

 Չեսկի Կրումլովի միջազգային երաժշտական փառատոնը բացվել է հուլիսի 19-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը։ Ելույթներ կունենան չեխական եւ միջազգային երաժշտական խմբեր ու անհատ կատարողներ։ ,,Նաղաշ,, անսամբլը Չեխիա էր ժամանել Պորտուգալիայում ունեցած համերգից հետո։ Առաջիկայում համերգային ծրագրով հանդես կգան նաեւ Բելգիայում, Գերմանիայում։  

Տեղեկացնենք նաեւ, որ 2020 թվականի հունվարի 27-ին ,,Նաղաշ,, անսամբլը հանդես կգա Պրահայում։

Հակոբ Ասատրյան

Չեսկի Կրումլով- Պրահա

 

Հ.Գ. Իբրեւ հետ գրություն, ներկայացնենք 15-րդ դարի հայ բանաստեղծ, նկարիչ ու հոգեւորական Մկրտիչ Նաղաշի Վասն ունայնության աշխարհիս տաղից մի քառյակ, որը նաեւ ներառված էր անսամբլի ելույթում եւ որն այսօր էլ արդիական է, քան երբեւէ։

Երազ ու սուտ է, եղբայրք, աշխարհիս բաներն ի լման,

Ո՞ւր են թագավորք, իշխանք, պարոնայք եւ սուլթան ու խան,

Շինեցին բերդ ու քաղաք, դարպասնի ու շատ դատեցան,

Յետոյ գէմ անտէր թողին ու մտան ի հող, ի զնտան։

 

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Չեխական Կրումլովի փառատոնի