Հայտնի մտավորականի, արվեստագետի և հայրենասերի մահվան կապակցությամբ Եվրոպայի հայերի համագումարը հրապարակել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ։
Խոր վշտով տեղեկացանք, որ սույն թվի հուլիսի 28-ին Լոնդոնում իր մահկանացուն կնքեց մտավորական, արվեստագետ, երաժիշտ եւ գեղանկարիչ պրոֆեսոր Խաչատուր Փիլիկյանը:
Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակցությունն է հայտնում Խաչատուր Փիլիկյանի հարազատներին՝ Արաքսի եւ Վազգեն Փիլիկյաններին, քրոջը՝ Արսինե Աթարյանին եւ մտավորական հասարակությանը:
Պրոֆեսոր Փիլիկյանը ծնվել է 1937 թվականին Իրաքի Մուսուլ քաղաքում: Հռոմում սովորել է ճարտարապետություն, հաճախել է նույն քաղաքի գեղարվեստի ակադեմիան: Նա գեղանկարիչ էր, միեւնույն ժամանակ մեներգիչ: Ապրել է Լիբանանում, Միացյալ Նահնանգներում եւ 1978- թվականից Լոնդոնում: Լոնդոնում անցյալ տարի 2018-ին կյանքից հեռացել էր նրա բազմագիտակ, բեմադրիչ, թատերագետ եղբայրը Պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:
Փիլիկյան եղբայրները ոչ միայն հայտնի էին իրենց արվեստով եւ մտավոր լայն կարողություններով, այլ եւ իրենց անկաշառ հայրենասիրությամբ եւ մարդկային նրբագույն հատկություններով:
Եվրոպայի Հայերի Համագումարը երախտագիտությամբ է հիշում նրանց գործակցությունը եւ աջակցությունը կազմակերպության հետ:
Պրոֆեսորի ստեղծած հայտնի կտավներից է իր «Ծնունդ- Հավիտենական սեր» յուղաներկ նկարը, որը դարձավ Միջազգային ժողովուրդների երիտասարդ արվեստի մրցանակակիր, կտավը ունեցավ իր ոդիսական պատմությունը: http://www.aaeurop.com/?p=20472
Հանգիստ եւ խաղաղություն նրա հոգուն:
Եվրոպայի Հայերի Համագումար