Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հուլիսի 21-ին Holiday Inn Express Yerevan հյուրանոցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» և «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը: Այս մասին հայտնում է սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը։ 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ողջույնի խոսքը փոխանցեց հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը: «Ձեր կատարած աշխատանքի հաջողությունից է կախված օտար երկրներում ապրող հայ մարդու, մանավանդ՝ երիտասարդների մեջ ազգային ինքնագիտակցության, նկարագրի ու մշակույթի պահպանումն ու ամրապնդումը, տեղի համայնքների կյանքում հնարավորինս մեծ թվով հայերի ընդգրկումը, համահայկական ներուժի և միասնական ազգային օրակարգի ձևավորումը»,-նշված էր Զարեհ Սինանյանի խոսքում: Գլխավոր հանձնակատարը կարևորել էր նաև այն հանգամանքը, որ առաջիկա օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ամբողջությամբ լինել հայախոս միջավայրում, շփվել հայերենով, ծանոթանալ և հաղորդակից լինել Հայաստանի հասարակական ու մշակութային իրողություններին:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին Հայաստանում գտնվելու առթիվ. «Կարծում եմ՝ Հայաստանում լինելն ամենամեծ բերկրանքն է յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ անկյունում էլ նա ապրելիս լինի: Ես վստահ եմ, որ այս առիթը, որով դուք ժամանել եք հայրենիք, շատ արդյունավետ կօգտագործեք»:

 

Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հույս հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդներն իրենց հետ մի կտոր հայրենիք կտանեն համայնքներ և կփոխանցեն նաև մյուսներին: Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերադառնալ արմատներին:

 

Պաշտոնական մասին հաջորդեց «Նյուանս» ջազ-բենդի ելույթը:

 

Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացին մասնակցում է 24 երիտասարդ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների դասընթացին` 20 սփյուռքահայ Իրաքից, Իրանից, Հունաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից:

Վերապատրաստման դասընթացների գործընկերներն են Երևանի պետական համալսարանը, Պետական կառավարման ակադեմիան և World Vision կազմակերպությունը:

orer.eu