Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հուլիսի 20-ին Երևանում Ավետ Ավեսիսյան 19 հասցեի տունը  լեփ-լեցուն էր: Այստեղ էին հավաքվել արվեստագետներ, պատմաբաններ, տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝մասնակցելու այս պատմական մի միջոցառման: Թանգարանի տնօրենն է հանդիսանում Անդրանիկ Քոչարյանի ծոռը՝ 9 տարեկան Վահանիկ Քոչարյանը:

Թանգարանի բացման արարողությունը սկսվեց ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Ղևոնդ Աջամյանի տնօրհներգով ու տերունական աղոթքով, որի վերջում բոլոր ներկաներին նա հրավիրեց օրհնված հաց,աղ ու ջուր ճաշակելու:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանի տնօրեն արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյանն, ով հակիրճ ներկայացնելով սիրված լուսանկարչին,ինչի ժամանակ կարծես բոլորը պատմական էքսկուրս կատարեցին դեպի նրա արվեստի աշխարհ:

Իր ելույթն ամփոփելով նա հույս հայտնեց, որ այսուհետ բոլորը, մասնավորապես արվեստասեր հասարակությունն մոտիկից առիթ կունենա հանդիպելու Անդրանիկ Քոչարի լուսանկարչական աշխատանքների հետ,որոնք ներկայացված են նրա թանգարանում:

Իր ելույթում սիրված մտավորականի որդին՝ Վահան Քոչարը նշեց, որ թանգարանը հիմնադրվել ու ստեղծվել է բացառապես ընտանիքի անդամների միջոցով, առանց պետական աջակցության ու միջամտության:

Թանգարանի կայացման հարցում օժանդակել է միայն փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Վերջում ելույթ ունեցավ երիտասարդ լրագրող-արվեստաբան Գայանե Առաքելյանն, ով իր ելույթում արվեստագետներին, արվեստասեր հասարակությանը և երիտասարդ սերնդին կոչ արեց հաճախել թանգարան, ծանոթանալու ֆոտոլրագրության ու արվեստի հետ:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

Տեղեկանք

Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը Քոչարյան,ով առանց ջանք ու եռանդ խնայելու պահպանել է մեր երկրի լուսանկարչության արվեստը: Ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձել է: Նավում հանդիպել է Եգիպտոսից Հայաստան մեկնող Հասմիկ Զաքարյանին:

«Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Նկարահանել է մեկ մասանոց երաժշտական ֆիլմ` «Գայանե Չեբոտարյան», որն արժանացել է լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ տարվա մրցանակին: Կինոստուդիայում աշխատելու տարիներին Քոչարը ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին» և 2008 թվականին լույս տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո:1948 թվականին Երևանում բացվել է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Քոչարը եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն:Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում(1948, 1957, 1959, 1961, 1964, 1972, 1974, 1977, 1979, 1996, 2013 թթ.), Ռիգայում (1960 թ.), Լենինգրադում (1961 թ.), Մոսկվայում (1965 թ.), Լիտվայում (1980 թ.), Բուլղարիայում (1987 թ.), Ուկրաինայում (1988 թ.), Ֆրանսիայում (1995 թ.), Սալոնիկում (1996 թ., միջազգային ցուցահանդես, հայր և որդի), Լոնդոնում (1999 թ., «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի):

Քոչարը մահացել է 1984 թվականի մարտի 29-ին Երևանում: Իր կատարած աշխատանքի ու լուսանկարչության մեջ մեծ ավանդ ունենալու համար արժանացել է մի շարք մրցանակների՝ “World Press Photo”-ից մրցանակ «Իմ Սարյանը» դիմանկարի համար, Հոլանդիա, 1963 թ.“World Press Photo”-ից մրցանակ «Ռոքուել Քենթի» դիմանկարի համար, Հոլանդիա, 1965 թ.“World Press Photo”-ից մրցանակ «Կյանքը կողքով անցավ» դիմանկարի համար, Հոլանդիա, 1966 թ.“World Press Photo”-ից մրցանակ «Ռոմեո» դիմանկարի համար, Հոլանդիա, 1968 թ.“World Press Photo”-ից մրցանակ «Արմին Վեգներ. Եղեռնի հուշարձանի մոտ» լուսանկարի համար, Հոլանդիա, 1969 թ.“World Press Photo”-ից մրցանակ «Ռուբեն Մամուլյան. Հոլիվուդ-Երևան» դիմանկարի համար, Հոլանդիա, 1971 թ.“Venus” միջազգային ֆոտոմրցույթից մրցանակ «Խնձորներ» լուսանկարի համար, Լեհաստան, 1971 թ.: