Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունիսի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները ներկայացրեցին օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված համերգային ծրագիր։ Այս մասին հայտնում է Նոյյան Տապան գործակալությունը։ 

 Դիրիժոր  Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ՝ հնչել են Ջուլիո Կաչինիի, Ալեսանդրո Ստրադելլայի, Ջովաննի Պերգոլեզիի, Անտոնիո Վիվալդիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Շուբերտի, Լուիջի Լյուցիի, Ժակ Օֆենբախի, Ջակոմո Պուչինիի, Պյոտր Չայկովսկու, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի, Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

 
Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Նոյեմբերյանում՝ Բերդում, զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»:
 
Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում` Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո, Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի, Սինյավսկայայի և այլոց հետ: 1988թ. կատարել է Վերդիի «Ռեքվիեմը» Ամստերդամի «Գեբաու» դահլիճում:
 
Նրա ստեղծագործական ուղին խաչվել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնի հետ, որտեղ, դիրիժոր Ժուրայտիսի հրավերով, կատարել է Վիոլայի դերերգը` Վերդիի «Տրավիատա» օպերայում: Վոկալ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր), նաև` Մոսկվայում, ուր աշխատել է մինչ կյանքի վերջ:
 
Զբաղվել է ակտիվ համերգային գործունեությամբ, ունեցել է լայն երգացանկ, սակայն շարունակել է մնալ Մոցարտի ստեղծագործությունների կատարման մեծագույն վարպետը: Եղել է բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն, ինչի վկայությունն է ռեժիսոր Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած կերպարը:
 
1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և 1979թ.` Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010 թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
 
orer.eu