«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ռազմավարության հիմքում հաշվետվողականությունն ու թափանցիկությունն են
Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ Ազնավուրի հիշատակը։
Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների հարգելի անդամներ և ներկայացուցիչներ,
Հարգելի հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Նախ, ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որն առիթ է ստեղծում կրկին հավաքվել Հայրենիքում և քննարկել համազգային կարևորության հարցեր:
Բարի գալուստ եմ մաղթում Սփյուռքից ժամանած մեր բոլոր հայրենակիցներին:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար: Գիտեք, որ այդ տարին այդքան դյուրին չէր «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Տարվա սկզբում ստեղծվել էր մտահոգիչ վիճակ, որը համատեղ ջանքերով կարողացանք պատվով հաղթահարել և վերականգնել Հիմնադրամի բարի անունը և համբավը:
Այս իմաստով ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանին և Հիմնադրամի անձնակազմին՝ նորընտիր տնօրենի գլխավորությամբ, նաև բոլոր նրանց, ովքեր տեղերում գործեցին հստակ և շիտակ՝ իրավիճակը կարգավորելու համար:
Ավելի քան 25 տարի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելությունը՝ որպես Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միավորող բացառիկ կառույց: Այն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է այսօր և այդպիսին էլ պետք է մնա ապագայում:
2018 թվականի ընթացքում Հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների և ծավալի ընդհանուր շուրջ 100 ծրագիր, որոշ ծրագրեր դեռ շարունակվում են: Անշուշտ, իր ելույթում հիմնադրամի գործադիր տնօրենը մանրամասն կներկայացնի թե՛ անցյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքը, և թե՛ ապագա անելիքները: Որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինձ պարբերաբար զեկուցվել է այդ ամենի մասին: Սակայն հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառույց: Իսկ դրա համար պետք է կարողանալ փոխվել՝ նախ և առաջ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով, կանոնադրությամբ, անգամ հոգաբարձուների խորհրդի կազմով: Փոխվելուց պետք չէ վախենալ, հատկապես երբ աշխարհն է փոխվում շատ մեծ արագությամբ:
Հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ: Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ՝ ապագայով:
Այսինքն՝ արժևորենք անցյալում կատարված աշխատանքը և ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին, շարժվենք դեպի ապագա:
Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փոփոխություն՝ իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ հստակ ուղերձ ունենա: Եվ այդ ուղերձը հետևյալն է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» և «հայություն» նպատակակետերով:
Անցյալ տարվա մայիսին, եթե հիշում եք, Հոգաբարձուների խորհրդի նիստում նշել էի, որ Հիմնադրամի ստեղծումից ավելի քան քսան տարի անց ժամանակն է վերանայել անցած ճանապարհը, գնահատել հաջողություններն ու թերությունները: Այսինքն՝ անհրաժեշտ է նոր տեսլական և նոր գործունեության ծրագիր:
Ես ասել եմ ու այժմ էլ կրկնում եմ՝ 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել: Ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ:
Հարգելի գործընկերներ,
Անցած մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կյանքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրս ունենք մեր գնահատականը, այդուհանդերձ, գոհունակությամբ ուզումեմ արձանագրել, որ հիմնադրամի նոր ղեկավարության գործունեության արդյունքում 2018 թվականի հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20 տոկոսով: Իսկ նվիրատվությունները շարունակվեցին նաև հեռուստամարաթոնից հետո, շարունակվում են նաև այսօր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կառուցվածքը, որը հաստատվել է Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ, բարելավվել է։ Այն նպատակ ունի ավելի ճկուն դարձնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները։ Այդ գործընթացը պետք է շարունակական լինի:
Կարծում եմ նաև, որ հիմնադրամի աշխատանքներում հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավվածության աստիճանը պետք է բարձրանա, և խորհրդի անդամները հիմնադրամի դրամահավաքի հետ կապված ավելի շոշափելի և կոնկրետ գործունեություն պետք է ծավալեն։
Հիմնադրամի ավանդական ծրագրերին զուգահեռ՝ պետք է ծնվեն ու կյանքի կոչվեն նոր, այդ թվում՝ փորձնական ծրագրեր՝ ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և Սփյուռքում գործող՝ հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ:
Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու և սերտացնելու առաքելությունը: Ի վերջո, մենք հայապահպանության՝ հայոց լեզվի, ինքնության, պատմության ու արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորում է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը՝ հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ ամրացնելով հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը:
Ես հուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով ու նոր ոգևորությամբ:
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ:
Ի գործ»:
Լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Արցախի նախագահ Բակո Սահակյան
Ելույթով հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
հոգևոր հայրեր, հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ,
տարածքային մարմինների ներկայացուցիչներ, պետական այրեր,
Ողջունում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի առիթով: Կարող եմ արձանագրել, որ թերևս յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ և թերևս այդ կապն արձանագրելու համար բավական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով և այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշները, հասկանալով, որ հիմնադրամի աջակցությամբ է այդ ամենը կառուցվել, նաև բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում: Այդպիսով հասկանալի է դառնում, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել երրորդ հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենդժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին:
Ես համաձայն եմ Հանրապետության նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պետք է նորովի դիտարկենք և գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը:
Վերջերս մի քանի առիթներով, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչներից մի քանի հետաքրքիր դիտարկումներ եմ լսել, որոնք կցանկանայի կիսել ձեզ հետ: Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, երբեմն ասվում է, որ հիմնադրամի գործունեության կոնկրետ դրվագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիային: Ի՞նչ է նկատի առնվում. նկատի է առնվում այն, որ ընդհանուր առմամբ մենք ինքներս, նաև շատերն աշխարհում հայկական ներուժ ասելով հասկանում են շատ հզոր, շատ ազդեցիկ մի ուժ և դա այդպես է իրականում: Հետևաբար, ինչո՞վ է ազդել, ի՞նչ բացասական ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի իմիջի վրա:
Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք և դա իսկապես ուրախանալու առիթ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակում հանգանակվեց 15 մլն դոլար, 10 մլն դոլար, 20 մլն դոլար, 25 մլն դոլար: Դա, իհարկե, շատ կարևոր և գնահատելի է: Բայց եկեք հասկանանք, թե ինչպես է դա երևում կողքից, դրսից, ուրիշների համար: Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնեն: Գալիս են պահեր, որ հայկական ներուժի իմիջին հարվածելու համար երբեմն ինքներս ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները:
Իհարկե հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնյակ կազմակերպություններ և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում, որոնք անգնահատելի աջակցություն են ցուցաբերել, ցուցաբերում և դեռ համոզված եմ՝ կցուցաբերեն Հայաստանին և Արցախին: Բայց կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլև այն, թե ինչպես է դա երևում և ինչպես է դա պատկերվում դրսի հայացքի համար, կողքի հայացքի համար և, ի վերջո, մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ի՞նչպիսի հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցությամբ:
Կարծում եմ, ժամանակն է, որ այդ հարցերն ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք: Իհարկե հասկանալի է, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունեցել ենք խնդիրներ կոռուպցիայի հետ, կարող են չարաշահումների առանձին դեպքեր լինել, եղել են: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք և անում ենք, որ դա բացառենք, բայց դա ընդհանուր գործ է: Իհարկե, հասկանալի է, որ մենք ծրագրերի խնդիր ունենք, պետք է ծրագրերն իսկապես այնպիսին լինեն, որ ոգեշնչեն հնարավորինս շատ մարդկանց, դրանց կարևորությունը հնարավոր լինի ապացուցել, այդ ծրագրերի իրականացման հարակից էֆեկտները պետք է ավելի ազդեցիկ լինեն, որպեսզի մենք ոչ միայն ուղղակի ասֆալտապատ ճանապարհ կառուցենք, այլ տեսնենք, որ այդ ճանապարհն իր հետ բերում է զարգացում, իր հետ բերում է նոր կյանք, նոր հնարավորություններ ավելի ու ավելի շատ մարդկանց: Այս ամենը հասկանալի է և քննարկումից դուրս, բայց սրանք ավելի շատ կազմակերպչական բնույթի հարցեր են:
Փիլիսիոփայական բնույթի հարցը հետևյալն է, որ մենք որպես ազգ, որպես ժողովուրդ պետք է փոխենք վերաբերմունքն այս ողջ գործընթացի նկատմամբ: Ինչ որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն: Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին և պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ և այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպես ընտանիքում ծախսվում են փողերը տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում:
Այսինքն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի էֆեկտը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները, պետական բյուջեի դեպքում՝ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեպքում՝ գործադիր մարմինը, հոգաբարձուների խորհուրդը:
Ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ հարցն ամենևին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայությունն է, պետք է շոշափելի, շատ ավելի մեծ և շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին: Այո՛, 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, մարտահրավերներն ավելի են ահագնանում և այդ ահագնացող մարտահրավերներին հայության արձագանքը, մեր բոլորի արձագանքը պետք է լինի համարժեք, որովհետև, ի վերջո, նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ է, ժողովուրդը հավերժ է: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությանը, հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր, ամեն օր այդ հարցը պետք է լուծում ստանա այսօր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ և համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնություն, անհարժեշտ հմտություն և իմաստնություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությունն ապահովելու համար: Շնորհակալություն»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է 2018թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը։
Ժամանակին և նոր պահանջներին համընթաց «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցվածքային և մոտեցումների փոփոխություններ է իրականացնում: Հիմնադրամը ներկայացրեց իր նոր տեսլականն ու ռազմավարությունը, որի հիմքում թափանցիկ և հաշվետու գործելաոճն է։
Ռազմավարությունը նախատեսում է առավել նպատակային ու համապարփակ մոտեցումներ և հստակ գործիքներ՝ ուղղված Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքների առաջնահերթ խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։ Ռազմավարությունը նորովի է սահմանում հիմնադրամի դերն ու նշանակությունը․ այն է՝ դառնալ առաջատար համահայկական ցանց, որը մեծածավալ տվյալների բազայի և կապերի միջոցով հայությանը կմիավորի Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի կայուն զարգացման գաղափարի շուրջ՝ ապահովելով թափանցիկություն և հաշվետվողականություն ցանցի անդամների և հանրության համար:
Սա ենթադրում է Հայաստան-Արցախ-Սփյուռք ցանցային համագործակցություն՝ ի նպաստ բոլոր այն համայնքների կարիքների գնահատման և զարգացման, որտեղ հայությունն ապրում և ստեղծագործում է: Տարեկան ժողովին քննարկվեցին նաև 2019թ․-ի ծրագրերի ու հեռուստամարաթոնի հիմնական ուղղությունները, իրականացվելիք նոր ձևաչափով պիլոտային ու 2018թ․-ին կյանքի կոչված ծրագրերը։
Ներկայացվեց նաև հիմնադրամի նոր կայքը, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ հիմնադրամի թափանցիկ գործունեությանը, մասնակցել Հայաստանում և Արցախում զարգացման բազմաոլորտ ծրագրերին։ «Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ցանցային գործելաոճն ու նոր սկզբունքներն առավել նպատակամղված ու համակարգված կդարձնեն մեր համագործակցությունը։ Համահայկական ցանց դառնալով՝ հիմնադրամը կծառայի համասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի ու Արցախի համաչափ և կայուն զարգացմանը», - միջոցառմանն իր բացման խոսքում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Համայնքային կենտրոնների կառուցումից մինչև առողջապահություն և այլընտրանքային էներգետիկայի զարգացում․ 2018թ․-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 100 բազմաոլորտ ծրագիր, որի հիմքում աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ համայնքների միասնականությունը, համագործակցությունն ու զարգացումն է։ Հիմնադրամն այժմ զբաղված է իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատմամբ, ինչը կնախանշի հետագա ուղղություններն ու ծրագրերի շարունակությունը։
Հայաստանում և Արցախում առավել խոշոր ծրագրերի շրջանակում 164 բնակելի տուն և համայնքային կառույց ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով, կառուցվել է 4 մանկապարտեզ և երկու դպրոց, 1 ֆոտովոլտային կայան:
Արցախում կառուցվել է 9, վերակառուցվել՝ 10-ից ավելի տուն, կառուցվել է նաև համայնքային նշանակության 10 կենտրոն։ Նվիրատուների շնորհիվ այժմ մշտական ջուր ունի Արցախի 14 համայնք։
Առողջապահության ոլորտում իրականացվել է 419 վիրահատություն, 2600 բուժզննում։ Հիմնադրամը կյանքի է կոչել նաև սոցիալական, կրթական, գիտամշակութային, ճանապարհաշինարարական և այլ ոլորտների տասնյակ ծրագրեր։
2018թ․-ի հեռուստամարաթոնին մասնացել և հայրենիքի զարգացման գործում իր ներդրումն է ունեցել նախորդ տարվա հետ համեմատած 20%-ից ավել նվիրատու։
Սա ապացուցում է, որ հայության վստահությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանդեպ աճել է, ինչպես նաև վերահաստատում է հիմնադրամի առաքելությունը նպաստել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի համահայկան նվիրմանը և համագործակցությանը։
orer.eu